Հայաստանի աշակերտների միայն 80 տոկոսն է ներգրավված հեռավար ուսուցման դասապրոցեսում: Այսօր ԱԺ-ում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ոչ այնքան հուսադրող վիճակագրությունը ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով մարզերից ու մայրաքաղաքից ստացված տեղեկությունները:
«Աշակերտների մի որոշ տոկոսի մոտ բացակայում են սարքերը կամ ինտերնետ հասանելիության խնդիր կա: Մենք դոնորների հետ վաղը հանդիպում ունենք՝ սարքերի հետ կապված: Բացի այդ, շատ կազմակերպություններ դիմել են մեզ, որ կարող են համակարգիչներ տրամադրել»,- ասաց նախարարը:
Համացանցի հասանելիության վերաբերյալ կապի օպերատորների հետ համատեղ աշխատանք է տարվում խնդրահարույց տարածքներում ծածկույթն ապահովելու ուղղությամբ:
Արայիկ Հարությունյանը նաև հայտնեց, որ կապի օպերատորների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել նաև հեռավար ուսուցում ապահովող կայքերի ինտերնետ թրաֆիկի համար անապահով խավից գումար չգանձելու վերաբերյալ:
Թե որքանով են հեռավար դասերը փոխարինում ստացիոնար ուսուցմանը, Հարությունյանի խոսքով, կվերուծվի երկշաբաթյա արդյունքների հիման վրա:
Նախարարը, սակայն, չբացառեց, որ կորոնավիրուսի հաղթահարումից հետո ուսումնական տարին երկարացնելու կարիք կլինի:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել: Փակվել են բոլոր մշակութային օջախներն ու ուսումնական հաստատությունները, վերջիններս անցել են հեռավար ուսուցման: