Լրանում էր ցեղասպանության 50-ամյակը: 50 տարի պաշտոնապես արգելված ու ամեն տարի ապրիլի 24-ին հայ մտավորականության ու երիտասարդների գաղտնի կազմակերպվող հիշատակի միջոցառումները որոշվեց բերել պաշտոնական մակարդակի:
1964թ. ՀԿԿ ԿԿ քարտուղար Յակով Զարոբյանը նամակով դիմեց ԽՄԿԿ ԿԿ-ին՝ խնդրելով թույլ տալ պետականորեն նշել ցեղասպանության 50-ամյակը: Ավելի ուշ թույլ տրվեց նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցումը: Հուշահամալիրի շինարարության պատասխանատու նշանակվեց այն ժամանակ Երևանի քաղկոմի քարտուղար Կարեն Դեմիրճյանը:
Երիտասարդ գործչի համար սա առաջին փորձությունն էր, որը նաև մեկնարկ դարձավ նրա հետագա գործունեության համար:
Եղեռնի զոհերի հուշահամալիրին հաջորդեցին Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենը, Հայկական ատոմակայանը, Մարզահամերգային համալիրը, Արփա-Սևան ջրատարը:
Մետրոպոլիտենի շինարարությունը
1960-ական թվականներին Երևանն արագ աճող բնակչությամբ արդյունաբերական քաղաք էր: Վերգետնյա տրանսպորտը քաղաքին դժվարությամբ էր բավարարում: Կարեն Դեմիրճյանը համարձակ որոշում կայացրեց` խորհրդային իշխանություններին համոզել Երևանում մետրո կառուցել:
Բայց դրա համար կային անհաղթահարելի թվացող խոչընդոտներ. քաղաքը չուներ 1 միլիոն բնակչություն, երթևեկությունն էլ առերևույթ անհրաժեշտ չափով ծանրաբեռնված չէր:
Կարեն Դեմիրճյանին հաջողվեց քաղաքի բնակչությունը հասցնել 1 մլն-ի, իսկ երևանյան երթևեկությունը դիտարկելու համար Մոսկվայից գործուղված մասնագետներն իրենց փորձով զգացին մետրոյի անհրաժեշտությունը:
Քաղաքային իշխանությունները պետավտոտեսչության աշխատակիցներին նախապես տեղեկացնում էին, թե որ հատվածներով են այդ օրը դիտարկումներ անելու մոսկվացի հյուրերը: Ավտոտեսուչներն էլ քաղաքի ամբողջ տրանսպորտն ուղղում էին այդ կողմ: Արդյունքում Երևանի տրանսպորտի գերծանրաբեռնվածությունն արձանագրած մասնագետները դրական եզրակացություն տվեցին:
Երևանյան մետրոպոլիտենի շինարարությունից հետո Կարեն Դեմիրճյանը նախաձեռնեց մեկ այլ մեծամասշտաբ նախագիծ: 1975 թվականին Հայաստանի կառավարությունը դիմեց Մոսկվային՝ Մարզահամերգային համալիր կառուցելու թույլտվություն ստանալու համար:
Մարզահամերգային համալիր
Ամբողջությամբ՝ m.armeniasputnik.am