Վասակ Դարբինյան. «Լրագրության պատմությունից. իմ փորձը». media.am
Advertisement 1000 x 90

Վասակ Դարբինյան. «Լրագրության պատմությունից. իմ փորձը». media.am

Այս հոդվածաշարը գրելու առաջարկ ստացել էի ավելի քան մեկ տարի առաջ: Այս ընթացքում ինձ կաշկանդում և ետ էին պահում երեք բան. առաջին՝ որ ամբողջովին չեմ տիրապետում անցած երեք տասնամյակների, այսպես ասած՝ լրատվական դաշտի անցուդարձին, և ներկայացրածս կարող է թերի լինել, երկրորդ՝ որ գրելիքս կարող է լինել սուբյեկտիվ, և երրորդ՝ որ պիտի գրեմ նաև գործընկերներիս ու այլոց մասին, որոնք գուցե չկամենան, որ հրապարակվեն իրենց առնչվող դեպքերն ու պատմությունները…

Ի վերջո, ստորադասելով այս ամենը անցյալի իրողությունները մոռացության չմատնելուն՝ որոշեցի գրել:

Համալսարան ընդունվելուց առաջ թղթակցել էի մի քանի թերթերի, համալսարանում սկսեցի ռեպորտաժներ պատրաստել Հանրային ռադիոյի Երիտասարդական, ապա նաև Սփյուռքահայության համար տրվող հաղորդումների խմբագրությունների համար (այս երկրորդում, ի դեպ, բարձր հոնորար էին վճարում), և բնական էր, որ ԵՊՀ բանասիրականի երկրորդ կուրսում հինգ մասնագիտացումներից ընտրեցի ժուռնալիստիկան:

Երրորդ կուրսից ժուռնալիստիկայի բաժնի մի քանի ուսանողներ գործուղվում էին Ռուսաստանի համալսարաններ՝ Մոսկվա, Լենինգրադ… Որքան էլ իրական էր հնարավորությունը և գայթակղիչ՝ հեռանկարը, վերջին պահին, այնուամենայնիվ, հրաժարվեցի գնալ:

«Երևանի համալսարան» թերթում աշխատանքի անցնելուց առաջ ու նաև աշխատելու ընթացքում, թվում էր, ոչինչ չի սպառնում լճացման տարիների անխռով անդորրին՝ մենք շարունակելու ենք կարդալ չարգելված ու արգելված գրականություն, խղճուկ աշխատավարձով տուն պահել և ընկերների հետ անխնա ծախսել որևէ խմբագրությունից ստացած հոնորարը, անեկդոտներ պատմել Բրեժնևի մասին և ապրել ու աշխատել խորհրդային երկրի ճնշող ու գաղջ մթնոլորտում, քանոնով գծած բարքերով:

Բայց շուտով Բրեժնևը մեռավ, և այդ մի հատիկ մահը դառնալու էր սովետական երկրի փլուզման ազդանշանը:

«Երևանի համալսարան» թերթի խմբագրությունում. Վասակ Դարբինյան (ձախից), Մարիամ, Վլադիմիր Մաղալյան (գլխավոր խմբագիր), Աղվան Վարդանյան, Լիլյա: Լուսանկարը՝ Զավեն Խաչիկյանի (խմբագրության լուսանկարիչ):

Թերթի բազմամյա խմբագիր Վլադիմիր Մաղալյանի զգուշավոր ղեկավարությամբ, ԵՊՀ կոմսոմոլի առաջնորդների  աչալուրջ ուղղորդմամբ և, իհարկե, գլավլիտի նշանառու հսկողությամբ՝ խորհրդային կարծրատիպերը Բրեժնևի մահից հետո երկար ժամանակ դեռ կենսունակ պիտի լինեին,- երկուսուկես տարի աշխատեցի շաբաթը մեկ լույս տեսնող թերթում, գրեթե ամեն օր համոզվելով, որ անգամ այդ փոքրիկ խմբագրությունում քիչ ջանքեր չեն պահանջվում սովետական քարոզչամեքենայի  ստրուկը չդառնալու համար: Ձևականություններին ու կեղծիքին տուրք չտալը, դրանց ընդդիմանալը հաճախ դառնում էր կոմերիտմիության քարտուղարների հետ պարզաբանումների առիթ: Սրան գումարած՝ մի փոքր վրիպումը, անփութությունը, սխալը կարող էր դառնալ մեծ սկանդալի պատճառ… Իբր այսքանը քիչ էր՝ մեքենագրված նյութերը շարելիս տպարանի Սիլվան «ամբիոնի վարիչը» միշտ «ամբիոնի ավրիչ» էր հավաքում, «լույս է տեսելը»՝ «կույս է տեսել», և բացառիկ ուշադրություն էր պետք նրա այդ կարգի չարաճճիությունները նկատելու համար:

85-ի ապրիլին հրաժեշտ տվեցի ԵՊՀ-ին և տեղափոխվեցի Հայաստանի գրողների միություն: Այդ օրերին Գորբաչովը մատուցեց «Վերակառուցում» անվանումով փորձությունը, որը խորհրդային ավերված տնտեսությունը ի վիճակի չէր մարսել և որը, ի վերջո, դարձավ ԽՍՀՄ փլուզման միանգամայն տրամաբանական սկիզբը:

Շուտով պիտի փոքր-ինչ թուլանային նաև գրաքննության կապանքները՝ շնորհիվ վերակառուցմանը հաջորդած հրապարակայնության ու բազմակարծության, որոնք գորբաչովյան կառավարման առանցքային հաջորդ շեշտադրումներն էին և պիտի հանգեցնեին ոչ միայն գրավոր խոսքի ազատության ձգտմանը, այլև ժողովուրդների ազատ կամարտահայտման փորձերին: Դրա ամենացայտուն դրսևորումը դարձավ ղարաբաղյան շարժումը…

Ամբողջությամբ՝ media.am