Ներկայացնում ենք հատվածներ Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի (ՌԳԱ) ակադեմիկոս Վյաչեսլավ Իվանովի (1929-2017) հարցազրույցից, որը տեղի է ունեցել 2013 և 2015 թթ.: Հարցազրույցի հեղինակներն են Առնիս Ուլդիսը և Ուլդիս Տիռոնսը:
– Ինչպե՞ս կներկայացնեք Ձեր վերաբերմունքը Աստծուն:
– Աստված ինձ համար գերագույն սկզբի պայմանական սահմանում է, որը խթանել է կենսաբանական էվոլյուցիայի կազմակերպումը: Այսինքն, ոչ թե Աստված ուղիղ ընկալմամբ ստեղծել է մարդուն, այլ Աստված է նա, ով կազմակերպել է տիեզերքի զարգացումը, էվոլյուցիան, որ վերջում հայտնվի մարդը:
Արդյո՞ք կա հետադարձ կապ… Եթե դիմում եմ Աստծուն, սպասե՞մ պատասխանի:
Հարցը լիարժեք պատասխան չունի, սակայն կան հիպոթեզներ…
Իմ հիպոթեզը. չի բացառվում գերգիտակցության ուղղորդված ազդեցությունն առանձին մարդկանց վրա: Հնարավոր է:
Արդյո՞ք դա հետաքրքիր է գերագույն սկզբի համար: Կարծում եմ, որ Էյնշտեյնին տիեզերքի կառուցվածքի մասին ինչ-որ բան հաղորդվում էր. այլ կերպ հարաբերականության տեսության առաջացումը հնարավոր չէ պատկերացնել: Ինձ համար պարզ չէ, թե հաղորդման հեղինակը շահագրգռված եղե՞լ է, թե այդ ամենի հետ ինչ է արել Էյնշտեյնը…
Չեմ կարծում, որ ինչ-որ գերգիտակցություն վերահսկել է Էյնշտեյնին, երբ վերջինս նամակ է գրել ԱՄՆ նախագահին, որի արդյունքում միջուկային ռումբ պայթեց…
Սակայն հարաբերականության տեսության ստեղծումն ինձ թվում է վերահսկվել է:
Հետադարձ կապի բացակայությունը մեծացնում է ազատության աստիճանների թիվը:
Կարծում եմ, որ աղոթքի գաղափարը չի կարող տեղավորվել իմ հիպոթեզի սահմաններում: Հետևաբար, չեմ բացառում, որ խոսքը չափազանց զարգացած քաղաքակրթության մասին է, մի քանի կարգ բարձր մեր քաղաքարկթությունից:
Գիտաֆանտաստիկ վեպի տերմինաբանությամբ, քաղաքակրթություն է, որը գտնվում է ուրիշ տիեզերքում: Իսկ համաձայն ժամանակակից ֆիզիկայի, տիեզերքները շատ են: Եվ այդ քաղաքակրթությունը մեր տիեզերքում կարող էր կազմակերպել կենսաբանական էվոլյուցիա: Սակայն համարել, որ այդ քաղաքակրթությունը հետաքրքված է մեզնից յուրաքանչյուրով՝ չափազանցություն է:
Օրինակ, ես՝ մանուկ հասակից տարվել եմ մրջյուններով, և նրանք մեզ շա՛տ նման են: Ավելին, նյութական մշակույթի հարցում մեզնից զարգացած են. մրջնանոցները կառուցված են ավելի հնարամիտ, քան մեր քաղաքները: Մրջյուններն անցել են ավելի երկար էվոլյուցիոն ճանապարհ: Եվ եթե մարդուն այնքան էլ չեն հետաքրքրում մրջյունները, մեղուները կամ տերմիտները, որոնք երկրի վրա ապրում են ասես այլ քաղաքակրթության ներկայացուցիչներ, ապա ինչո՞ւ պետք է ընդունենք, որ այլ՝ ավելի զարգացած էակները պետք է հետաքրքրված լինեն մեզնից յուրաքանչյուրով: Էլ չեմ խոսում առավել զարգացած էակների և գերգիտակցության մասին: Այդուհանդերձ, գերգիտակցությունը պետք է հարգել:
– Իսկ Ձեզ այդ գերգիտակցականն ինչ-որ բան հաղորդե՞լ է:
– Ոչ հաճախ, բայց մի քանի անգամ եղել է:
– Կարո՞ղ եք կիսվել…
– Կարծում եմ, որ դա արվում է վիճակագրության միջոցով: Հավանաբար տարբեր երկրների յուրաքանչյուր սերնդում կան մարդիկ, որոնք ստանում են որոշակի ինֆորմացիա, սակայն դրա քիչ մասն է հասնում հասցեատիրոջը: Շատերը գտնում են, որ դա երազ էր, տեսիլք, դեն են նետում, ոմանք կարծում են, որ իրենց ուժերով հասան այդ ամենին…
Արդեն 30 տարի է ինձ անհանգստացնում է մարդկության կործանման հավանականությունը:
Պյատիգորսկու հետ չհասցրեցի հարցը պատշաճ քննարկել: Նա ինձնից լավատես էր:
Ես բավական հաճախ և հստակ տեսնում եմ վտանգը, բայց չեմ տեսնում բուն վախճանը, չեմ տեսնում ապոկալիպսիսը: Երևի չպետք է տեսնեմ: Բայց տեսնում եմ ընթացքը, տեսնում եմ, որ որոշ հեռավորության վրա կա հրեշավոր վտանգ:
– Ո՞րտեղից է այն բխում:
– Միաժամանակ մի քանի տեղից: Կենսաբանական և երկրաբանական տվյալների համաձայն, Երկրի վրա տիեզերական ազդեցությունը եղել է մոտ 5 անգամ: Գիտությունն է վկայում: Վերջին, 5-րդ անգամ բնաջնջվել են դինոզավրերը: Կենսաբանական էվոլյուցիայի ընթացքում, յուրաքանչյուր անգամ ոչնչացել է կենդանի աշխարհի 90%-ը, իսկ այն ինչ մնացել է, փոխել է իր էվոլյուցիոն ընթացքը:
Երբ դինոզավրերը վերացան, մողեսների հետագա աճը բացառվեց, և իբրև հեռահար արդյունք առաջացան կապկազգիները, հետո՝ մարդը: Մարդու առաջացումը հանելուկ է: Այս կետում բացարձակ սխալ են նրանք, ովքեր պնդում են, թե գիտությունն ու կրոնը միմյանց հակասում են:
Իրականում գիտությունը չունի ոչ մի օբյեկտիվ տվյալ այն մասին, թե ինչպես է առաջացել մարդը: Ժամանակակից գենետիկան այդ մասին ոչինչ չի հաղորդում: Ես երկար եմ այդ հարցով զբաղվել՝ ապարդյուն:
Իսկ ինչ վերաբերվում է վտանգներին, ապա հնարավոր են տիեզերական պարզունակ միջամտություններ, դե, ասենք՝ աստղակերպերը: Հնարավոր են Երկրի վրա տարատեսակ անախորժություններ, որոնցից ամենահեշտը՝ միջուկային պատերազմն է: Որ ուզում եք իմանալ, մի քանի Չերնոբիլը նույն արդյունքին կհանգեցնեն: Սովը: Աֆրիկայում սկիզբ առնող սովը արագ կարող է տարածվել… Չպետք է բացառել պայքարն այդ ամենի դեմ:
