Նիկոլ Փաշինյանը վերջերս 1996 թվից հետո բոլոր նախագահությունների մասին օգտագործել էր «Չարիք» բառը։ Քանի որ մինչև 1998 թվի փետրվարը Հայաստանի նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, հարկ եմ համարում հրապարակել Հայաստանի վարչապետի տարբեր տարիներին գրված մտքերը առաջին Նախագահի մասին։ Սա անում եմ, որպեսզի մարդիկ իմանան (կամ հիշեն), թե նախկինում ինչ կարծիքի է եղել վարչապետը առաջին նախագահի մասին։
Հետագայում փոխել է իր կարծիքը, ինչում դատապարտելի բան չկա իհարկե։ Ավելին, ես վստահ եմ, որ 2015-ի հունվարին Հայկական ժամանակում տպված «Լևոն Տեր-Պետրոսյան, Մեծ խառնաչություն» հոդվածաշարի (կարծեմ 5 մասանոց) հեղինակը նույնպես Նիկոլ Փաշինյանն էր, քանի որ խորապես ծանոթ եմ Փաշինյանի գրելաոճին (Փաշինյանը հանդես էր եկել «Ա. Սմբատյան» կողծանունով)։
Ստորև բերված տեքստերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։ Այս գնահատականները հատվածներ են 2008-2011 թվականներին գրված Փաշինյանի հոդվածներից, երբ վերջինս Տեր-Պետրոսյանի կողքին նախ համաժողովրդական շարժման, ապա՝ Հայ Ազգային Կոնգրեսի ամենաակտիվ առաջնորդներից էր։
1. «Տեր-Պետրոսյանի ստրատեգիագիական տրիումֆը» կոչվող հոդվածում, Փաշինյանը գրում է, որ «ի դեմս առաջին նախագահի` գործ ունենք պետական-ստրատեգիական մտածողության տեր եւ այդ մտածողությունը իրագործելու ընդունակ բացառիկ գործիչի հետ»։
2. «Ես ինձ համարում եմ Տեր-Պետրոսյանի թիմի անդամ, Տեր-Պետրոսյանի հետևորդ և կարծում եմ, որ ՀԱԿ-ի գործունեության հաջողությունները մեծապես պայմանավորված են այն փաստով, որ այդ կառույցի ղեկավարը հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է: Ժամանակակից պատմության մեջ հնարավոր չէ գտնել որևէ այլ դեպք, երբ 2008թ. մարտի 1-ի նման հարված ստացած որևէ քաղաքական ուժ կարողանար ոչ միայն գոյատևել, այլև դառնալ երկրի թիվ մեկ ընդդիմությունը և իշխանության միակ իրական այլընտրանքը: ՀԱԿ-ը դա արեց, և սա իսկապես մեծ հաջողություն է, և կարծում եմ, որ այդ հաջողությունը մեծապես պայմանավորված է Լևոն Տեր-Պետրոսյանի ոչ թե զուտ անձի, այլ նրա մոտեցումների, ընկալումների, լայնախոհության գործոններով, քաղաքական իրավիճակը և քաղաքական նրբությունները հասկանալու նրա բացառիկ ընդունակությամբ»:
3. «Նույնիսկ անզեն աչքով է նկատելի, որ Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին թալանով զբաղվողները այսօր իշխանության ամենա-ամենա-ամենա վերին օղակներում են, եւ էդ թալանը անարգել շարունակելու անհրաժեշտությունն էր, որ առաջ բերեց 1998 թվականի հեղաշրջումը: Տեր-Պետրոսյանը խոչընդոտ էր այդ թալանի ճանապարհին, եւ հեղաշրջումը պետք է չեզոքացներ այդ խոչընդոտը»:
4. Ղարաբաղի խնդրի տեր-պետրոսյանական լուծման մասին. «90-ականների առաջին կեսերին հայաստանյան իշխանության մեջ ծայր առած առանցքային բացասական երեւույթները պետականության կոնկրետ խնդիրների սպասարկման հարակից էֆեկտներ էին, եւ այդ երեւույթները արմատախիլ անելու տեր-պետրոսյանական վճռականության ցուցադրումը ի վերջո հանգեցրեց 1998 թվականի իշխանափոխությանը: (…) Տեր-Պետրոսյանը նույնպես վճարում էր, բայց նրա վճարածի դիմաց մենք ստանում էինք այն, ինչ չունեինք: Հայաստանը դարձավ ԱՊՀ հիմնադիր անդամ, եւ մենք զենք ունեցանք: Հայ-ռուսական մեծ պայմանագիրը կնքվեց, եւ մենք ունեցանք հաղթանակ ու տեւական զինադադար: Այս կետում է, որ տեղի ունեցավ գաղափարական բեկումը: Տեր-Պետրոսյանը ցանկանում էր հաղթանակի բերած կապիտալը ներդնել (ծախսել) Ղարաբաղի հարցը լուծելու գործում, բայց «պատերազմի կուսակցությունը», որի առանցքային դեմքերից էին Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, որոշեց կենտրոնանալ ստատուս քվոն պահպանելու վրա, համարելով, թե Ղարաբաղի հարցը արդեն լուծված է: (…) Եթե ստատուս քվոն պահպանելու քաղաքականությունը շարունակվի, այսօրվանից պետք է մտածենք այն մասին, թե էլ ինչով ենք այդ ճոխության դիմաց վճարելու: Էներգետիկ համակարգը տվել ենք, երկաթուղին տվել ենք, հեռահաղորդակցությունը տվել ենք, գազաբաշխիչ ցանցը տվել ենք, Իրան-Հայաստան գազամուղը տվել ենք, ռուսական ռազմակայանին տալիս ենք բոլոր հնարավոր եւ անհնար արտոնությունները: Եւ ուրեմն, փիքր անենք` ինչ ենք տալու հաջորդ անգամ: (…)Հայաստանն, ըստ այդմ, ԼՂ հարցի կարգավորման եւ անկախության ամրապնդման իմաստով առնվազն մեկ տասնամյակ է կորցրել: Եւ այս ընթացքը ակնհայտ է դարձնում, որ ամեն հաջորդ պահի ԼՂ հարցի հնարավոր լուծումը ավելի վատն է լինելու, քան նախորդ պահին հնարավորը»:
5. «Որովհետեւ կարծում եմ, որ 2008 թվականի նախագահական ընտրություններում ժողովուրդը Տեր-Պետրոսյանին վստահության քվե է տվել: եթե ուրիշ ոչինչ չհաշվենք` միայն Հայաստանի անկախացումը, տնտեսական աղետալի ճգնաժամի հաղթահարումը, հաղթանակը Ղարաբաղյան պատերազմում լիուլի բավարար են, որպեսզի հարյուրամյակների կտրվածքով, պատմական իմաստով Տեր-Պետրոսյանի առաջին իշխանավարությունը դրական գնահատվի: Ես այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի անդամ եմ, եւ անկեղծ ասած` շատ գոհ ու հպարտ եմ դրա համար»:
6. «Լեւոն Տեր-Պետրոսյանը ռեալ քաղաքականության, պրագմատիզմի հետեւորդ է, եւ քաղաքական, պետական հարցերում հիմնվում է այն իրողությունների վրա, որ տվյալ պահին գոյություն ունեն»։
7. «…Սրանով է բացառիկ Հայաստանի հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը. նրա գործունեությունը մշտապես ուղղված է եղել ոչ այնքան տվյալ պահին ստեղծված իրավիճակը, այլ հայ ժողովրդի պատմության ընթացքը փոխելուն»։
8. «Հիմնադիր-նախագահի գործունեության առանձնահատկությունն այն է, որ նա որեւէ կերպ չի շեղվում եւ իրեն թույլ չի տալիս գոնե մեկ ակնթարթով հայացքը կտրել թիրախից»։
9. «էլ ով, եթե ոչ երկրի հիմնադիր-նախագահը պետք է լինի քաղաքական գործունեության էտալոն»։
10. «…Բայց որ այդ հատկությունը կարող է նույնպիսի ուժգնությամբ առկա լինել երկրի հիմնադիր-նախագահի կոչումը կրող քաղաքական գործչի մոտ, ում քաղաքական կենսագրությանը կարելի է միայն նախանձել, սա արդեն մի փաստ է, որ միայն պատկառանքի տեղիք է տալիս»։
11. «Մենք երբեմն մոռանում ենք, որ հանրապետության հիմնադիր-նախագահը ոչ միայն խոշոր պետական եւ քաղաքական գործիչ է, այլեւ միջազգային ճանաչում ունեցող գիտնական, գիտությունների դոկտոր»։
12. « Ղարաբաղը հակամարտության լիարժեք կողմի կարգավիճակ ստացել էր 1994 թվականին` նախագահ Տեր-Պետրոսյանի վարած փայլուն արտաքին քաղաքականության շնորհիվ»:
13. Հատված 2009 թ.-ին ծննդյան տարեդրարձի առթիով Տեր-Պետրոսյանին ուղղված Փաշինյանի շնորհավորանքից .«Ընթացիկ քաղաքական շրջափուլը դիտարկում եմ Ձեր պատմական առաքելության համատեքստում։ Ձեր ղեկավարությամբ հայ ժողովուրդը ձեռք բերեց իր համար այնքան բաղձալի անկախություն, Ձեր ղեկավարությամբ ձեռք բերեց բացառիկ ռազմական հաղթանակներ։ Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանում վերջնականորեն ձեւավորվելու է նաեւ քաղաքացիական հասարակություն, եւ սահմանադրական կարգի վերականգնումը դառնալու է անշրջելի»։
14. «Այսպիսով, հոկտեմբերի 17-ից դեկտեմբերի 17-ի ժամանակահատվածը կարելի է բնութագրել որպես Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստրատեգիական տրիումֆի ժամանակաշրջան։ Մի ժամանակաշրջան, որ ապացուցեց, որ ի դեմս առաջին նախագահի` գործ ունենք պետական-ստրատեգիական մտածողության տեր եւ այդ մտածողությունը իրագործելու ընդունակ բացառիկ գործիչի հետ»։
15. «Ես ուզում եմ որ մենք բոլորս մի բան արձանագրենք. Տեր-Պետրոսյանը հզոր քաղաքական գործիչ է»։
16. «Մեր առաջնորդը, այն մարդը, որ բոլորիս վերստին հույս ներշնչեց, որ Հայաստանը լինելու է ազատ եւ արժանապատիվ երկիր, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ունենալով մեր կատարյալ եւ անվերապահ վստահությունը, իր վերջին ելույթում որոշ մարտավարական սրբագրումներ մտցրեց պայքարի մեջ, եւ այդ որոշումը մենք ընդունում ենք ի գիտություն` հիմք ընդունելով ոչ միայն առաջին նախագահի անվերապահ հեղինակությունը, այլեւ նրա փաստարկների համոզչականությունը»։
17. «Երկրորդ դասագրքային օրինակը, որ հակադիր է առաջինին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է։ Վերջին տասը տարիներին քաղաքական ամենավերջին բոմժերն անգամ նրա հասցեին ինչ ասես ասել են։ Եւ ինչպիսի՞ն է եղել նրա արձագանքը. լռություն, արժանապատիվ լռություն։ Բոլոր նրանք, ովքեր չեն կարողանում հասկանալ Տեր-Պետրոսյանի` 2008-ի տրիումֆի ֆենոմենը, այլոց շարքում պետք է ուշադրություն դարձնեն նաեւ խնդրի այս կողմի վրա. հանրությունը գնահատեց նաեւ Տեր-Պետրոսյանի հանդուրժողականությունը իր հասցեին հնչող հիշոցների նկատմամբ եւ դրանց հումորով վերաբերվելու ընդունակությունը»։
18. «Գուցե առաջին նախագահի ոճը անսովոր է Հայաստանում ընդունված ընդդիմադիր ռիտորիկայի համար, բայց վաղուց պետք է արձանագրած լինեինք, որ քաղաքական պրոցեսի մեջ է մտել մի մարդ, որը շատ ավելի նուրբ կոմբինացիաների սիրահար է։ Եւ ընդհանրապես, մենք երբեմն մոռանում ենք, որ գործ ունենք մի մարդու հետ, որը ոչ միայն ընդդիմության առաջնորդ է, այլեւ պետության հիմնադիր եւ հաղթանակած բանակի Գերագույն գլխավոր հրամանատար։ Սա նշանակում է, որ նրա խնդիրը չի կարող լինել միայն ընդդիմության հաղթանակը. նրա խնդիրը կարող է լինել Հայաստանի հաղթանակը, նաեւ Ղարաբաղի հաղթանակը»։
19. «Բայց ահա այդ երիտասարդությունը տեսավ մի բոլորովին ուրիշ մարդու` բարձր ինտելեկտուալ, անզուգական հռետոր, պայքարի աննահանջ մարտիկ, սիրված պապիկ, հոյակապ ասմունքող, մարդ որ լինելով երկրի հիմնադիր նախագահ չի խորշում պար բռնել սեփական ժողովրդի աչքի առաջ, չի խորշում անգամ, ինչպես ինքն է ասում` «ջագի-ջուգի» պարել երիտասարդությանը զվարճացնելու համար: Եւ ի վերջո մարդ, ով գիշերում է Ազատության հրապարակում, առավոտը դիմավորում է իր կողքին կանգնած մարդկանց հետ քոչարի պարելով: Եւ ահա երիտասարդությունը, որ այլեւս ոչ մի լավ բան չի սպասում հայրենի քաղաքական գործիչներից, տեսնում է իր երկրի հիմնադիր նախագահին բոլորովին նոր կերպարով, որպես ապրող, կենդանի մարդ, որպես մեծ առաջնորդ, որպես պայքարի ընկեր: Եւ նա սկսում է հավատալ իր ապագային, նա սկսում է հավատալ ինքն իրեն, նա սկսում է հավատալ Սահմանադրությանը, ըստ որի ինքն է երկրի բարձրագույն իշխանությունը: Եւ ի դեպ. երբ առաջին հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հիշեցրեց «Պայքար, պայքար մինչեւ վերջ» կարգախոսը, շատերը դա համարեցին ավելորդ ու հնացած: Բայց հիմա այդ կարգախոսը ամենասիրելին է»։