Գյուղացին ազնիվ է, քաղաքացին «դիստանցիա» է պահում
Գյո՞ւղ, թե՞ քաղաք: Այս է խնդիրը: Վստահաբար, երկուսն էլ ազնիվ են հոգեպես, բայց ի՞նչ հռետորական հնարքներ է կիրառել ռեժիսոր Հենրիկ Մալյանը՝ գյուղն ու քաղաքն իր ֆիլմերում պատկերելու համար, հարց է, որի մասին ավելորդ չէ մտածել:
Միջավայրը, որը մասնակցում է մարդու, տվյալ դեպքում՝ կինոհերոսների ինքնության կառուցմանը, հետաքրքիր բնութագրիչներ ունի Հենրիկ Մալյանի հատկապես երկու՝ «Մենք ենք, մեր սարերը» և «Հայրիկ» ֆիլմերում: Առաջինում պատումը կառուցվում է գյուղում՝ քաղաքի ներկայության զգացողությունը թաքցնելով դետալների մեջ, իսկ երկրորդի գործողությունները զարգանում են 70-ականների բրուտալ Երևանում՝ գյուղի շորշոփը ներկայացնելով որպես հիշողություն: Երկու ֆիլմերում էլ միջավայրի ազդեցությունը կերպարների ինքնության կառուցման և միջանձնային հարաբերությունների վրա առանձնահատուկ է:
Առաջինը, ինչով սահմանվում է գյուղի և քաղաքի տարբերությունը, յուրաքանչյուրի համապատասխան զբաղվածության ցուցադրումն է: «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի գլխավոր հերոսները խաշնապահներ և հնձվորներ էին, իսկ «Հայրիկի» պրոտագոնիստը՝ Հովսեփը (Մհեր Մկրտչյան), շինարար էր: Երկու ֆիլմերում էլ Հենրիկ Մալյանը գլխավոր հերոսների ազնվությունը կասկածի տակ չի դնում: Ռեժիսորին նույնիսկ չի խանգարում «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում պերսոնաժների գողություն կատարելու և ուրիշի ոչխարները մորթել, ուտելու հանգամանքը, ինչը նկատում ենք իրար հաջորդող երկու հետաքրքիր տեսարաններում:
Նախ՝ լեյտենանտը տարբեր տներ է մտնում՝ առանց մարդկանց հանդիպելու. բոլորն աշխատանքի են: Ուշագրավ է, որ տան դռները բաց են (միայն մի դուռ է կողպեքով փակ, այն էլ բանալին կախված է հենց նույն դռնից): Ռեժիսորական հնարքի միջոցով ցուցադրվում է Անտառամիջի բնակիչների գող չլինելու հանգամանքը, և միմյանց նկատմամբ փոխադարձ վստահությունը: Այս միտքը հաստատվում է հաջորդ տեսարանում, երբ բակերից մեկում, որտեղ լեյտենանտը տանձի առատ բերքով ծառ է տեսնում և չի դիմանում գայթակղությանը. «Բավականին մարդկային արարք. լեյտենանտը հոգնել էր, իսկ տանձը բավականին գայթակղիչ էր: Ինչպիսին է նաև մոլորված ոչխարը սովածացած հովիվի համար» (1): Այս մի տեսարանով ռեժիսորը հավասարեցնում է գյուղի և քաղաքի բնակչին՝ երկուսին էլ տալով գայթակղությանը տրվելու մարդկային հատկանիշը:
«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ամբողջ ընթացքում Հենրիկ Մալյանը շահարկում է գյուղացու և քաղաքացու հարաբերությունները: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ռեժիսորը փորձում է ամեն ջանք գործադրել՝ քաղաքացուն գյուղացուն հավասարեցնելու համար՝ նրան դարձնելով գյուղացիներից մեկը, նրան բարձրացնելով գյուղացու ազնվության աստիճանին: Սա թերևս լավագույնս ներկայացված է Ավագի հարցաքննության տեսարանում, որը հովիվներից ամենատարեցն էր: Կարևոր է այն, որ լեյտենանտն ինքն է գնում Ավագի տուն՝ վերջինիս հարցաքննելու, ի տարբերություն երիտասարդ հովիվների, որոնց հրավիրում է ոստիկանական բաժանմունք: Սա առավել է, քան հավասարության ցուցադրությունը, ինչը տեսնում ենք Իշխանի և Պավլեի հարցաքննությունների ժամանակ, որտեղ լեյտենանտը նստում է հովիվների կողքին, կամ դիմաց, այդպիսով դառնալով նրանցից մեկը, այլ ոչ դրսևորելով իրեն ինչպես հատուկ է բարձրաստիճան պաշտոնյաներին: Սա արդեն լեյտենանտի հարգանքի ցուցադրումն է տարեց հովվի նկատմամբ:
Ֆիլմի ռեժիսորն այս կերպ փորձում է առավելություն տալ հովվի աշխատանքին: Այս միտումը նկատում ենք նաև Իշխանի հարցաքննության ժամանակ, երբ լեյտենանտը Իշխանին հարցնում է, թե արդյոք իր դանակով են ոչխարներին մորթել, հովիվը տաբատին ամրացված դանակը հանում, դնում է սեղանին և ասում է. «Հա, էս դանակով են մորթել, որովհետև քո ատրճանակը մոտս չէր»:
Ամբողջությամբ՝ art-collage.com