Օրական հունական ընկույզի ընդամենը 14 գրամի գործածումը թույլ է տալիս ավելի քիչ քաշ հավաքել: Այսպիսի եզրակացություն են կատարել ամերիկացի գիտնականները՝ համեմատելով մոտ 150 հազար հայրենակիցների սննդակարգի մասին տվյալները, հայտնում է BMJ Nutrition, Prevention & Health-ը:
Խնդիրն այն է, որ մարդիկ տարիքին զուգահեռ ավելորդ քաշ են հավաքում, ինչը մտահոգում է ոչ միայն ամերիկացիներին, այլեւ մարդկանց ամբողջ աշխարհում: Ամերիկացի գիտնականները որոշել են պարզել, թե տարբեր տեսակի ընկույզների (նաեւ գետընկույզի, չնայած այն դասվում է լոբազգիների ընտանիքին) գործածումն ինչպես է ազդում ավելորդ քաշ հավաքելու արագության վրա:
Սնունդի հարցերով մասնագետներն այս նպատակով օգտվել են ամերիկացիների սննդակարգի վերաբերյալ 3 մեծ հետազոտությունների տվյալներից, որոնք անցկացվել են 1986-2011 թվականներին: Դրանց ընդհանուր մասնակցել է մոտ 145 հազար մարդ, որոնց մեծ մասը կանայք էին (մոտ 117 հազար): Մասնագետները վերլուծել են, թե ինչպես է փոփոխվել բոլոր մասնակիցների քաշը, ինչպես նաեւ այն, թե նրանց սննդակարգերում ինչ քանակությամբ են պարունակվել տարբեր ընկույզները (մասնավորապես՝ հունական ընկույզը, պնդուկը, հնդկական ընկույզը, գետնընկույզը եւ այլն) եւ կոնկրետ ինչ ընկույզ է պարունակվել: Գիտնականները գնահատել են նաեւ փորձարկվողների ֆիզիկական ակտիվությունը:
Պարզվել է, որ ամերիկացիները 1991-2011 թվականներին սկսել են ընկույզ ավելի շատ ուտել՝ տարբեր խմբերում օրական միջինը 2-ից 14 գրամ: Սա համընկնում էր այն փաստին, որ փորձի մասնակիցները սկսել են քաշ հավաքել ավելի դանդաղ: Ընկույզի առանձին տեսակների տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ ամենից ավելի դանդաղ են գիրացել այն մարդիկ, որոնք հունական ընկույզ են կերել: Իսկ ահա գետնընկույզի ձեթի սիրահարների հետ գործնականում ոչ մի փոփոխություն չի կատարվել՝ նրանք սրընթաց չեն նիհարել, բայց եւ չեն էլ սկսել արագորեն գիրանալ:
Հետազոտողների կարծիքով՝ մարդիկ կարող են ավելի դանդաղ գիրանալ այն պատճառով, որ ընկույզը բավականին պինդ սնունդ է: Այն ծամելու համար էներգիա շատ է ծախսվում, եւ պակաս օգտակար այլ մթերքների գործածման համար մարդն ավելի քիչ ուժ է ունենում: Դրանից բացի, ընկույզներում պարունակվող բջջանյութը ավելի երկար է մնում ստամոքսի մեջ, եւ մարդն ավելի երկար է կուշտ լինելու զգացում ունենում: Եվս մեկ պատճառ կարող է լինել այն, որ ընկույզի մանրաթելերը ստամոքսում ավելի լավ են կապվում ճարպերի հետ եւ այսպիսով դրանք ավելի շատ են օրգանիզմից դուրս բերվում: