ԷՍՊԻՍԻ ԲԱՆ
Նապոլեոնը խենթի նման սիրում էր Էժենի Կլարիին: Նրան ուղղած նամակներից մեկում գրում է. «Քո ամեն խոսքի մեջ ես տեսնում եմ իմ սեփական զգացումները, մտքերը: Քո կերպարը տպավորված է իմ սրտում, իմ միակ: Ընդմիշտ քոնը…»: 1795 թ. գարնանը Նապոլեոնն ու Էժենին գրանցեցին իրենց միությունը: Սա Բոնապարտի առաջին ամուսնությունն էր:
Նույն թվին երիտասարդ գեներալը Փարիզում առաջին անգամ հանդիպեց իրենից վեց տարով մեծ, առաքինություններով ու գեղեցկությամբ Էժենիին զիջող Մարի-Ժոզեֆինա Տաշե դե լա Պաժերին, որը Բոնապարտին թվաց անչափ հմայիչ: Իր մեղմ, խաղուն խորամանկությամբ ու զրուցակցին ուշադիր, կարեկցությամբ լսելու կարողությամբ նա հմայեց Նապոլեոնին: Հեղափոխական տրիբունալի դատավճռով Ժոզեֆինայի ամուսնինը՝ գեներալ Ալեքսանդր դե Բոգարնեն, գիլյոտինով մահապատժի էր ենթարկվել:
Ժոզեֆինան եկել էր Մարտինիկա կղզուց, խառնամուսնությունից ծնված կին էր, բնավորությամբ աշխույժ, խելացի, համարձակ, շատ բան տեսած: Չար լեզուներն ասում էին, որ նա մոտ էր մի շարք գեներալների ու բանկիրների հետ: Այս խոսակցություններին խիստ անտարբեր Նապոլեոնն օր-օրի ավելի շատ էր կապվում Ժոզեֆինայի հետ, հաճախակի լինում նրա բնակարանում:
Ժոզեֆինայի համար եկել էր ապագայի մասին խորհելու ժամանակը: 1796-ին լրացավ նրա 32 տարին: Երկրպագուների վրա հույս դնելու հարկ չկար, հարկավոր էր լրջորեն զբաղվել երկու երեխաների դաստիարակությամբ: Բնատուր խելքն ու կյանքը նրան սովորեցրել էին արագ կողմնորոշվել: Կորսիկացին պատրաստ էր անելու այն, ինչից համառորեն հրաժարվում էին սիրեկանները: Նապոլեոնը պատրաստ էր ամուսնանալ իր հետ: Ոչ թե Ժոզեֆինան, այլ Նապոլեոնն էր շտապեցնում ամուսնությունը…
Բոնապարտը բոլորովին հոգ չտարավ, որ մեղմացնի կնոջ՝ Էժենիին ուղղված հարվածը, ում հետ մեկ տարի առաջ էր ամուսնացել: Բոնապարտը նրանից հեռացավ առանց հետ նայելու: Նա ուշադրություն չդարձրեց եւ մոր դժգոհության վրա, թեեւ սովոր էր նրա կարծիքը հաշվի առնելու: Այդ օրերին նա ոչ-ոքի եւ ոչինչ չէր լսում:
Կարո՞ղ էր արդյոք կորսիկացին կռահել, որ մարսելցի այդ գեղեցկուհին, ում նա լքեց թեթեւ սրտով, թողնելով արցունքով ողողված, տարիներ անց դառնալու է Շվեդիայի ու Նորվեգիայի թագուհին եւ Ստոկհոլմի արքայական պալատում հիմնելու է մի նոր արքայական հարստություն, որն այժմ էլ թագավորում է Շվեդիայում:
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: