Երևան (Նորանոր) — Տորոնտոյում ծնված և մեծացած Լարա Չոլաքյանի առօրյան Երևանում ծանրաբեռնված է: 3 երեխաների մայրը որքան հոգատարությամբ զավակների խնամքն է ապահովում, նույնքան խնամքով վերաբերում է աշխատանքին, որով զբաղվում է արդեն 9 տարի: Նա «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության մարդկային ռեսուրսների վարչության պետն է:
Ամուսնու՝ Րաֆֆի Դուդաքլյանի նախաձեռնությամբ ընտանիքը 12 տարի առաջ տեղափոխվեց Հայաստան: Օտար միջավայրում մեծացած Լարան հիմա իր կյանքը չի պատկերացնում առանց Հայաստանի:
Երևանը հյուրընկալել ու լավ ապրելու հնարավորություն է տվել բոլոր այն կանադահայերին, ովքեր ձգտել են վերադառնալ հայրենիք: Շատերն այստեղ ապրում են երկար տարիներ, ու հիմա, երբ հայ ընտանիքները լքում են Հայաստանը, հայրենադարձների մոտ դա առնվազն զարմանք է առաջացնում՝ ինչպե՞ս կարող են թողնել հայրենիքն ու ապահովություն փնտրել օտար հողում: Noranor.ca-ն զրուցել է Լարա Չոլաքյանի հետ հայրենադարձության, օտար հողում ապրելու դժվարությունների և այլ հարցերի շուրջ:
Այլ երկրներում կարելի է ձեռք բերել միայն սոցիալական բարեկեցություն, բայց հոգեկան հանգստությունը, ընտանիքի ու ընկերների միջավայրը վայելելու բերկրանքը միայն կարելի է ունենալ Հայաստանում, համոզվել են Դուդաքլյան ամուսինները: Լարան հիացմունքով է խոսում ամուսնու հայրենասիրության մասին: Մինչ նրա հետ ծանոթանալը նրա համար Հայաստանը հեռավոր հայրենիք էր, որտեղ ապրելու մասին անգամ չէր մտածել, աշխատելու համար գուցե այցելեր Հայաստան:
«Ասում է՝ ժողովուրդ մը չի կարա գոյատևել, եթե իր հողի վրա չապրի: Ես որ Կանադա ծնվել, մեծացել եմ, ու իմ կյանքը եղել է շատ օտարաշունչ, ինքը շատ հեշտությամբ ինձ համոզեց, որ մեր կյանքը հայրենիքում կազմակերպենք»,– պատմում է Լարան, ով Կանադայում ապրած իր տարիները բնութագրում է որպես դժվար, երբ ստիպված է եղել օտար միջավայրում պահպանել հայեցիությունը: Ծնողները, որ հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչներ են, իրենց փորձել են հայեցի մեծացնել, այնինչ հոգեբանորեն դժվար է եղել օտարության մեջ պայքարել ինքնության պահպանման համար, ներկայացնում է կինը:
Օտարաշունչ միջավայրից վերադարձած…
«Այստեղ չկա մեկը, որ ինձ ստիպի հայերեն խոսել, ամեն ինչը հայերեն է: Մեկը չկա, որ ստիպի օտար ընկեր չունենամ, բայց Կանադայում ամենքը օտար էին, այսինքն՝ հակասական է, երբ որ քո ինքնությունը ուզում ես պահել օտար երկրի մեջ»,– համոզվել է նա:
Ամուսնու առաջարկը հոգեհարազատ էր այնքան, որ անմիջապես ընդունեց: Այն ժամանակ աշխատում էր միջազգային զարգացման ծրագրերում և հերթական ծրագիրը ներկայացրեց Հայաստանի համար: Հաջողվեց ինչպես իր, այնպես էլ ամուսնու աշխատանքը: Րաֆֆի Դուդաքլյանը աշխատանքի անցավ «Թուֆենկյան» հիմնադրամում՝ որպես գործադիր տնօրեն, իսկ ինքը` Լարան, նախ աշխատեց «Եվրասիա» հիմնադրամում՝ որպես տարածաշրջանային տնօրեն, իսկ հետո տեղափոխվեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերություն:
