Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ Գրիշա Սարգսյանն այսօր էլ պնդում է, որ ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը և Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը պետք է պատասխանատվության կանչվեն Հաագայի միջազգային դատարան՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար:
«Ես մինչ օրս հետևողականորեն դիմում և դիմելու եմ համապատասխան իրավասու ատյաններին, որպեսզի «Օղակ» օպերացիան իրականացրած Գորբաչովն ու Մութալիբովը պատասխանատվության ենթարկվեն միջազգային դատարանի առաջ,- ասում է գնդապետ Սարգսյանը»:
Անդրադառնալով Ադրբեջանի առաջին նախագահի նախկինում արված մի հայտարարությանը, Գրիշա Սարգսյանը նշում է, որ Այազ Մութալիբովը խոստովանել է, որ 1990 թ. Ադրբեջանի տարածքում տեղակայված խորհրդային բանակի ստորաբաժանումների կողմից ընդդեմ ԼՂԻՄ-ի հայ ազգաբնակչության իրականացված «Օղակ» օպերացիան համաձայնեցված է եղել ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի հետ: Այդ գործողությունների պատճառով հայաթափվեցին Շահումյանի, ԼՂՀ Հադրութի շրջանները, նաև ԼՂՀ Հադրութի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի 24 գյուղ` 10.000 բնակչությամբ:
«ՄՀՆՋ-ը հանդես է գալիս որպես տուժող կողմ, իրավահաջորդ և պահանջատեր, քանի որ արյունալի «Կոլցո» օպերացիան ՄՀՆՋ-ի վրա թողել է ծանր և անդառնալի հետևանքներ: Այդ օպերացիայի պատճառով զոհվեցին 230, գերեվարվեցին 120, անհայտ կորան 15, վիրավորվեցին 250 միլիցիայի աշխատակիցներ, այդ թվում` զոհվեցին 11 և գերեվարվեցին 32 քաղաքացիական անձինք», – այսօր էլ հայտարարում է Գրիշա Սարգսյանը:
Նրա խոսքով՝ Արտգործնախարարությունը այս տարիների ընթացքում այդպես էլ որևէ քայլ չի ձեռնարկում այդ հարցի միջազգայնացման ուղղությամբ և իրենք՝ ՄՀՆՋ-ականները, կոչ են անում ՀՀ ԱԳՆ-ին, ԱԱԽ-ին և այլ պատկան մարմիններին ընթացք տալ իրենց դիմումին և արձագանքել Այազ Մութալիբովի` «Կոլցոյի» վերաբերյալ բացահայտումներին ու դա օգտագործել հայկական դիվանագիտության զինանոցում:
«Մութալիբովի այդ արյունալի և ազգակործան հայտարարությունից, ավելի ճիշտ՝ խոստովանությունից հետո տևական ժամանակ է անցել, սակայն ոչ մի պաշտոնական արձագանք դեռևս չկա և ոչնչով չարդարացված լռություն է տիրում պատասխանատու էշելոններում: Մեր դեսպանները զբաղված են իրենց անձնական հարցերը լուծելով: Մենք ՀՀ նախագահից և ՀՀ նոր վարչապետից պահանջում ենք հետևողական լինել մեզ անչափ մտահոգող այս հարցի նկատմամբ, անել կադրային լուրջ փոփոխություններ, որպեսզի ամեն մարդ զբաղվի իր գործով: Մենք պահանջատեր ենք լինելու, քանի որ մենք ենք տուժել այդ օպերացիայից: Ամբողջ օրը ազգասիրությունից, նժդեհյան գաղափարներից, ազգային անվտանգությունից են խոսում, սրան-նրան են ցույց տալիս: Եթե մեր պահանջը չբավարարվեց, մենք պահանջելու ենք այս կառույցների ղեկավարների հրաժարականը»,- նշում է Գրիշա Սարգսյանը:
Նրա խոսքով՝ միությունը դիմել էր նաև Նոբելյան մրցանակի միջազգային կազմակերպությանը, որպեսզի Գորբաչովից հետ պահանջեն 1990 թվականին նրան շնորհված մրցանակը: Այդ կազմակերպությունից ստացվել է պատասխան, որ իրենք հարցին կարող են անդրադառնալ միայն Հաագայի միջազգային դատարանի համապատասխան վճռից հետո:
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ Գրիշա Սարգսյանի հաստատակամությունն ու հետևողականությունը՝ «Օղակ» օպերացիան իրականացրած Գորբաչովին ու Մութալիբովին միջազգային դատարանի առաջ պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ, ինչ խոսք արժանի է ամենայն հարգանքի, բայց ժամանակն անցնում է, համապատասխան իրավասու ատյանները մատը մատին չեն տալիս, իսկ այդ ծանր հանցագործությունը կյանքի կոչած Գորբաչովն ու Մութալիբովը տարիքներն առնում են. այսօր Գորբաչովը 85 տարեկան է, Մութալիբովը՝ 78:
Գրիշա Սարգսյանը կհասցնի՞ դատի տալ վերջիններիս…