Եթե ինչ-որ տեղ ոսկերչություն է զարգանում, կնշանակի ոսկերչական գործիքների պահանջարկ կա, հետևաբար՝ գործիքագործության զարգացման անհրաժեշտություն: Հայաստանում մի հազվագյուտ գործարան կա` «Շաբեր» անունով:
Սա չափերի ու աշխատակիցների սահմանափակությամբ հանդերձ՝ կարողանում է ստեղծել ավելի քան 500 տեսակ ճշգրիտ գործիքներ, սարքեր, որոնցից 30-40-ը սեփական գյուտեր են, խիստ հազվադեպ ու եզակի գործիքներ: Ընկերությունը գործիքներ է մատակարարում ռուսական, իտալական, անգլիական, իսրայելական և այլ հայտնի ու մեծ ոսկերչական ձեռնարկություններին, ընկերություններին ու անձանց: Ընդհանուր առմամբ 30 երկրներում ճանաչում են «Շաբերին»:
«Շաբեր» ընկերության հիմնադիր տնօրեն Լյուդվիգ Միքայելյանն էլ` արդեն 70-ն անց տղամարդ, որ իր կյանքի մեծ մասն անցկացրել է սարքեր, գործիքներ ստեղծելով ու արտադրելով, «Անկախին» պատմեց, թե ինչպես է գրվել «Շաբերի» պատմությունը. կամաց-կամաց, մաքառումների, համառության ու աշխատասիրության շնորհիվ: Հետաքրքիր պատմություն ունի նաև գործարանի անունը` «Շաբեր»:
Երբ Միքայելյանը գնում է ռեգիստր` գրանցելու գործարանը, ինչ անուն տալիս է, ասում են՝ նման անունով ձեռնարկություն կամ ընկերություն արդեն գոյություն ունի: Ու հուսահատ Միքայելյանը ակամա հարցնում է. «Իսկ «Շաբեր» անունով գրանցված ընկերություն կա՞»:
Աշխատակիցը փորձում է հետաքրքրվել, թե ի՞նչ է դա: Միքայելյանն անմիջապես պատասխանում է. «Քանի որ չգիտեք, ուրեմն հենց այդ անունն էլ գրեք»:
Շաբերը ոսկերչության մեջ հաճախակի օգտագործվող գործիքի անուն է, Լյուդվիգ Միքայելյանն ու ընկերն այդ պահին հենց ոսկերչական շաբերներ էին արտադրում: Շաբեր «Ընդհանրապես այս գաղափարը պապիցս է գալիս, որ օժտված մասնագետ է եղել (ընկերության կատալոգում ցույց է տալիս պապի, հոր, իր ու որդիների լուսանկարները): Եթե շրջանում որևէ բան չեն կարողացել սարքել՝ դիմել են Ալեքսանդր պապիս. լիներ ջրաղաց, սայլ, դուռ, կողպեք թե տեխնիկայի, երկաթի հետ կապված ցանկացած բան: Դա փոխանցվել է հորս, հորիցս` ինձ, ինձնից էլ` որդիներիս: Այդպիսին է գործարանի նախապատմությունը, սկիզբ է առել պապերից»,- ասաց Լյուդվիգ Միքայելյանը:
Ինքն անձամբ ավարտել է գյուղմեքենայացման ֆակուլտետն ու միշտ տեխնիկայի, սարքերի ու սարքավորումների սեր է ունեցել, տարբեր տեղերում աշխատել սիրած մասնագիտությամբ: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո էլ ձեռնամուխ է լինում իր գործարանը հիմնելուն` սկսելով երկու հոգով` ընկերոջ հետ ու ընդամենը մեկ հաստոցով, առանց անգամ համապատասխան տարածք ունենալու:
«Միության փլուզումից հետո, ինձ՝ որպես լավ մասնագետի, տարբեր երկրներում բավական գրավիչ պայմաններ էին առաջարկում, որպեսզի մնայի ու այնտեղ աշխատեի, բայց ես չուզեցի, ասացի՝ մեր երկիրն ինձ համար ավելի լավ է ցանկացած վիճակում: Խորհրդային Միության քանդվելուց հետո, երբ ամեն ինչ ավերվել էր, մենք եկանք այս գործարանը, ուր մենակ մետաղական սյուներն էին մնացե: Ուրիշ ոչինչ չկար, ո՛չ պատեր, ո՛չ առաստաղ: Իմ նախկին ընկերներից մեկի հետ, որի հետ աշխատել էի, սկսեցինք, երկու հոգով հիմք դրեցինք: Առաջին հաստոցը, որ գնեցինք ու դրեցինք, կարծես բաց դաշտում լիներ: Ձյութ էինք վառում, ձեռքներս տաքացնում, որպեսզի կարողանայինք այդ հաստոցի վրա աշխատել, ձեռքներս չկպչեր երկաթին: Սկսեցինք մեր ամբողջ եկամուտները ներդնել, կառուցել, նոր տարածքներ դարձնել արտադրամաս ու աստիճանաբար ոտքի կանգնեցնել մեր գործարանը»,- հիշում է ընկերության հիմնադիրը:
Այսօր աշխարհի ուրիշ որևէ երկրի որևէ գործարան չկա, որ այդքան տեսականի արտադրի ու նման որակով, ինչ «Շաբեր» գործարանը: Միքայելյանի խոսքով` նմանատիպ գործարան հայոց պատմության մեջ չի եղել: «Շաբերն» առաջինն է, ու հիմա գործարանը մրցակից չունի ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Միքայելյանը ոսկերչության գործիքաշինության ոլորտում նորույթ համարվող գյուտերի հեղինակ է նաև, որոնք, օրինակ, Մեծ Բրիտանիայում էլ են ճանաչման և ընդունելության արժանացել:
«Ես մի առիթով նախագահին էլ ասացի` այսօր Թուրքիայից օճառ են ներմուծում ու դառնում են «հերոս»… Ես 50 տարի այս ոլորտում աշխատում եմ, այսքան տարի` անկախ Հայաստանում, այսքան աշխատատեղ եմ ստեղծել ու պահում»,- նշում է ընկերության տնօրենը: Այնուհետև գործարանում աշխատողների թիվն ավելացել ու հասել է 30-ի, որոնց մեծ մասը եղել են մեծահասակներ: Այսօր երիտասարդ խառատ կամ փականագործ կամ նման այլ մասնագիտության տեր մարդ դժվար է գտնել: Ու արդեն 20 տարուց ավելի է՝ գործարանի տնօրինությունը յուրաքանչյուր ամիս` նույն օրը, բոլոր աշխատակիցների աշխատավարձերը կանոնավոր վճարում է, թեկուզ պարտքով կամ այլ միջոցով գումարներ հայթայթելով ու գտնելով: Ավելին` աշխատակիցների ընդմիջման ճաշն ու սուրճն էլ է գործարանը տալիս` հոգալով այդ ծախսը նույնպես:
«Բոլորին ասել եմ` ուրիշների հետ գործ չունենք, մենք մտածող մարդիկ ենք, մենք չպետք է նայենք, թե ով ինչ է անում: Եկեք մեր խելքով ստեղծենք մեր օազիսը, ոչ մի տեղից ո՛չ գումար ենք խնդրել, ո՛չ աջակցություն ենք ստացել, աշխատել ենք անդադար, պատահել է` 12 ժամ, պատահել է` 24 ժամ ենք աշխատել, որպեսզի ստեղծենք, մեզ ճանաչեն և ունենանք պատվիրատուներ: Այսօր հսկա Ռուսաստանը մեզ պես գործարան չունի. շատ մեծ ու հզոր գործարաններ ունի, բայց մեր տիպի, որ ոսկերչական գործիքներ ու մեքենաներ արտադրի՝ այսքան լայն սպեկտրի արտադրատեսակներով, չունի»,- ասաց Լյուդվիգ Միքայելյանը` հավելելով, որ թեկուզ իրենց գործարանն իսկապես մրցակից չունի, բայց Հայաստանում նման արտադրություն պահելը լուրջ խնդիրների հետ է կապված, քանի որ շուկան շատ փոքր է, պետք է անպայման դուրս գալ արտաքին շուկաներ` դրա հետ կապված բոլոր խնդիրներով ու դժվարություններով հանդերձ:
Այսօր ընկերությունն իր արտադրած գործիքներն ու մեքենաները արտահանում է Իսրայել, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Չինաստան, Թուրքիա… Բայց այս ամենով հանդերձ, ինչպես նշում է Միքայելյանը, այսօր արտադրողը Հայաստանում անտեսված է, տեղ չունի: «Մեկ էլ տեսար` հարկայինի՝ ջիփերով, հաստավիզ աշխատողները գալիս են ու սկսում, թե՝ քեզ ստուգում ենք: Ասում եմ` ի՞նչն ես ստուգում, 70 տարեկան մարդիկ ենք, դուք մեզ այսօր թոշակ պետք է տաք, բայց հակառակը` մենք ենք ձեզ փող տալիս, որ դուք աշխատավարձ ստանաք, որ ձեր երեխաները դպրոց գնան, դուք եկել, մեր ի՞նչն եք ստուգում: Ինչ է, ես շաքարավազ կամ այլ բա՞ն եմ վաճառում, որ եկել ես: 14 ժամ հաստոցի մոտ եմ, ի՞նչը պետք է վաճառեմ ու թաքցնեմ, որ եկել, ինձ ստուգում ես: Այսպիսի խնդիրներ կան, շատ դժվար է իհարկե, շատ դժվարությունների ենք հանդիպում, բայց մեր ջանասիրությամբ, համառությամբ փորձում ենք լուծել բոլոր խնդիրները: Մեզ մոտ այնպես է եղել, որ եթե մի բան չէր ստացվում, մեր համառությունը կրկնապատկում էինք, եթե էլի չէր ստացվում՝ քառապատկում էինք, ու այդպես համառությամբ պահպանեցինք այս գործարանը»,- ասում է Միքայելյանը ու շեշտում՝ այսօր երեք տասնյակից ավելի երկրներում ճանաչում են «Շաբերին», նամակներ են գրում, պատվերներ են տալիս:
Փաստորեն, այս ամենին Լյուդվիգ Միքայելյանը որդիների հետ հասել է համառության ու նվիրումի շնորհիվ: Նա պատմեց, որ գիշերներ են անքուն լուսացրել՝ որևէ խնդրի լուծում փնտրելով: Եվ եթե Սովետի ժամանակ արձակուրդ էր ունենում, մեկնում էր հանգստանալու, ապա սեփական գործը սկսելուց հետո երբեք այդքան ազատ ժամանակ չի ունեցել, որ կարողանա նորմալ հանգստանա: Բիզնեսում հաջողության հասնելու համար էլ, ըստ նրա, պետք է առաջին հերթին սկսածդ գործում մասնագետ լինես, որ բիզնեսի յուրաքանչյուր օղակից պատկերացում ունենաս, հասկանաս ամբողջությամբ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: