Քաղաքագիտության մեջ աքսիոմատիկ ճշմարտություն կա, որ ժամանակի ընթացքում ցույց է տվել իր ճշմարտացիությունն ու իմաստնությունը, այն է՝ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է սեփական իշխանությանը։ Ասվածը մի փոքր խմբագրելով՝ կարող ենք ասել՝ հատկապես այն դեպքում, երբ այդ իշխանությանը սեփական կամքով 70 տոկոսանոց մանդատ են տվել։
2018-ի իշխանափոխությունից հետո ՀՀ-ում տեղի ունեցող ոչ մի գործընթաց մարդկանց մոտ այլևս զարմանք չի առաջացնում, քանզի ցանկացած պահի կարող է տեղի ունենալ մի այնպիսի նոր զարգացում, որը կգերազանցի նախորդին՝ իր աննախադեպությամբ ու ավելի շոկային լինելով։
Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն իր համար նախատեսեց մի քանի առաջնահերթություններ, որոնց իրականացման փուլերը սկսեց կատարել հերթականությամբ։
Ի սկզբանե Փաշինյանի համար ամենակարևոր քայլերից մեկը «սեփական օգտագործման» արդարադատություն և ՍԴ ունենալն էր, որին ձեռնամուխ է եղել մինչ այսօր։ Սակայն, ի տարբերություն մյուս մարմինների՝ Սահմանադրական դատարանը, որը հենց սկզբից համարվում էր ամենահեշտ հանձնվող ու Նիկոլին տրվող մարմինը, դարձավ մերօրյա Հայաստանի այն եզակի իրավական «բաստիոնը», որը Փաշինյանը ոչ մի տարբերակով չի կարողանում իրեն ենթարկել։ ՍԴ շուրջ ամենատարբեր սցենարները ձախողելուց հետո Նիկոլ Փաշինյանը մտել է «բլիժնի բոյ» և փորձում է Հրայր Թովմասյանին, ինչ գնով էլ լինի, տապալել։
Ըստ էության՝ ի դեմս Հրայր Թովմասյանի՝ ունենք մի պաշտոնյա, որը մինչ այդ աչքի չէր ընկել ըմբոստ բնավորությամբ, և որին հեռացնելը թվում էր խաղ ու պար, սակայն այսօր իր համառությամբ փշրում է Փաշինյանի՝ ամենահաղթ հերոսի լեգենդը: Տրամաբանորեն տեղի ունեցող զարգացումները մահացու ցավալի են Փաշինյանի համար․ բացի դա, իր թիմակիցները տեսնում են Փաշինյանի անկարողությունն այս հարցում և սկսում են կասկածել նրա կարողությունների վրա: Թովմասյանին լիկվիդացնելու հարցը Փաշինյանի համար կարող է ճակատագրական լինել և հանդիսանալ սեփական թիմում պառակտում ու տրոհման ալիք բարձրացնելու համար առիթ, ինչը, համաձայնեք, ողբերգական հետևանքներ կարող է ունենալ հանրային աջակցությունից օրեցօր ավելի ու ավելի զրկվող և միջազգային սոցիոլոգիական հարցումներով վարկանիշը կորցնող Փաշինյանի համար:
Այդ իսկ պատճառով Հրայր Թովմասյանին տապալելու հարցը Նիկոլ Փաշինյանի համար ունի կենսական նշանակություն: Փաստն այն է, որ այն, ինչ տեղի է ունենում Հրայր Թովմասյանի անձի շուրջ, բացահայտ քաղաքական մոտիվացիա ունեցող գործընթացներ են և չունեն ոչ մի իրավական հիմք։ Թովմասյանի ընտանիքի անդամների հարցաքննությունները, սանիկների ձերբակալությունները, հայրական տուն ապօրինի այցը, անհասկանալի տան սեփականության վկայականներ փնտրելու իշխանությունների այս մոլուցքն այլ բնորոշում չունի, քանի որ Փաշինյանն իր առջև անկյունաքարային նպատակ է դրել՝ հնարավոր և անհնար բոլոր մեթոդներով ու ռազմավարությամբ ազատվել Թովմասյանից։
Տեղին է անդրադառնալ մի կարևոր դետալի․ իրականում այստեղ խոսքն անձի ձերբակալության մասին չէ, և դրա մասին իր հարցազրույցներում քանիցս, այդ թվում՝ այսօր ևս մեկ անգամ, հայտարարեց Թովմասյանն ինքը, խոսքն այստեղ տեղի ունեցող բացահայտ քաղաքական ռեպրեսիայի մասին է, երբ օրը ցերեկով բռնաբարվում է պետության թիվ մեկ Մայր օրենքը, ինչպես նաև մի ողջ իշխանության ճյուղ։ «Թովմասյան օպերացիան» այնքան գերկարևոր է օրվա իշխանությունների համար, որ նրանք բառացիորեն ոչ մի հանգամանքի առաջ կանգ չեն առնում, ավելին՝ մեկ մյուսին հաջորդում են տարբեր գործողություններ ու միջոցառումներ, որոնք հնարավոր բոլոր ձևերով կարող են Հրայրին մտցնել «տուպիկ», երբ նա, ի վերջո, վայր կդնի զենքերը։ Հավելենք նաև, որ, երբ ՀՔԾ քննիչներն ապօրինաբար Թովմասյանի բնակարանում խուզարկություն էին իրականացնում՝ ոտնահարելով օրենքի մի շարք կետեր, զուգահեռ ընթացող ԱԺ նիստում այս փաստի մասին չբարձրաձայնեց ոչ ոք, իսկ օրինակ, երբ նախօրեին «Էրեբունի պլազայում» իշխանությունների հերթական «թատերական ներկայացումն» էր ընթանում, բոլորը միահամուռ դատապարտեցին տեղի ունեցածը․ այնինչ՝ պետության ՍԴ նախագահի բնակարանի խուզարկության հանգամանքը մեր հարգարժան պառլամենտականներին բնավ չհետաքրքրեց։
Արմեն Հովասափյան
Հ․Գ․ Այսօր տեղի ունեցած բացահայտ քաղաքական հետապնդման ֆոնին տեղին է հիշել նախօրեին հրապարակված մի կարևոր բանաձևի մասին։ Նախօրեին Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) Գործադիր կոմիտեն Յոջիակարտայում հատուկ բանաձև էր ընդունել Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Բանաձևում անդրադարձ է կատարվել ՀՀ-ում ժողովրդավարության խնդիրներին, մամուլի ազատությանը, դատական համակարգի քաղաքականացվածությանը և Հրայր Թովմասյանի հանդեպ իրականացվող ճնշումներին: Նշենք նաև, որ բանաձևը հեղինակել և միությանն էր ներկայացրել ՀՀԿ-ն։ Ասել է թե, այս բանաձևով ևս մեկ անգամ փաստվում է, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում, բացահայտ քաղաքական ռեպրեսիա է և բնավ աղերս չունի իրեն մեգադեմոկրատ հռչակած Փաշինյանի քաղաքական հայացքների հետ։ Ի դեպ, հավելենք, որ այս բանաձևի հրապարակումից հետո ողջ իշխանական քարոզչամեքենան լծվեց ՀՀԿ-ի հասցեին հերթական լուտանքների չափաբաժինը թափելու գործին՝ հայտարարելով, թե նրանք «թուրք» են, «ադրբեջանցի», «հակաազգային» ու «հակահայ», իսկ այսօր արդեն բոլորս միահամուռ ականատես եղանք, թե ինչպես են օրվա իշխանությունները նշյալ ցեղերին ու բնորոշումներին տիպիկ հակապետական քաղաքականություն վարում՝ անարգելով մի ամբողջ պետական ինստիտուտ։