Ես անդամ եմ մի խմբի, որը ՄԱԿ-ում փորձագիտական ատյան է ներկայացնում, դեռևս 1994 թվից: Էլի կան խմբեր, որոնք այլընտրանքային ուղիներ են որոնում: 60-ականներին «Հռոմեական ակումբը» էլի նման մի գաղափար սահմանեց: Կապիցան, օրինակ՝ շատ էր մտահոգված այդ հարցով, տարբեր նամակներ էր հղում կառավարությանը: Արդյունքում, նրան թույլ տվեցին հանդես գալ ծավալուն գիտական հոդվածով: Իսկ իտալացիները հիմա զարմանում են, որ ժամանակին «Հռոմեական ակումբին» ոչ ոք լուրջ չէր վերաբերվում: Ի դեպ, նրանք ոչ մի ինֆորմացիա վերը նշված դրսից չեն ստացել. համակարգիչներով հաշվարկել են մարդկության պատմության ավարտը:
Եվ այսպես, ի՞նչն է ինձ ավելի շատ հուզում: Այն, որ մենք չենք կարող մեր կուտակած փորձը փոխանցել գալիք սերունդներին: Այդ իմաստով մեր համակարգչային քաղաքակրթությունն ահավոր է: Եթե սպառվեն էներգիայի աղբյուրները, համակարգչային ինֆորմացիան կվերանա: Եվ այդ իմաստով, մարդկության պատմության ընթացքում մեր՝ ներկայիս քաղաքակրթությունն ամենափխրունն է. չկան բուրգեր, բրուտագործական ինֆորմացիա հաղորդող առարկաներ, ժայռապատկերներ… Ի՞նչ է մնալու… գերեզմանաքարե՞ր…
– Հիշեցի մեր զրույցը մաթեմատիկոս Միշա Գրոմովի հետ: Նա ասաց. «Դե, հասկանում եք, որ մարդկությանը մնացել է գրեթե 50 տարի»:
– Լավատես է: Կարծում եմ ավելի քիչ:
– Ես էլ հարցրեցի, թե ի՞նչ ելք եք տեսնում: Ասաց, մեկ փոքրիկ հնարավորություն է մնացել, եթե մարդը փոխի իր գիտակցությունը օգտակարից դեպի հետաքրքիրը:
– Ինչն է ինձ սարսափեցնում… կա հավանականություն, որ մարդկության ինչ-որ մի հատված կփրկվի (եթե ամբողջովին չայլանդակվի և ճառագայթվի), կերկարաձգի իր գոյությունը: Կարծում եմ, որ դա արդեն տեղի ունեցել է մարդկության հետ մեկ, կամ մի քանի անգամ:
Հիմա շատ տվյալներ են կուտակվում առ այն, որ այո, իսկապես, մի քանի անգամ ուղղությունը փոխելու ճիգեր գոործադրվել են: Ավելի պարզ, հիմա պետք է փոխել հասարակության ընկալումները: Այժմյան հասարակությունը կենտրոնացած է էներգիայի (որի ծայրագույն արտահայտումը ներկայիս ռուս հասարակությունն է, որն ապրում է միայն նավթով և գազով), որպես սպառման միջոցի վրա: Հասարակությունը պետք է էներգիայից անցում կատարի ինֆորմացիային: Եվ քանի որ իրական ինֆորմացիան վտանգների մասին է, մարդը կսկսի մտածել դրա դեմ առնելու ուղղությամբ: Այս ամենի համար ժամանակ է պետք: Նշենք, որ տեխնիկական զարգացման տեմպերը գերազանցում են կազմակերպչական զարգացման տեմպերին:
– Լավ, այդ դեպքում իմաստ տեսնո՞ւմ եք, որ մարդը շարունակի գոյություն ունենալ:
– Այո՛: Ես գտնում եմ, որ մարդկությունը ունի փրկության հնարավորություն, կարող է իրական բարձունքների հասնել, եթե փոխի մտածելակերպը. անցում կատարի՝ հրաժարվելով ախմախ, անէական բաներից, որն ունի և որոնց համար պայքարում է:
– Եվ ի՞նչ նպատակ ունի թեկուզ փոխակերպված զարգացումը: Շարունակել բազմանալ, մեռնել… Ինչի՞ համար է այս ամենը:
