«Հոկտեմբերի 29-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախաձեռնությամբ կբացվի «Ուսուցիչը» խորագրով համատեղ ժամանակավոր ցուցադրությունը: Ո՞վ է եղել Կոմիտասը որպես ուսուցիչ և ինչպիսի՞ սաներ է կրթել վարդապետը:
«Ամենաերևելի ձեռնարկներից մեկն է, որ տարվա ընթացքում ծրագրվել և պետք է իրականացվի: Ցուցահանդեսը խորագրել ենք «Ուսուցիչը»` նպատակ ունենալով այս անգամ ներկայացնել մանկավարժ Կոմիտասին: Նրա սաներին առնչվող մի շարք նյութեր բացմանը կցուցադրվեն առաջին անգամ: Աշակերտներ` մեկը մեկից երևելի: Կոմիտասը գիտեր նաև ընտրել սաներ, աշխատել նրանց հետ: Վահան Տեր-Առաքելյան. բարեբախտաբար, նրանից պահպանված արխիվն ու այն, ինչ մնացել է` մեր ֆոնդերում են: Փառահեղ երգիչ էր նա: Թիֆլիսի հայտնի համերգում, որ Կոմիտասը կազմակերպեց, Վահան Տեր-Առաքելյանը այնպիսի տպավորություն էր թողել, որ Հովհաննես Թումանյանը ելավ բեմ, գրկեց ու համբուրեց ճակատը: Ցուցահանդեսում առաջին պլանում են Կոմիտասի փառահեղ վաստակ ունեցած սաները»,- «ՀՀ»-ի հետ զրույցում ցուցահանդեսի մասին մանրամասներ ներկայացրեց Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:
Վարդանյանի խոսքով` Կոմիտասը ոչ միայն կարողանում էր պատրաստել, զտել, մաքրել, բյուրեղացնել հայ երաժշտությունն այլևայլ ազդեցություններից, այլ նաև մեծ վարպետությամբ կարողանում էր այդ երաժշտությունը կրողների և տարածողների «պատրաստել»: Նրանց մենք պիտի տեսնենք Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կազմակերպվելիք այս ցուցահանդեսում: «Գևորգյան ճեմարան-առաջին քայլեր», «Անվանի աշակերտներ` Վահան Տեր-Առաքելյան, Սպիրիդոն Մելիքյան», «Կոմիտասի հինգ սաները», «Կոմիտասյան դպրոց՝ Մարգարիտ Բաբայան» թեմատիկ բաժիններում կներկայացվեն Գրականության և արվեստի թանգարանի, ինչպես նաև Հայաստանի ազգային արխիվի ֆոնդերի շուրջ 200 փաստաթղթեր, լուսանկարներ, անձնական իրեր, որոնց գերակշիռ մասը ցուցադրվում է առաջին անգամ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: