Ապրիլի 7-ը դեռեւս վաղնջական ժամանակներից մեր նախնիները նշել են որպես դիցամայր Անահիտին նվիրված գեղեցկության եւ մայրության տոն։ Քրիստոնեության ընդունումից հետո նույնպես օրվա խորհուրդը կարեւորվեց եւ ըստ արժանվույն գնահատվեց՝ վերագրվելով Մարիամ Աստվածածնին։ Մեր ազգային տոնացույցում ապրիլի 7-ը ներառվեց 1995 թվականից։ Օրվա խորհրդի, քաղաքականության մեջ կնոջ դերի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է խորհրդարանական խմբակցությունների կին պատգամավորների հետ։ Նրանցից յուրաքանչյուրն ունի երջանկության եւ հաջողության հասնելու ի՛ր բանաձեւը։
Լիլիթ Մակունց, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար
–Ի՞նչ խորհուրդ ունի տոնը Ձե՛զ համար։
–Տարիների ընթացքում ավելի ու ավելի եմ համոզվում, որ օրացուցային օրերը մեզ մոտ ընդամենը խորհրդանշական դեր են խաղում։ Իհարկե՛ կարեւոր է, որ մայրերին ամեն օր գնահատելուց բացի, լինի նաեւ առանձնահատուկ օր, երբ բոլորս ընդգծում ենք ու բարձրաձայն խոսում այդ մասին։ Ինքս հիանում եմ բոլոր այն կանանցով, ովքեր բացի հոգատար մայր լինելուց, նաեւ լավագույն օրինակ են իրենց երեխաների համար, այդ թվում՝ որպես հասարակության լիարժեք անդամ՝ իրենց աշխատանքով, նպատակասլացությամբ եւ արժեքներով։
–Որքանո՞վ է գնահատված եւ արժեւորված կինը մեր օրերում։
–Իմ գնահատմամբ այսօր Հայաստանում կանայք ունեն բոլոր հնարավորությունները լիարժեք դրսեւորվելու որպես մասնագետներ եւ տեսլական ունեցող քաղաքացիներ։ Ցանկության դեպքում ձգտում ենք եւ ստանում լավագույն կրթությունը, չենք ընկճվում դժվարություններից, դրանք համարում ենք ավելի լավը դառնալու հնարավորություններ։ Սակայն, իհարկե, կնոջ ընկալման առումով մեր հասարակության մեջ դեռ շատ բաներ այնպես չեն, ինչպես ես ինքս կցանկանայի տեսնել։ Կա թերագնահատում եւ թերահավատ վերաբերմունք շատերի կողմից, այդ թվում հենց կանանց կողմից, ընդ որում՝ ոչ միայն այլ կանանց, այլեւ իրենք իրենց նկատմամբ։
–Դժվա՞ր է կնոջ համար քաղաքականության մեջ։
–Ե՛վ այո, ե՛ւ ոչ։ Որպես կին փորձում ենք փոխել կնոջ դերի ընկալումները հասարակության մեջ։ Միեւնույն ժամանակ, կարծում եմ՝ տղամարդ քաղաքական գործիչների ընկալումների փոփոխության անհրաժեշտություն նույնպես կա։
–Ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել ժամանակակից հայ կնոջը։
–Կիրթ, նպատակասլաց, չկոտրվող, հաջողակ, խնամված, ով ամեն ինչ հասցնում է, ով ունի անձնական կարծիք եւ հավատում է, որ իրենից նույնպես կախված է հասարակության բարեփոխումը։
–Ի՞նչ կմաղթեք մեր կանանց եւ աղջիկներին։
–Համեմատվել միայն ինքներս մեզ հետ եւ դառնալ ավելի լավը, քան երեկ էինք եւ ոչ թե որեւէ մեկին ինչ—որ բան ապացուցելու համար, այլ այն գիտակցմամբ, որ իրական երջանկությունը եւ հմայքը լիարժեք ու ներդաշնակ լինելն է։
Աննա Կոստանյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ
–Ի՞նչ խորհուրդ ունի տոնը Ձե՛զ համար։
–Ինձ համար այս տոնն իր առաջնային իմաստով է ընկալվում՝ Սբ Աստվածածնի Ավետման օրն է, մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օրը՝ ըստ Հայ առաքելական եկեղեցու։ Եվ ի տարբերություն մարտի 8—ի՝ ապրիլի 7—ն ինձ համար իմաստավորվում է Աստծո կողմից կնոջը տրված բացառիկ պարգեւով՝ կյանք պարգեւելու հնարավորությամբ, որով կինն իր բնությամբ նմանվեց Արարչին։ Ահա՛ այն խորհուրդը, որ դրված է գարնանային այս գեղեցիկ տոնի հիմքում։
–Որքանո՞վ է գնահատված եւ արժեւորված կինը մեր օրերում։
–Ժամանակակից աշխարհում, չնայած այն հանգամանքին, որ դեռեւս կան երկրներ, հասարակություններ կամ միջավայրեր, որտեղ կինը որպես հավասար իրավունքներով օժտված մարդ արարած, այնքան էլ գնահատված կամ արժեւորված չէ, այնուամենայնիվ, մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որտեղ իր կենսակերպով, էությամբ, բովանդակությամբ եւ գործունեությամբ՝ կինն արթնացնում է հարգանքն առ իր անձը։ Գնահատանքն ինքնին չի տրվում, կինն այն վաստակում է կամ «պարտադրում», երբ հասարակությունը՝ հանձին տղամարդկանց հրաժարվում է ընդունել կնոջ անգնահատելի դերն ու առաքելությունը։ Այո՛, առաքելությունը, քանի որ իմ համոզմամբ, կինն իր առաքելությունն ունի ցանկացած միջավայրում՝ ընտանիքում, աշխատավայրում կամ հասարակական—քաղաքական կյանքում։
–Դժվա՞ր է կնոջ համար քաղաքականության մեջ։
–Բոլորովին, որպես կին քաղաքական գործիչ դժվարություն չեմ զգացել, բացառությամբ այն դեպքերի, երբ հասկանում ես, որ «տղամարդկանց աշխարհում» գործում են վայրի կանոններ, իսկ դու՝ որպես կին արարած, ստիպված ես քո բարեվարքությամբ ավելի զուսպ ու քաղաքակիրթ կեցվածք դրսեւորել, ինչը երբեմն որոշ հարցերի լուծման ճանապարհին խոչընդոտ է դառնում, սակայն, այնուամենայնիվ, հաղթահարելի գործոն։
–Ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել ժամանակակից հայ կնոջը։
–Ավելի համարձակ, գործունյա, ոգեշնչող, առաջ մղվող, պայքարող՝ չմոռանալով հանդերձ սեփական անձը, հմայքը, գեղեցկությունն ու «կանացի թուլությունը» սքողելու ունակությունը։
–Ի՞նչ կմաղթեք մեր կանանց եւ աղջիկներին։
–Մաղթում եմ կանացի երջանկություն եւ մայրանալու բերկրանքը զգալու աստվածային պարգեւ։
Շաքե Իսայան, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ
–Ի՞նչ խորհուրդ ունի ապրիլի 7—ը Ձե՛զ համար։
–Այո՛, ազգային օրացույցի տոներին միշտ առանձնակի սիրով եմ մոտենում։ Ապրիլի 7—ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է նաեւ Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, եւ բոլոր եկեղեցիներում ս. պատարագ է մատուցվում, մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում։ Ինձ համար եւս տոնը մեր մայրերին մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնելու եւ գեղեցիկը վերարժեւորելու խորհուրդն է կրում իր մեջ։
–Որքանո՞վ է գնահատված եւ արժեւորված կինը մեր օրերում։
–Ես մշտապես եղել եմ այն համոզմունքին, որ հայ կինը ավանդաբար իր ուրույն տեղն է ունեցել թե՛ ընտանիքում, թե՛ հասարակության մեջ։ Այսօր էլ ականատեսն ենք դառնում այն դանդաղ, բայց հաստատուն քայլերին, երբ կնոջ՝ ընտանիքում ունեցած ազդեցությունը եւ դերը փոխանցվում են նաեւ հասարակական տարբեր ինստիտուտներին։ Այլ կերպ ասած՝ կանայք առավել ակտիվորեն են սկսում զբաղվել հասարակական գործունեությամբ, այդ թվում՝ քաղաքականությամբ։ Եվ դա, թույլ տվեք ասել, հրաշալի է։ Հանրային կառավարմանը նրանց ներգրավումը միայն բարձրացնելու է նրանց դերը եւ արժեւորումը հասարակության մեջ։
–Դժվա՞ր է կնոջ համար քաղաքականության մեջ։
–Այս մասին բազմիցս առիթ ունեցել եմ նշելու, որ դա մեծապես կախված է նաեւ այն հանգամանքից, թե քո քաղաքական ուժը ինչ արժեքների կրող է։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիններից էր, որ իր ընտրական ցուցակներում կանանց համամասնությունն ապահովեց, ինչը արտացոլվեց նաեւ խորհրդարան անցած կին պատգամավորների տվյալներում։ Ինձ համար այս սահուն անցման շնորհիվ, ինչպես նաեւ ունենալով թիմակիցներիս աջակցությունը, բավական հեշտ եղավ մուտք գործել քաղաքականություն։ Իսկ կնոջ համար դժվարությունը քաղաքականության մեջ հասարակության որոշ շերտերի կարծրատիպերն են։ Շատ հաճախ կին քաղաքական գործիչների ելույթները, գաղափարները կամ առաջարկները քննարկելու փոխարեն, հասարակությունը քննարկում է նրանց արտաքինը՝ մարմնի կառուցվածքը, հագուկապը եւ այլն։ Հուսով եմ՝ ապագայում հանրային պաշտոն ստանձնող կանայք այլեւս նման վերաբերմունքի չեն արժանանա։
–Ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել ժամանակակից հայ կնոջը։
–Նախ եւ առաջ՝ ուժեղ, ինքնավստահ եւ կեղծ կարծրատիպերից զերծ։ Ինչպիսի հասարակական դիրք էլ զբաղեցնեք, սիրելի՛ կանայք, այս 3 հատկանիշները անհրաժեշտ են։
–Ի՞նչ կմաղթեք մեր կանանց եւ աղջիկներին։
–Օրվա խորհրդով պայմանավորված՝ իհարկե կմաղթեմ, որ սիրեն եւ լինեն սիրված, գնահատեն եւ լինեն գնահատված։ Օգտվելով առիթից՝ ի սրտե շնորհավորում եմ մեր ազգի կանանց՝ այս գեղեցիկ խորհուրդը կրող տոնի առթիվ։ Իսկ, առհասարակ, մեր կանանց քաջառողջություն եւ երջանկություն եմ մաղթում։ Թող նրանցից յուրաքանչյուրը գտնի եւ ամուր պահի երջանկության իր բանաձեւը։
Լուսինե Մխիթարյան
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