ՀՀ վարչապետի համար նոր ինքնաթիռ ձեռք բերելու որոշում չկա, նման հարց այս պահին չի քննարկվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը` հիշեցնելով, որ հարցը բարձրացվել է ԱԺ–ում` 2020թ–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում։
«Նույն հարցի քննարկման ժամանակ բարձրաձայնվեց ինքնաթիռի վրա նոր, հավելյալ սարքավորումների տեղադրման հարցը, որը, ըստ մասնագետների, կարժենար մի քանի միլիոն դոլար և, բնականաբար, կարող է լինել քննարկման առարկա, բայց մեկանգամյա ծախս անելու համար բավականին թանկ է։ Այս կոնտեքստում ես ընդամենը ասացի, որ քննարկվում է նաև նոր ինքնաթիռ գնելու հարցը, որովհետև որոշում կայացնելիս այդ որոշումը պետք է հիմնված լինի առաջին հերթին ֆինանսական երկարաժամկետ նպատակահարմարության տրամաբանության վրա, և հետևաբար կարող էր նաև քննարկման առարկա լինել նոր ինքնաթիռի գնման տարբերակը»,– ասաց Աղաջանյանը։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը չբացահայտեց պետության ղեկավարին սպասարկող ինքնաթիռի հետ կապված գաղտնիքները, բայց չթաքցրեց նաև, որ այդ ինքնաթիռի ընթացիկ ծախսերը կուտակվում ու վերջում մեծ թիվ են կազմում։
Անդրադառնալով վարչապետի` ԱՄՆ մեկնելու համար ինքնաթիռ վարձակալելու հարցին և Hetq.am պարբերականի բացահայտած փաստին, որ այն վարձակալվել է ուկրաինացի օլիգարխ պատգամավորին պատկանող ընկերությունից` Աղաջանյանը հայտնեց, որ ինքնաթիռի ընտրությունը կատարվել է լիազոր մարմնի ուսումնասիրություններից հետո վարչապետի աշխատակազմում կայացված որոշման արդյունքում։
«Մենք հստակ նպատակ էինք դրել, որպեսզի մինիմալ ծախս, այնուամենայնիվ, լինի պետբյուջեի վրա, որովհետև հաշվի առնելով, որ մեր ինքնաթիռով, հայտնի պատճառներով, այդ ուղիղ չվերթը հնարավոր չէր իրականացնել, որոշվեց ինքնաթիռ վարձակալել։ Անկեղծ ասեմ` բավական բարձր գներ էին։ Վարձակալված ինքնաթիռն իրականում բավականին փոքր էր։ Եթե չեմ սխալվում, շուկայում ամենափոքրն էր, որ կարող էր տրանսատլանտյան թռիչք իրականացնել»,– ասաց Աղաջանյանը։
Նրա խոսքով` որոշումը կայացվել է գնային տեսանկյունից։ Տարբերակներն առաջարկել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
«Իսկ թե ում կազմակերպությունն է դա եղել, թե՛ ինձ և թե՛ քաղավիացիայի կոմիտեին, վստահ եմ, հասանելի չէ։ Մենք գնային հարցում ենք արել ու այդ կազմակերպություններից մեր հարցումների պատասխաններն ենք ստացել։ Իսկ թե ովքեր են դրանց հետևում կանգնած, մեզ հասանելի չի եղել»,– ասաց Աղաջանյանը։
Վարչապետի ամերիկյանը այցը սպասարկող ինքնաթիռի ընտրությունն ու այդ ծառայության պետական գնումն իրականացվել է առանց մրցույթի, քանի որ, ըստ Աղաջանյանի, այդ հարցում անվտանգության խնդիր կար։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ էր մեկնել սեպտեմբերի 21-ին։ Լոս Անջելեսում Հայաստանի ղեկավարը հանդիպումներ է ունեցել քաղաքապետի, տեղի հայ համայնքի և հայկական կազմակերպությունների և կուսակցությունների հետ, ապա մեկնել Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին: