Մինչև Արթուր Վանեցյանի հրաժարականը՝ տեսնում էինք, որ որոշակի զսպումներ կային, չկար նման անբռնազբոս ապօրինության ծավալ, որը սկսվեց իր գնալուց հետո. Լիլիթ Թումանյան. tert.am
Advertisement 1000 x 90

Մինչև Արթուր Վանեցյանի հրաժարականը՝ տեսնում էինք, որ որոշակի զսպումներ կային, չկար նման անբռնազբոս ապօրինության ծավալ, որը սկսվեց իր գնալուց հետո. Լիլիթ Թումանյան. tert.am

Վանեցյանի վերջին ելույթին, այն մեսիջներին, որոնք կային, քչերը ուշադրություն դարձրեցին:  Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց  ArmNews FM-ի տնօրեն Լիլիթ Թումանյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի քաղաքականությամբ զբաղվելու և կուսակցություն ստեղծելու մտադրությանը:

«Թերևս ամենակարևոր հարցը, որ կար հասարակության մեջ, այն էր, թե ինչու Վանեցյանը գնաց: Եթե դիտարկենք ազգային անվտանգության գիտակցման տեսանկյունից, ապա հենց իր խոսքերից կարելի է ենթադրել, որ իրենց միջև եղել են որոշակի պայմանավորվածություններ և այդ պայմանավորվածությունների խախտումը և չկատարումը հանգեցրեց իր կողմից այդ պաշտոնը լքելու որոշմանը»,-ասաց Լիլիթ Թումանյանը:

Թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը՝ Թումանյանն ասաց, որ սովորաբար բոլոր երկրներում, որտեղ տեղի է ունենում հեղաշրջում, հեղափոխություն և իշխանափոխություն, հաճախ հնարավոր է տեսնել, որ իշխանության գալուց հետո ուժը որոշակի գայթակղություն է ունենում ոչ թե իրականացնել այն խոստումները, որոնք տվել է ժողովրդին, այլ արագ յուրացնել բոլոր հնարավորություններն ու գործիքակազմերը, որոնք ընձեռնում է իշխանությունը:

«Արագ տեղավորվել աթոռների վրա և սեփական դիրքերն ամրապնդելու համար սկսել չարաշահել ուժայիններին: Քաղաքական ընդդիմախոսներին և ընդդիմադիրներին ճնշել և վերացնել ուժային գործիքների կիրառմամբ: Մինչև Վանեցյանի հրաժարականը տեսնում էինք, որ որոշակի զսպումներ, այնուամենայիվ, կային, չկար այդպիսի տարածված անբռնազբոս  ապօրինության ծավալ, որ սկսվեց իր գնալուց հետո:  Թերևս այդ պայմանն էր, որ ԱԱԾ-ն չի մասնակցելու ներքաղաքական պայքարին, որ ԱԱԾ-ին չներառեն որպես ուժային կառույց սեփական քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարի համար: Կարելի է ենթադրել, որ այս պայմանն է խախտվել, որը հանգեցրել է Վանեցյանի դուրս գալուն»,- նշեց Թումանյանը:

Նա ասաց նաև, որ այս ենթադրությունը հաստատում է այն փաստը, որ Վանեցյանն իր խոսքում ասաց Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ, որ խափանման միջոց կալանքը չափազանցված է և չարդարացված:

«Սա նույնպես հաստատում է այն, որ բազմաթիվ պրոցեսներ կան, որոնց մեջ փորձել են ներքաշել ուժային կառույցներին և դրան ընդդիմացել է Վանեցյանը: Հաջորդ կարևոր բանը, որ ասաց Վանեցյանը, դա ՀԿ-ների և քաղհասարակության մասին հատվածն էր, այստեղ նույնպես առանց անուններ տալու, առանց շատ բաց տեքստով խոսելու՝ ինքը կարողանում է մեզ հասցնել այն միտքը, որ կան որոշակի վտանգներ ու սպառնալիքներ ազգային օրակարգում և դրանք ՀԿ-ներն են, քաղհասարակությունն է, որը մինչև օրս մերը չի եղել : Բացի դրանից, բոլոր այն մարդիկ որոնք որ ներգրավված են եղել այդ ոլորտում, այսօր իշխանության մաս են կազմում և մենք անհրաժեշտություն ունենք ստեղծելու սեփական ազգային օրակարգով հասարակական կազմակերպությունների՝ քաղհասարակության սեկտոր, ինքը լծվելու է այդ գործին»,- ասաց Թումանյանը և հավելեց, որ Վանեցյանի կողմից արված հաջորդ կարևոր դիտարկումը կուսակցություն հիմնելու և քաղաքականություն մուտք գործելն էր:

«Առայժմ Վանեցյանն իր կերպարի մեջ է որպես ուժային կառույցի նախկին ներկայացուցիչ, իրեն թույլ չի տալիս խոսել ավելորդություններ, տալ անուններ, բացահայտել ավելորդ տեղեկատվություն: Ինքն իրեն դա թույլ չի տալիս անել, բայց դա իրենից պահանջելու է ընտրազանգվածը, այն ընտրազանգվածը, որը որ հիասթափվել է որոշակի չկատարված խոստումներից, բայց դեռ համարում է իրեն այդ թիմի նախկին մասնակից: Իսկ որ հենց դա է նրա ընտրազանգվածը, նա նույնպես մեզ հուշեց՝ ասելով որ վերադարձ հնին չի լինելու: Նա ասաց, որ  շարունակում է լինել հեղափոխության արժեքների կրողը, մարդ, որ հիասթափվել է ներկայի իշխանությունից, բայց ոչ հեղափոխության արժեքներից և պատրաստ է տանել առաջ այդ հեղափոխության արժեքները: Նշանակում է՝ իր ընտրազանգվածն այն մարդիկ են, որոնք հիասթափվել են Փաշինյանից և այսօր ինքը կոչ է անում լինել իր կողքին:

tert.am