Ժպտացե՞լ եք։ Ստուգելու եմ, հա։ Լավ, կեցցեք։ Good job !:)
Էս օրերին շատ եմ կարդում կամավորների մասին, որոնք համաճարակի ընթացքում պատրաստ են օգնել մարդկանց, և որոշեցի պատմել Կարինե Քոթանջյանի մասին։ Որի անունը հավերժացրեց Չարենցը «ՏԱՂ ԱՆՁՆԱԿԱՆՈԻՄ»՝ առաջին անգամ հայ պոեզիայում սովորական աղջկա անուն-ազգանունը դարձնելով գեղարվեստական իրականության մաս։
Բայց արդյո՞ք սովորական աղջիկ էր Կարինե Քոթանջյանը։ Էնքան էլ չէ։ Որովհետև Կարինեն ոչ միայն Չարենցի աստեղային, «իրիկնային քույրն» էր, այլև… հայկական ազատագրական պայքարի հերոսներից մեկի՝ խմբապետ Շավարշի։ Ճիշտ է, Շավարշը Կարինեի հարազատ եղբայրը չէր, նա արևմտահայ, բասենցի որբ էր, որին որդեգրել էր Կարինեի հայրը՝ տեր Կորյունը։ Տեր Կորյունը ևս սովորական քահանա չէր։ Ոչ միայն 1895-96 թթ. ջարդերից փրկված արևմտահայ որբին որդեգրելու համար։ Նա ուսուցիչ էր, հրաշալի ձայն ուներ… և ազատագրական պայքարի մասնակից էր, որը քահանա էր օծվել… Խրիմյան Հայրիկի առաջարկով, 1900-ին. «Կորյուն վարժապետ, դու հեղափոխական մարդ ես, քեզ քահանայի զգեստը շատ կօգնի, ժողովների ժամանակ խաչդ ձեռքդ կպահես, նախապես մեկին` հարսի, մյուսին, փեսայի հագուստներ կհագցնեք։ Հենց որ գան խուզարկության, դու խաչը գլուխներին կդնես»… Կաթողիկոսի խոսքերից հասկանալի է, որ հեղափոխական ժողովներին մշտապես ներկա են եղել հայ օրիորդներն ու կանայք։
Իսկ խաղաղ ժամանակ, ընտանեկան հավաքույթներին տեր Կորյունը ջութակ էր նվագում, Կարինեն՝ մանդոլին, քույրը՝ Սաթենիկը, երգում էր։
1915 թվականի ամռանը Թումանյանը դիմեց հայ կանանց և օրիորդներին՝ կոչ անելով գալ Էջմիածին ու խնամել Թուրքիայում ծայր առած Եղեռնից փրկված հարյուրավոր հիվանդ երեխաներին։ Կարինեն այդ ժամանակ 18 տարեկան էր՝ նա Չարենցի տարեկիցն է, ընդամենը 3 շաբաթով փոքր։ Նա առանց տեր Կորյունի համաձայնության փախավ տնից Էջմիածին և սկսեց որպես գթության քույր աշխատել սուր վարակիչ հիվանդությունների բաժնում, որոնք պատերազմների մշտական ուղեկիցն էին՝ ժանտախտը, մալարիան…
Մահերն էնքան շատ էին, որ բոլորի սրտերը քարացել էին։ Մահացած երեխաներին երկրորդ հարկից միանգամից գցում էին դիերը հավաքող սայլի վրա… Վեց ամիս աշխատելուց հետո Կարինեն խելագարվեց։ Արդեն նա ինքը պառկեց հիվանդանոցում՝ շիզոֆրենիա ախտորոշմամբ։ Բարեբախտաբար, հրաշք տեղի ունեցավ, և Կարինեն ապաքինվեց։ Նրա հետագա տարիների նրա կյանքը ևս լի է բուռն իրադարձություններով, որոնց մասին՝ մեկ ուրիշ առիթով։
Գրող Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից: