Աշխարհի երկրների մեծ մասում՝ Ավտրալիայից մինչև Ֆրանսիա, մարդիկ խանութներից տասնյակներով զուգարանի թուղթ են գնում։ Նման դեպքեր եղել են նաև ՀՀ-ում. Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հայտնել էր, որ մի քաղաքացի գնել էր 108 հատ զուգարանի թուղթ:
Ինչու՞ են մարդիկ այդպես վարվում. հայտնի փիլիսոփա Սլավոյ Ժիժեկը տարիներ առաջ՝ դեռ մինչև կորոնավիրուսը, տվել է պատասխանի իր վարկածը՝ հիմնվելով Հարավսլավիայի փորձի հիման վրա։
Ժիժեկն առաջարկել է դիտարկել մի իրավիճակ, երբ խանութներում բավականաչափ զուգարանի թուղթ կա և, չնայած դրան, ինչ-որ տեղից շշուկներ են հայտնվում, որ զուգարանի թղթի դեֆիցիտ է:
Ըստ նրա՝ շշուկների արդյունքում մարդիկ սկսում են գնել ավելի շատ զուգարանի թուղթ ու պահեստավորել, արդյունքում իրոք դեֆիցիտ է առաջանում:
Ժիժեկը բացատրում է, որ նույնիսկ մարդիկ, որոնք հասկանում են, որ խանութներում բավականաչափ զուգարանի թուղթ կա, ամեն դեպքում գնում կատարում են, քանի որ տեսնում են` մեկ այլ խումբ զուգարանի թուղթ է պահեստավորում և, ի վերջո, հնարավոր է դեֆիցիտ առաջանա:
Ըստ նրա՝ նմանատիպ իրավիճակի իմաստն այն է, որ «ուրիշը», ով, ենթադվում է, միամտորեն հավատում է լուրերին, պարտադիր չէ, որ գոյություն ունենա. այստեղ բոլորովին բավական է, որ մյուսները ենթադրեն, որ նա գոյություն ունի:
Փակ համակարգում յուրաքանչյուր սուբյեկտ կարող է նման դերակատարում ունենալ և հետևանքը նույնը կլինի՝ զուգարանի թղթի դեֆիցիտ:
«Միակը, ով, ի վերջո, կմնա առանց թղթի, նա է, ով գիտի ճշմարտությունը և ենթադրում է, որ չի կարելի հավատալ շշուկներին, քանի որ թուղթը կբավականացնի բոլորին, և չի վազում խանութներով»,- եզրակացնում է Ժիժեկը: