Հրայր Մարուխյանն է Լևոն Տեր-Պետրոսյանին ասել, որ ՀՀՇ-ն միանա ՀՅԴ-ին․ Արա Սիսեռյան. A1+
Advertisement 1000 x 90

Հրայր Մարուխյանն է Լևոն Տեր-Պետրոսյանին ասել, որ ՀՀՇ-ն միանա ՀՅԴ-ին․ Արա Սիսեռյան. A1+

ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի դուստրը՝ Շաղիկ Մարուխյանը, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում պատմել է, որ 1991թ․ Փարիզում հանդիպել են իր հայրն ու Լևոն Տեր-Պետրոսյանը։

«1991թ․այն շրջանն էր, երբ ՀՀՇ-ն Լևոն Տեր-Պետրոսյանին պետք է առաջադրեր ՀՀ նախագահի թեկնածու։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանին Փարիզում հայտնեցին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս այցով այնտեղ է և ուզում է տեսնել իրեն։ Առաջարկեց դստեր սենյակ-ստուդիոյում հանդիպել, որտեղ Շաղիկն ապրում էր ուսման տարիներին»- նշված է այդ հրապարակման մեջ։

«Նախագահական ընտրություններից առաջ էր, երբ փորձում էին համոզել Դաշնակցությանը, որ միանա Հայոց համազգային շարժմանը՝ մտնի ՀՀՇ-ի մեջ։ Ես շատ լավ հիշում եմ, որ ընդհանուր հայտարարի չեկան, որովհետև Մարուխյանը փորձում էր համոզել, որ Դաշնակցությունը համահայկական կուսակցություն է և ուժ է, որը որևէ շարժման մեջ մտնելու խնդիր չի դրել, ինքնուրույն է։ Առաջարկում էր՝ համահունչ, միասին քայլելով գնալ, բայց ՀՀՇ-ի մեջ մտնելու խնդիր չդնել, այլ, հակառակը՝ օգտվել Դաշնակցության հնարավորություններից և թույլ տալ, որ Դաշնակցությունն իր պատկերացրած ձևով առաջ տանի իր գաղափարախոսությունը և օգտակար լինի ժողովրդին անկախության այդ առաջին տարիներին։ Այդ էր այդ օրվա խոսակցության թեման և չեկան որևէ հայտարարի, որից հետո եղավ այն՝ ինչ եղավ․ նախագահական ընտրություններին Դաշնակցությունն ունեցավ իր առանձին թեկնածուն, ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, որից հետո սկսվեցին կոնֆլիկտները, որովհետև նա այդպես էլ չընկալեց այն փաստը, որ Դաշնակցությունը, որն ուներ այդքան ազդեցություն և ուժ Սփյուռքում, պետք է Հայաստանում լիներ առանձին քաղաքական միավոր, առավել ևս՝ ընդդիմություն իրեն»,-պատմել է Շ․Մարուխյանը։

Մենք փորձեցինք Լեւոն Տեր Պետրոսյանի մամլո խոսնակից պարզել, թե ինչու է նախկին նախագահը Հ․Մարուխյանին առաջարկել ՀՅԴ-ն միացնել ՀՀՇ-ին։

«Նշված հանդիպման մասին ամենատեղեկացված և հիմնավոր նկարագրությունը ձեզ կարող է տալ Արա Սիսեռյանը, որն այդ ժամանակ Մարուխյանի օրհնությամբ եղել է ՀՅԴ Գերագույն մարմնի և «Ղարաբաղ» կոմիտեի միջև կապը ապահովող անձը, և որը մասնակցել է այդ հանդիպմանը։ Խորհուրդ կտամ դիմել իրեն»,- պատասխանեց Արման Մուսինյանը։

Համացանցով մենք գտանք Արա Սիսեռյանին, ով համաձայնեց պատասխանել մեր մի քանի հարցերին։

 

