Երբ կորոնավիրուսի տարածման, առկա վտանգների կամ վիրուսի հնարավոր կանխարգելման հարցով այս օրերին պարզաբանում ենք խնդրում որեւէ մասնագետից, պատասխանը գրեթե բոլորի դեպքում էլ լինում է նույնը՝ հետեւեք պաշտոնական լրահոսին եւ առողջապահության նախարարության կողմից հրահանգվող պահանջներին։ Շատերը նույնիսկ կոպտորեն անջատում են հեռախոսը՝ լրագրողին մեղադրելով ինֆորմացիայի ոչ ճիշտ տարածման եւ ավելորդ խուճապի առաջացման մեջ՝ ասելով. «Թողե՛ք մեր գործն անենք»։
Ինչպե՞ս չվարակվել կորոնավիրուսով. նախարարությունը պարբերաբար թարմացնում է լրահոսը, հանդես գալիս պաշտոնական հաղորդագրություններով։
Նկատենք, որ երբ Հայաստանում աձանագրվեց կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, քաղաքացիների մեծ մասը շտապեց դիմել ավանդական կանխարգելման մեթոդին՝ դիմակ կրելուն։ Այս իրավիճակով էլ պայմանավորված՝ դեղատներում շատ կարճ ժամկետում դրանք լայն թափով սպառում ապահովեցին։ Այս պահի դրությամբ, Հայաստանում վարակի 4-րդ դեպքն է արձանագրվել (նյութը պատրաստելու պահին դեպքերը 4-ն են եղել. խմբ), սակայն «ՀՀ»—ի հետ զրույցում ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու, վարակաբան Նարինա Սարգսյանցը նշեց, որ մեր երկրում վարակի տարածվածության առումով այն իրավիճակը չէ, որ քաղաքացիները խուճապի մատնվեն։ Առաջին հերթին պետք է հանգստություն պահպանել եւ շարունակել բնականոն կյանքով ապրել։ Նա հորդորեց հետեւել ԱՀԿ—ի կողմից վարակի կանխարգելման բոլոր ցուցումներին, մասնավորապես օրվա մեջ հաճախակի լվանալ ձեռքերը, ախտահանող միջոցներ օգտագործել, չդիպչել աչքերին, քթին, բերանին եւ խուսափել այն վայրերից, որտեղ հանրության մեծ զանգվածի կուտակում կա։
Կորոնավիրուսն արագ կարող է անցնել լորձաթաղանթ, այդ պատճառով աչքերին, քթին ու բերանին ձեռք տալով՝ կարող ենք նպաստել, որ վիրուսն արագ օրգանիզմ ներթափանցի։ Ինչ վերաբերում է դիմակ կրելու արդյունավետությանը, ապա վարակաբանն ասում է, որ դիմակ կրելու անհրաժեշտություն կա միայն հիվանդ անձանց շրջանում կամ ովքեր հիվանդ անձանց միջավայրում են։ Երբ հասարակության կուտակում չկա միեւնույն վայրում, ապա վարակաբանն անարդյունավետ է համարում առողջ անձի դեպքում դիմակ կրելը՝ հաստատելով այն միտքը, որ դիմակը չունի պաշտպանիչ նշանակություն։
Որքանո՞վ է հավաստի այն տեղեկատվությունը, որ կորոնավիրուսի տարածումը ջերմաստիճանային տաք պայմաններում հնարավոր է կանխվի՝ ունենալով զուտ սեզոնային բնույթ։ Այս հարցին Նարինա Սարգսյանցը դժվարացավ պատասխանել։ Նրա խոսքով, աշխարհի բժշկագիտության համար այս հիվանդությունը բոլորովին նորություն է, եւ ի հայտ է եկել միայն վերջին 3 ամսում։ Եվ այն տեսակետը, թե ջերմաստիճանային պայմաններում հնարավոր է վարակը չեզոքացվի, դեռ հաստատված չէ։ Այս ուղղությամբ ուսումնասիրությունները շարունակվում են։
Ինչ վերաբերում է երկրի ներսում ՀՀ քաղաքացիների տեղաշարժման սահմանափակման խնդրին, ապա ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատուն նման անհրաժեշտություն չի տեսնում։ Նրա խոսքով, իրավիճակն այնպիսին չէ, որ մարդիկ, օրինակ, հրաժարվեն աշխատանքի գնալուց, թատրոն, կինո կամ ժամանցային վայրեր այցելելուց։ Պարզապես, անհրաժեշտ է առայժմ խուսափել այն վայրերից, որտեղ մարդկանց կուտակում կա։
Լուսինե Նազարյան
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