Լեզու
Advertisement 1000 x 90

Լեզու

«Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին։ Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ»։ Սա չի ասում լեզվաբանը, հայագետը, բանասերը, աշխատաժամերը կորցնելու մտավախություն ունեցող դասախոսը։ Այս կտակը մեզ թողնում է աստղագետ ու աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը։ Մեկ այլ մասնագիտության տեր մարդ՝ պատմաբան Լեոն, լեզուն, որի մարմնավորումն իր համար Մաշտոցն էր, համարում է ամենամեծը «մեր պատմական հերոսների մեջ»։ Ռազմական ու քաղաքական գործիչ Նժդեհը լեզվին հատկացնում է կամրջի գործառույթ՝ անցյալն ու ներկան իրար կապող միակ միջոց։

Լեզուն արտահայտում է մեր սոցիալական նույնականությունն ու հանդես գալիս որպես այդ հարաբերությունների միջնորդ։ Լեզուն մեր հոգեբանությունն ու մտածողությունն է, անձի ինքնարտահայտման ամենակարևոր գործիքը, որի միջոցով կուտակվում և փոխանցվում են նաև մշակութային արժեքները։ Լեզուն դինամիկ է, հետևաբար չի սահմանափակվում դարի կապանքներով, չի ավարտվում զանգի հնչելուն պես, ուղղագրության, կետադրության և այլնի սերտմամբ, այն դուրս է գրքային, մասնագիտական սահմաններից և ավելի քան ներկա է մեր առօրյայում։ Լեզվական վարքը որոշ չափով պայմանավորում է մեր կենսաբանական սեռը, օրինակ՝ տղամարդկանց և կանանց խոսքային դրսևորումների տարբերությունները, միևնույն երևույթը տարբեր արտահայտչամիջոցներով ներկայացնելը։

Դա է պատճառը, որ կանանց բառապաշարում մեծամասամբ առանձնանում են իգական բնորոշումներ պայմանավորող բառեր՝ մեղմասություններ, փափուկ խոսք, իսկ տղամարդկանց խոսքում երբեմն նկատելի են գռեհկաբանությունը, բառերի հայհոյախառն դրսևորումները։ Բացի կենսաբանական սեռից մեր խոսքային վարքը պայմանավորված է նաև սոցիալական կարգավիճակով, տարիքով, մասնագիտությամբ, ազգային պատկանելությամբ, էթնոհոգեբանությամբ, կրոնով և այլն։ Բայց դա չի խանգարում առօրյայում վերանայել սեփական խոսքն ու վերամշակել խոսքի տրամաբանությունը։

Լեզվի կարևորությունը հաճախ անտեսում ենք՝ այն ընկալելով իբրև սովորելու պարտադրանք ուսուցիչների, դասախոսների կողմից։ Սա, իհարկե, ունի իր բացատրությունը, քանի որ նման իրավիճակներ ստեղծվում են, և ցավոք սրտի շատ, միմիայն մանկավարժական մոտեցում չունեցող, երեխայի հոգեբանությունն անտեսող, քառակուսի, դասագրքի կազմից դուրս չեկող «մասնագետների» պատճառով, որոնք բառային առուծախից բացի ոչ մի ներքին կապ չեն ստեղծում լեզվի և լեզվակրի միջև։ Լեզվական կրթությունից անտեղյակ անհատը մուտք է գործում նոր կրթարան, որտեղ շտկումներ կատարելու փոխարեն շարունակում է կերակրվել անտարբերությամբ։

Չնայած այս ամենին, մեզնից յուրաքանչյուրը, որ ինչ-որ չափով կյանքում հետապնդում է անձնական շահը (սա տիպիկ մարդկային հատկություն է, որն անտեսել չենք կարող), պիտի նկատած լինի, որ նույնիսկ ամենափոքր ու դիպվածային իրավիճակներում լեզվական կարողությունները հիմք են ստեղծում վստահելի հարաբերությունների թե՛ անձնական, թե՛ գործանական նպատակներով։ Բացի այդ, լեզուն իր անվանակից մարմնեմասի օգնությամբ լրացնում է մնացյալ օրգան-համակարգերի բոլոր այն բացթողումները, որոնք առաջացել են սեփական պահանջներն ու ցանկությունները բարձրաձայնելու անկարողությունից։ Ուստի պետք չէ անուշադրության մատնել մի գործիք, որի ճիշտ և սխալ օգտագործման արդյունքում մենք գրանցում ենք հաջողություններ կամ վայրկենապես տապալում ամեն ինչ։

Լեզվահաղորդակցությունը խնդիրների հարթման, դիմացինի խոսքը գրագետ ընկալելու, հույսը ժեստերի լեզվի վրա չդնելու և պարզապես հասկանալի արտահայտվելու ամենակարճ ճանապարհն է։ Մեր ներսում ննջող սաղմնային մտքերը մարմին են ստանում բառային ձևակերպումների միջոցով, որոնց տերը, ըստ էության, հանդիսանում է արտաբերողը։ Այնպես որ, հոգացե՛ք ձեր կողմից կյանքի կոչված մտքերի մասին, որովհետև խոսքը խնամք է սիրում, որովհետև լեզուն այն ողնաշարն է, որի վրա հենվում է մեր ողջ գոյությունը։

Ի վերջո՝ պատմությունը ցույց է տալիս, որ հանրությունը կառավարվում է խոսքի վարպետների՝ հռետորների միջոցով, որոնք մղում են թե՛ բարի, թե՛ հրեշավոր արարքների։

medium.com



Նման նյութեր