– Պարոն Սիսեռյան, Շաղիկ Մարուխյանն ասում է, որ Փարիզում իր տանը Լ․Տեր-Պետրոսյանի և Հ․Մարուխյանի հանդիպմանը ուրիշ որևէ մեկը չի մասնակցել։ Բայց պարզվում է, դուք մասնակցել եք։

– Ես տեքստն այդքան ուշի ուշով չեմ նայել, բայց ինչ լսել եմ, բնավ իրականությանը չի համապատասխանում, խեղաթյուրված է խոսակցությունը։ Երբ Հայաստան գամ 15 օրից ,ամբողջությամբ պատրաստ եմ խոսել, թե այդ հանդիպումը երբ է եղել, ինչպես է կազմակերպվել, ով է ներկա եղել։ Ինչպես է սկսվել և ավարտվել խոսակցությունը,  այն մոտ 1 ժամ 15 րոպե է տևել։

– Ա․Մուսինյանն ասում է, որ Հ․Մարուխյանի ու «Ղարաբաղ» կոմիտեի, նաև Լ․Տեր-Պետրոսյանի միջև կապը դուք եք պահպանել։

– Այո։ Ես այդ ժամանակ եղել եմ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի և «Ղարաբաղ» կոմիտեի միջև կապը։ 1988թ․ երկրաշարժից մի քանի օր հետո ես Փարիզից Հայաստանն եմ եկել օժանդակությունների գործերով, ինձ հանձնարարվել էր կապ հաստատել «Ղարաբաղ» կոմիտեի հետ, հաստատել եմ։ Այդ պարտականությունն ունեցել եմ մինչև 1990թ․ մայիս ամիսը, երբ ՀՅԴ-ն պաշտոնապես հայտնվեց Հայաստանում և ունեցավ իր ներկայացուցիչները՝ Ռուբեն Հովսեփյանն ու Հրայր Կարապետյանը։

– Բայց Փարիզում Լ․Տեր-Պետրոսյանի և Հ․Մարուխյանի հանդիպումը 1991թ․ չի՞ եղել։

– Ոչ։ Եղել է 1989թ․ երբ «Ղարաբաղ» կոմիտեն ազատվեց, և պարոն Տեր-Պետրոսյանը բանտից դուրս ելավ։ Նա եկավ Փարիզ վիրահատվելու, վիրահատվեց պրոֆեսոր Անդրեասյանի կողմից, այնտեղ 2-3 ամիս կազդուրվում էր, ուսը մինչև վիզը գիպսի մեջ էր։ Այդ հանդիպումը այդ ժամանակ եղավ։ Դեռ ՀՀՇ-ի առաջին համագումարը չէր եղել։ Դրանից հետո նա Փարիզ չի վերադարձել։ Այնուհետև նա ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ։ Ինձ մոտ ամեն ինչ շատ հստակ է, այդ նոթերը ես պահել եմ։

– Ճի՞շտ է այն հայտարարությունը, թե Լ․Տեր-Պետրոսյանը Հ․Մարուխյանին առաջարկում էր, որ ՀՀԴ-ն միանա ՀՀՇ-ին։

– Ես կարող եմ շատ հստակ ասել, որ ճիշտ հակառակ առաջարկն է եղել։

– Այսինքն Հ․Մարուխյա՞նն է առաջարկել, որ ՀՀՇ-ն միանա ՀՅԴ-ին։

– Այո։ Եվ եթե դա տեղի ունենա, դրախտի դռները կբացվեն՝ Հայաստանի ժողովրդի առաջ։

– Դուք ՀՅԴ անդա՞մ եք։

– Ոչ։ Այդ հանդիպումը հիմնական պատճառներից էր, որ ես կամաց-կամաց դուրս եկա, և 1992թ․ ես հրաժարական եմ տվել։ Նոյեմբերին ՀՅԴ կողմից իմ հրաժարականն ընդունվել է ։

a1plus.am