Նորքի տուն-ինտերնատի հանդիսությունների սրահի դռան հետևից երաժշտություն է լսվում, այնուհետև հզոր ու բարձր խմբային գոռոց` «ընկերովի մահը հարսանիք է»։ Ինտերնատի «Տարմանի» թատերախմբի վերջին փորձն է։ Պատկառելի տարիքի «դերասանները» Հովհաննես Թումանյանի հեքիաթներով «գործված» ներկայացում են խաղում, որն ունի սիմվոլիկ «Մոռացված հեքիաթ» խորագիրը։ «Տարմանին» բեմ է բարձրանալու Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։
Բեմադրիչ Գառնիկ Սեյրանյանը պատմում է, որ թատերախմբի անունն ընտրելիս շատ չեն տատանվել ու ելման կետ ընդունելով «պարմանի» բառը` այն միքսել են «տարեցի» հետ։ Ներկայացման խորագրի հարցում նույնպես գեղեցիկ գաղափար կա` ծերերը երեխաների նման հեքիաթներ են սիրում, բայց գուցե մոռացել են դրանք, իսկ այս ներկայացումը հետահայաց է դեպի մանկություն։
Նորքի տուն–ինտերնատի բնակիչներն իսկապես չարաճճի երեխաների են նման. ոմանք շատ լավ գիտեն ներկայացման ողջ սցենարը, բայց երբեմն գերադասում են փորձին վատառողջ լինել ու տեղից հուշել բեմադրիչին, մյուսները խառնում են խոսքերը, ոմանք էլ բոլորին հուշում են իրենց բառերը։ Բայց բեմադրիչին ամենաշատը նյարդայնացնում է, երբ նրանք իրենց սցենարային խոսքից հետո հումորային ու իրար «կծող» ռեպլիկներ են անում։ Նա մի կողմ է դնում «գործիքը», որով երաժշտություն է միացնում ու խիստ նկատողություն անում, իսկ «դերասանները» գլուխները կախ լսում են։ Միայն տիկին Ժենյան է ժամանակ առ ժամանակ ըմբոստանում կամ կամակորություն անում, բայց Գառնիկը նրան հանդարտեցնելու ձևն էլ է գտել `ժպտում է ու ասում` «հա, բռատ»։ Բոլորը սկսում են ծիծաղել, լարվածությունն անցնում է։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am