Իմ սերունդը մութ ու ցուրտ տարիների մասին լսել է մեծերից ու այն ժամանակները վավերագրող կադրերից: Տները ջերմացնելու նպատակով թե ինչ ջարդ ապրեցին մեր կանաչ տարածքները, ժամանակակիցները լավ են հիշում: Եվ այս ֆոնին փորձենք պատկերացնել անտառապահների ոչ միայն դժվարին, այլև պատասխանատու, անգամ շատ վտանգավոր աշխատանքը:
Ոչ բոլորն էին խիզախում ստանձնել մեր անտառների պահպանությունն ու պաշտպանությունը: Բայց անտառաշատ Լոռու մարզում կար մեկը, որը ոչ միայն Հայաստանի համար այդ դժվարին օրերին հանձն առավ դառնալ իր հայրենի հողի անտառների պաշտպանը, այլև սիրեց ու սիրահարվեց իր գործին ու աշխատեց մոտ 17 տարի: Ավելին: Այս տարի հունվարից անտառի պաշտպանության ղեկը հանձնեց աղջկան` Էմմա Գասպարյանին:
«Իմ աշխատանքների մեջ ամենալավ աշխատանքն անտառապետի աշխատանքն էր, որովհետև հետագիծ եմ թողել, ինձանից հետո բոլորը կասեն, որ Ժորա Գասպարյանը անտառ է մեզ թողել: Իսկ դա ինձ համար մեծ ուրախություն է: Եվ դա էր պատճառը, որ ասեցի շարունակելի լինի և ուրախ եմ, որ իմ աղջիկը աշխատի: Գիտեմ, որ մեր գյուղացիները հատկապես լավ են տրամադրված, անօրինական ոչ մեկն անտառ չի մտնի: Ինչ եղավ եղավ այն տարիներին: Նույնիսկ այդ ժամանակ, երբ ես մտնում էի անտառ ու տեսնում, որ անտառահատությամբ էին զբաղվում, ես ինքնս էի օգնում փայտի պարկն ուսին գցեր, բայց հիմա նման բաներ չկան»:
Թերևս անտառապահության մեր եզակի դեպքերից է գուցե նաև աննախադեպը, որ կինը անտառը պաշտպանի ոտնձգություններից և ամեն րոպե ու ժամ հսկի նրա անվտանգությունը: Կին և անծայրածիր անտառ: Իրոք, անգամ մտովի է դժվար պատկերացնել: Լսելով այդ արտառոց երևույթի մասին՝ շտապեցի Լռու մարզ` Մարգահովիտ՝ նախկին Համզաչիման։
Այցիս նպատակն անգամ չիմանալով՝ նախ սեղաններ բացվեցին մեր խմբին պատվելու համար: Մարգահովիտցիների մոտ կարգն է այդպիսին: Խոսքուզրույցը միայն իրենց առօրյա գործերից ու հոգսերից չէր. կենացներ էլ բարձրացվեցին, անտառն էլ չմոռացան․
« Բարո՜վ եք եկել մեր Համզաչիման աշխարհ»:
Եվ այսպես գանք իմ այցի գլխավոր նպատակին: Ո՞վ է Էմմա Գասպարյանը։ Հորից ժառանգելով անտառապահի աշխատանքը՝ կարողանում է գլուխ հանել թվում է թե կնոջ համար շատ հեռու այդ մասնագիտությունից: Էմման մեզ ուղեկցում է դեպի անտառ:
«Անտառի այս հատվածում սկսել ենք աշնանային աշխատանքներ: Քաղհան, անտառի մշակման աշխատանքներ ենք անում»:
Իհարկե, հոր նման խորհրդատու ունենալը մի փոքր օգնում է, սակայն հեշտ չէ շուրջօրյա աշխատանքը, ենթակա տղամարդկանց ղեկավարելը, անտառագողության դեմ պայքարը.
-Մեզ մոտ կարծրատիպ կա, որ անտառապահությունը, անտառապետը տղամարդու աշխատանք է, փաստորեն Դուք կոտրում եք այդ կարծրատիպը:
-Այո՛, բնությունը նուրբ է: Ինչ տարբերություն կի՞ն, թե՞ տղամարդ: Դժվարություններ չեմ տեսնում:
-Իսկ վախ չունե՞ք անտառ մտնելիս:
-Առայժմ, ոչ, որովհետև հորս ու աշխատակիցների հետ եմ մտնում։
Գուգարքի անտառտնտեսության Մարգահովտի անտառպետության տիրուհի Էմմա Գասպարյանը մասնագիտությամբ դեղագործ է: Երկրորդ մասնագիտությունը շատ ավելի մոտ է այժմյան գործին՝ ագրարային արտադրության տնտեսագետի ու կառավարչի որակավորում ունի: Անտառապետի հմտություններն ու գաղտնիքները իր համար բացահայտել է դեռ տարիներ առաջ՝ անտառապետ հորն օգնելիս:
«Բացի այս՝ մինչեւ աշխատանքի ընդունվելը իր հետ շրջել եմ, մասնակցել եմ ծառատնկումներին, երեկոյան ժամերին նորից իր հետ դուրս եմ եկել, հսկել եմ: Զբաղվում եմ մեղվաբուծությամբ, անասնաբուծությամբ, հողագործությամբ: Իմ առօրյան սա է: Հետո սիրում եմ ժամանակս նաև խոհանոցում անցկացնել»:
Լոռու անկրկնելի բնությունը, մաքուր օդն ու երազելու անսահման հնարավորությունները Էմմային օժտել են կնոջը հատուկ նրբությամբ ու հմայքով, թեեւ պահ է լինում, որ ժպիտն ու խստությունը միաձուլվում են։ Աշխատանքի խստապահանջ կանոնն է պահանջում:
– Ես համարում էի Ժորա Գասպարյանին խստապահանջ և կարգապահ անձնավորություն, սակայն աղջիկը տվեց անցավ իրեն:
-Ի՞նչ կասեք դուք՝ Էմմա։
-Ճիշտ է, ես շատ խստապահանջ եմ: Ինչքան բարի եմ, երկու այդքան խիստ եմ: Աշխատանքն է պահանջում: Ես անընդհատ դա եմ տեսել՝ և՛ բարություն, և՛ խստություն աշխատանքի մեջ: Նույնը փորձում եմ կատարել, որ հայրս գլուխը կախ ման չգա:
Մարգահովտի անտառպետության 9 պահաբաժինները գիտեն, որ Էմմա Գասպարյանի ղեկավարությամբ բոլոր աշխատակիցներն անցնելու են իրենց անտառներով, ու տարիների ընթացքում հայրենի հարազատ շենը է՛լ ավելի է ծաղկելու և անտառապատվելու է։ Գիտեն, որ իրենց անտառներն ապահով են այնքան ժամանակ, քանի դեռ պաշտպանության ու պահպանության գործը հայր ու դուստր Գասպարյանների նման մարդկանց ձեռքում է:
Ավելի մանրամասն՝ armradio.am