Աշխատասիրության շնորհիվ ամուսիններին հաջողվում է երեխաների համար սոցիալական նորմալ պայմաններ ապահովել, իսկ առաջնայինը նրանց համար Հայաստանում ապրելու ցանկությունն ու հնարավորությունն էր:
Չենք փնտրում տնտեսաան արժեքներ միայն
«Ես մի րոպե չեմ փոշմանում, որ տեղափոխվել եմ Հայաստան, որովհետև ընտանիքիս կյանքի որակը, կյանքի արժեքը, զարգացնելու հնարավորությունը փոխվել է. Հայաստանը տվել է այն, ինչ Կանադան չի տվել: Ես չեմ ասում՝ Կանադան վատ երկիր է. Կանադան տվել է տնտեսական հնարավորություններ, որ կարող է այստեղ դժվար լինի, բայց մենք չենք փնտրում տնտեսական արժեքներ միայն»,– պատմում է երիտասարդ կինը, ում ծնողները ապրում են Կանադայում: Նրանց այցելելիս էլ ձգտում է հնարավորինս շուտ վերադառնալ տուն, իսկ երբ այստեղ արդեն լսում է, որ իր գործընկերները ձգտում են լքել Հայաստանը, չի կարողանում հասկանալ նրանց որոշումը:
«Ինչու է ժողովուրդը գնում, հատկապես այն մարդիկ, ովքեր լավ եկամուտ ունեն: Չեմ խոսում աշխատանք չունեցողների մասին, այլ լավ եկամուտ ունեցող մեր գործընկերների մասին: Իրենք ասում են՝ մեր երեխաների ապագայի մասին ենք մտածում, իսկ ես հակառակն եմ տեսնում, որ էստեղ ինչ էլ որ անես, կարաս ապագան իրականացնես, կարաս հանգիստ, ապահով երեխա պահել»,– նշում է 3 զավակների մայրը, ով նախկինում որոշ թերահավատ վերաբերմունք ուներ Հայաստանի նկատմամբ:
Օրինակ առողջապահական հաստատությունների վերաբերյալ այդ թերահավատությունը պատճառ եղավ, որ իր առաջին զավակը 11 տարի առաջ ծնվեց Կանադայում: Հիմա արդեն բոլորովին այլ կարծիքի է.
«Այն ժամանակ վախեցա այստեղ ծննդաբերեմ, ասացի՝ էստեղի պայմանները կարող է լավ չլինեն, մասնագետները չկարողանան օգնել, հղի վիճակով վերադարձա Կանադա ու էնտեղ ծննդաբերեցի: Շատ փոշմանեցի, որովհետև էնտեղի մասնագետներն ավելի լավ չէին, քան մեր էստեղի մասնագետները: դրա համար մյուս երկու երեխաներս ծնվեցին այստեղ»:
Իսկ այդ երեխաների համար հիմա ապահով կյանք, հետագայում էլ ապահով ապագա է ցանկանում տեսնել, թեև ասում է՝ նրանց փոխարեն չեն որոշի, բայց քանի դեռ Հայաստանում ապրելու պայմաններ ունեն, չեն մտածի հայրենիքը լքելու մասին:
Կանադա վերադառնալ չեն ցանկանում
«Աստված չանի, որ ստիպված լինենք Կանադա վերադառնալ: Այսինքն՝ ոչ մի կոնկրետ եկամուտ չկարողանանք ապահովել, ոչ մի հնարավորություն չունենանք, որ ապրենք: Չեմ կարծում, որ էդ աստիճանի կհասնենք, որովհետև մենք աշխատասեր ենք, և ինչ էլ լինի, ձևը կգտնենք, որ այստեղ մնանք»,– համոզված է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աշխատակիցը, ով շնորհակալ է ճակատագրին նրա համար, որ հանդիպել է իր ամուսնուն ու վերադարձել Հայաստան: Եթե այդ հնարավորությունը չլիներ, չէր բացառվում, որ օտարերկրացու հետ ամուսնանար, անկեղծանում է Լարան։
«Երախտապարտ եմ, որ նա օգնեց այդ որոշումը կայացնել: Եվրոպա որ ապրել եմ, չեմ պատկերացրել կյանքս ուրիշ տեղ: Մենք ազատ էինք և հանգիստ էինք զգում: Մեր ինքնությունը զարգացել է շնորհիվ մեր հայրենիքի»,– ասում է ինքնության համար 29 տարի պայքարած կինը, ում երազանքները ևս, ամուսնու նման, հիմա միայն հայրենի հողի հետ են կապված: