Արշալույս Զուրաբյան. «Աղան Արծրունի»
Advertisement 1000 x 90

Արշալույս Զուրաբյան. «Աղան Արծրունի»

Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքում գրել է.

«Հին Հայաստանում մաթեմատիկական գիտելիքների զարգացման մասին են վկայում հազարամյակներ առաջ կառուցված ամրոցներն ու պալատները, տաճարներն ու ճանապարհները, կամուրջներն ու ոռոգման համակարգերը:

Կասկածից վեր է, որ հնագույն ժամանակներից երկրի ուսումնական հաստատություններում ուսումնասիրել են մաթեմատիկա ու բնագիտական առարկաներ: 5-րդ դարում Հայաստանում հայտնի էին պարզագույն կոտորակները։

Մեզ հասած հայերեն մաթեմատիկական առաջին ձեռագրերն են VII դարի գիտնական Անանիա Շիրակացու թվաբանության դասագիրքը՝ գումարման, հանման, բազմապատկման ու բաժանման աղյուսակներով, խնդրագիրքն ու խրախճանականները:

Միջնադարում թարգմանվել են հատկապես հույն հեղինակների մաթեմատիկական երկերը: Էվկլիդեսի հիմնական աշխատությունը՝ «Սկզբունքները», առաջինը հայերն են թարգմանել բնագրից:

Հայ գիտնականները, այդ թվում նաեւ մաթեմատիկոսները, իրենց ահռելի ներդրումն են ունեցել հարեւան երկրների՝ հատկապես Բյուզանդիայի գիտական կյանքում։

Մաթեմատիկայի հայերեն առաջին տպագիր դասագիրքը կոչվել է «Արհեստ համարողության» եւ լույս է տեսել 1675 թ.՝ Մարսելում:

Մեզ հայտնի առաջին հայ մաթեմատիկոսը՝ Աղան Արծրունին է (5-րդ դար)։ Նա ուրացյալ նախարար Մերուժան Արծրունու ծոռն էր (Մերուժան – Մերշապուհ – Վասակ – Աղան), հայոց նախարար Վասակ Արծրունու որդին։

Սահակ-Մաշտոցյան դպրոցի սանը ոչ միայն հրաշալի գիտեր հունարեն եւ զբաղվում էր թարգմանչական գործունեությամբ, այլեւ երկրաչափության խոր գիտակ էր։ Ըստ արաբական աղբյուրների՝ Մաշտոցի աշակերտ Աղան Արծրունին «Էվկլիդեսի 5-րդ պոստուլատի ապացուցումը» աշխատության հեղինակն է։

Ակադեմիկոս Հրաչյա Աճառյանն իր «Հայոց գրերը» աշխատության մեջ Սահակի ու Մաշտոցի 60 աշակերտների թվում 12-րդ տեղում դնում է Աղանին։

Հայտնի է, որ Աղան Արծրունին 5-րդ դարի հայ նշանավոր պատմաբան Ղազար Փարպեցու, Վարդ ու Վահան (481-484 թթ. ապստամբության ղեկավարը) Մամիկոնյանների ուսուցիչն է եղել։ Ի դեպ, գիտնականը Վահանի ու Վարդի մորեղբայրն էր։ Փարպեցին լավ է խոսել իր ուսուցչի մասին՝ նրան անվանելով «սուրբ, առաքինակրոն, հրեշտակակրոն, երանելի ու սքանչելի»։

Աղանին աշակերտել են նաեւ Աշուշա բդեշխի կինը՝ Անուշվռամը (Վազգեն բդեշխի ու Ջոջիկի մայրը) եւ Հմայակ Մամիկոնյանի կինը՝ Ձվիկ իշխանուհին (սպարապետ Վահան Մամիկոնյանի, Վարդի, Վասակի ու Արտաշեսի մայրը)։ Ձվիկն ու Անուշվռամը Աղանի քույրերն էին։

Գիտնականին հուղարկավորել են Արծրունիների ոստանում՝ Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Մեծ Աղբակ գավառի կենտրոն Հադամակերտում:

ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ՝
Մաթեմատիկայի հայերեն առաջին տպագիր դասագիրքը («Արհեստ համարողության»), Մարսել, Ֆրանսիա, 1675թ»․



Նման նյութեր