– Տիեզերքը, ինչպես պնդում է ֆիզիկան, կրկնում եմ՝ ֆիզիկան, ոչ թե կրոնը, այնպես է ստեղծված, որ այնտեղ գոյություն ունենա մարդը: Սա անտրոպոլոգիական սկզբունք է: Եվ եթե դա այդպես է, հարց. ինչո՞ւ է տիեզերքին անհրաժեշտ մարդը: Կարծում եմ, մարդը պետք է լինի, որ հետևի տիեզերքին: Եթե մենք և այլ գիտակից էակները չլինեին, տիեզերքը զրկված կլիներ կարևոր դետալից՝ դիտողից: Իսկ դիտողը՝ ընկալող է, մեկ այլ տիեզերք է:
Տեսեք ձանձրույթի աստիճանը. անթիվ-անհամար տարրական մասնիկներ, չկա ընկալողը, գնահատողը, հոտն առնողը: Եթե նա կա, մարդը կա, իմաստ ունի այդ ամենը: Ինչպես գրում է Էրիկ Ադամսոնսը, նա կարող է հոտ քաշել, ընկալել: Ահա մեր հնարավորությունները, որոնք քիչ ենք օգտագործում: Սա ավելի շատ հիքմ է պոեզիայի և փիլիսոփայության համար, քան ֆիզիկայի:
– Զբաղվածության ի՞նչ օրինակ կարող եք մեջբերել, որով պետք է զբաղվի մարդը:
– Գիտեք, հիացել եմ այն ժողովուրդներով, որոնք ամենակարևոր զբաղմունքը համարել են պոեզիան: Գեղեցկության ընկալումը պետք է լինի մշակույթի զարգացման ամենակարևոր նպատակներից մեկը: Կառուցվածքի հարմոնիայի ճանաչումը, ընկալումը: Ինչ էլ մտածի իմ ընկեր Սաշան, միևնույն է, աշխարհում գոյություն ունի թաքնված կառուցվածք, գեղեցկություն: Եվ մարդը կարող է ճանաչել, ընկալել այդ ամենը:
Ինչո՞ւ է մեր ուղեղի մի կիսագունդը պատասխանատու լեզվի, իսկ մյուս մասը՝ երաժշտական և գեղանկարչական ընկալումների համար: Կարծում եմ, որ դա ոչ միայն անցյալի հետքն է, այլև՝ ապագայի հույսը: Հանճարեղ երաժշտություն ապագայի ուղեղը երևի դեռ կստեղծի, իսկ հիմա լուրջ զբաղմունք չի համարում…
– Ուզում եք ասել, որ պետք էր հանճարեղ երաժշտություն հորինե՞լ:
– Նաև հանճարեղ բանաստեղծություններ, կերպարվեստ:
Մեր նախնիները նկարել են քարանձավներում: Կարծում եմ, երջանիկ մարդիկ են եղել: Ապագայի խնդիրներից մեկը՝ տիեզերքի ամբողջական ճանաչումն ու ընկալումն է: Մենք անգամ չգիտենք, թե արդյո՞ք ունենք հակառակորդներ: Չափազանց կարևոր հարց է:
Խնդիրն այսպես կձևակերպեմ. եթե Տիեզերքում չկա երկրորդ քաղաքակրթություն, որը նման է մարդկային քաղաքակրթությանը, ապա գերագույն գիտակցությունը և սկիզբը մեզ փրկվելու հնարավորություն կտա: Իսկ եթե կան այլ քաղաքակրթություններ, ապա կա մրցակցության հավանականություն, և մենք կարող ենք կործանվել մրցակցության արդյունքում:
– Ի՞նչն է ամենակարևորը, որ հասկացել եք կյանքում:
– Ես հասկացել եմ ուրիշ մարդկանց կարևորությունը: Հասկացել եմ, որ ուրիշներն ավելի կարևոր են, քան ես: Կյանքը, հարաբերությունները պետք է կառուցել այդ սկզբունքի վրա: Ուրիշների, ոչ թե քո:
philologist.livejournal.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը