Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի առաջատար դերասաններ Արման Նավասարդյանը, Սերգեյ Թովմասյանը, Նարեկ Բաղդասարյանն ու Վարշամ Գևորգյանը վարպետի ծննդյան իննսունամյակի կապակցությամբ թատերական մոտեցումներով ընթերցեցին Սոս Սարգսյանի «Ոտնամաններս» ստեղծագործությունը:
Թատրոնի և կինոյի մեծ վարպետ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին նվիրված միջոցառումը տեղի ունեցավ նոյեմբերի 5-ին Հայաստանի ազգային գրադարանում:
Թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Ոտնամաններս» ստեղծագործությունը Սարգսյանը գրել է կյանքի վերջին տարիներին: Նա նշեց, որ ինքնակենսագրական գործում նման տողեր կան. «Չգիտեմ` ինչու հիմա գրեցի սա: Հավանաբար, հիմա էր պետք»: «Սոս Սարգսյանի յուրահատուկ ձեռագիրն արտահայտվում է ինչպես նրա, այնպես էլ նոր բեմադրած ներկայացումներում: Վարպետը մեզ է թողել իր միտքը, իր հոգին, խորհուրդները»,-ընդգծեց Ղազարյանը:
Դերասան Սերգեյ Թովմասյանը հիշեց, որ Համազգային թատրոնում է 2002 թվականից: «Սոս Սարգսյանից շատ բան եմ սովորել: Նա մեծ հայրենասիրություն է սերմանել: Չեմ կարծում, որ հայրենասիրությունը պետք է արտահայտվի պատերազմով, կռվով կամ զենքով: 1990-ականների պատերազմական տարիներին, երբ երկրի թատրոններում պարապուրդ էր, Սարգսյանը նոր թատրոն բացեց` իր համախոհների, գաղափարակիցների հետ ձգտելով պահպանել մեր մշակույթը: Թատրոնը մեծ հաջողություններ ունեցավ ինչպես Հայաստանում, այնպես էլ` սփյուռքում: Շատ ափսոսում ենք, որ նա մեր կողքին չէ, բայց Սարգսյանի շունչը, ոգին զգում ենք մինչ օրս. ասես վերևից մեծ ուժ ուղղորդում է մեզ»,-խոստովանեց դերասանը:
Միջոցառմանը զուգահեռ գրադարանի փոքր ցուցասրահում ցուցադրվեցին Սոս Սարգսյանի գրական ստեղծագործությունները, լուսանկարները, նրա մասին գրված գրքերն ու մամուլի հրապարակումները:
Հայաստանի ազգային գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչ Սյուզան Չիչակյանն ասաց, որ ցանկացել են բեմի և կինոյի մեծ վարպետին ներկայացնել, որպես գրողի:
«Ցուցադրել ենք Սարգսյանի հեղինակած գրքերը, նրա մասին գործերը, ամսագրերում տեղ գտած հոդվածները, որոնք պահվում են գրադարանի արխիվում: Սարգսյանը եղել է մեր լավ բարեկամն ու հավատարիմ ընթերցողը: Նա հաճախ է այցելել այստեղ, ուստի ներկայացրել ենք նաև նրա այցերից պահպանված լուսանկարները»,-նշեց Չիչակյանը:
Նա շեշտեց, որ Ազգային գրադարանը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ներկայությանը միջոցառումներին: «Ընթերցումներն ունկնդրելու են եկել «Արև» ընթերցասրահի թույլ տեսողություն ունեցող և կույր ընթերցողները»,-տեղեկացրեց բաժնի վարիչը: