100-ամյա Մարգարիտա Դարբինյանը պատմում է «կյանքի գույների», ներդաշնակ ապրելու, հիշողությունների մասին
Advertisement 1000 x 90

100-ամյա Մարգարիտա Դարբինյանը պատմում է «կյանքի գույների», ներդաշնակ ապրելու, հիշողությունների մասին

Չատել, չարհամարհել, չնսեմացնել որեւէ մեկին։ Առավելագույնս ճանաչել աշխարհն ու մարդուն, ձերբազատվել բացասական լիցք կրող զգացմունքներից… 100-ամյա գիտնական Մարգարիտա Դարբինյանի ներդաշնակ ապրելու բանաձեւն է։ Եվ սա ասում է մի կին, որը ոչ միայն անցել է Երկրորդ աշխարհամարտի թոհուբոհի միջով, այլեւ անձամբ մասնակիցը եղել այդ արհավիրքին։ Մեկ դար ապրած թարգմանչուհին մեզ հետ զրույցում անկեղծանում է՝ իր տարիքում մարդու մտքում յուրօրինակ պատկեր է հյուսվում անցյալի, ներկայի ու ապագայի ընկալման համադրությամբ։ Մաշտոցյան Մատենադարանի երկարամյա աշխատակցուհին, չնայած իր պատկառելի տարիքին, մինչ օրս աշխատում է որպես թարգմանական մատենագրության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու է։

-Կյանքի մեծ մասը նվիրել եք գիտական գործունեությանը, ընթերցողը կուզեր ճանաչել նաեւ Մարգարիտա Դարբինյան անհատականությանը։ Պատմեք Ձեր երիտասարդ տարիների նախասիրությունների, հետաքրքրությունների մասին, նաեւ այն իրադարձությունների, որոնք շրջադարձային նշանակություն են ունեցել Ձեր կյանքում, պատմեք այն անձանց մասին, որոնց տված «կյանքի դասերը», խոսքն ու օրինակը անգիր արած բանաստեղծության նման պահում եք Ձեր սրտում։

-Երիտասարդությանս տարիների նախասիրությունները եղել են գեղարվեստական գրականության ընթերցանությունն ու երաժշտությունը։ Այդ նախասիրություններս առ այսօր էլ պահպանվել են։ Իմ եւ ընտանիքիս կյանքն արմատապես փոխվեց այն բանից հետո, երբ 1937 թվականի տարեմուտին մայրս, դառնալով ստալինյան բռնաճնշուների բազմահազար զոհերից մեկը, ձերբակալվեց ու տասը տարով աքսորվեց Ղազախստան՝ Կարլագ։ Իսկ կարեւորագույն «կյանքիս դասերը» ստացել եմ մեծանուն ռուս գիտնական՝ պատմաբան, փիլիսոփա, մարդու մոտ լեզվի ու մտածողության առաջացման հիմնարար տեսության հեղինակ Բորիս Պորշնեւից, որի ուսանողն էի։ Նրա շնորհիվ է, որ դարձա ե՛ւ պատմաբան, ե՛ւ թարգմանիչ։ Նրա շնորհիվ զգացի, որ պատմական գիտությունը հզոր կենդանի շունչ ունի եւ կապված է ոչ թե դարերի փոշու եւ թոշնած մագաղաթների, այլ միշտ կենդանի իրականության հետ։ Բորիս Պորշնեւը նաեւ ստիպեց հասկանալ ու հավատալ, որ չկա այնպիսի մի լեզու, որին չտիրապետելով անգամ, իրական թարգմանիչը չկարողանա թարգմանել։

-Ապրելով մեկ դար, Դուք նաեւ տեսել ու շփվել եք ժամանակի մեծամեծների հետ։ Պատմե՛ք նրանց հետ կապված հիշողությունների մասին։

-Իմ շփումները հիմնականում կապված են եղել մասնագիտական գործունեությանս հետ։ Բախտ եմ ունեցել համագործակցելու հայագիտության հենասյուները հանդիսացող, մեծագույն վաստակ ունեցող գիտնականների՝ Մանուկ Աբեղյանի, Լեւոն Խաչիկյանի, Սեն Արեւշատյանի, Արամ Ղանալանյանի, Սուրեն Երեմյանի, Գագիկ Սարգսյանի, փայլուն նարեկացիագետ Պողոս Խաչատրյանի, Արտաշես Մարտիրոսյանի, Աշոտ Աբրահամյանի, Կարապետ Մելիք-Օհանջանյանի եւ շատ ուրիշների հետ։ Թող ներեն ինձ նրանք, ում անվանապես չնշեցի։ Հատուկ ուզում եմ հիշել Հայաստանի գրողների միության նախագահ Վարդգես Պետրոսյանին, ում նախաձեռնությամբ ժամանակին որոշվեց ստեղծել հայ միջնադարյան քնարերգության ընտիր նմուշների տողացի ռուսերեն թարգմանությունների շտեմարան, այն հաշվարկով, որպեսզի ռուս բանաստեղծները հետագայում իրականացնեն դրանց գեղարվեստական թարգմանությունը։ Եթե չեմ սխալվում, միայն այդ ծրագրի շրջանակներում գրաբարից թարգմանել եմ մոտ քսան հազար տող։ Նաեւ մի պատմություն եմ ուզում պատմել վաղուց անցած մի միջադեպի մասին։ Գիտության ոլորտում, ինչպես եւ այլուր, կան նվիրյալ մշակներ ու կան նաեւ այլոց գործից անձնական օգուտներ քաղող մակաբույծներ։ Այդպիսի մակաբույծների զոհը կարող էր դառնալ նաեւ Նարեկացու Մատյանի մեր ռուսերեն թարգմանությունը։ Գրքի հրատարակման նախօրեին այդ մարդիկ գնացին Հայաստանի Կոմկուսի Կենտկոմ եւ փորձեցին կասեցնել գրքի հրատարակությունը։ Եվ եթե չլիներ Մատենադարանի այն ժամանակվա տնօրեն Սեն Արեւշատյանի անվարան ու կտրուկ միջամտությունը, Նարեկացին միլիոնավոր ընթերցողների համար հասանելի իր ռուսերեն հնչեղությունը կարող էր եւ չունենալ։

-Բնությունը պատժում է մարդուն, մարդն անտարբեր է դարձել։ Ստվերում են մնացել արժեքներ, որոնք կես դար առաջ մարդկային հարաբերությունների հիմքն էին, խարիսխը։ Ինչու՞ է այսպես, որտե՞ղ ենք սխալվել։

-Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր մութ ու լուսավոր կողմերն է ունենում։ Սակայն բանն այն է, որ մարդկային եղկելի կրքերը՝ նախանձը, չարությունը, ագահությունը, հեշտասիրությունը, ընչաքաղցությունը եւ դրանցով պայմանավորված բռնությունը, սուտն ու կեղծիքը նույնն են եղել բոլոր ժամանակներում, սակայն յուրաքանչյուր պատմական ժամանակահատվածում նաեւ եղել են մարդկային բանականության ու հոգեւոր վեհ մղումների այնպիսի թռիչքներ, որոնց շնորհիվ մարդկությունը նոր բարձունքներ է նվաճել աշխարհաճանաչման ոլորտում, վեհ հոգեւորի ոլորտում։

-Ինչո՞ւ ենք տխուր։

-Ես չէի նույնականացնի տխուր լինելն ու թախիծը։ Մարդու տխրությունն անցողիկ է, մինչդեռ թախիծը ծնունդ է անդառնալի կորուստների կամ նպատակների անհասանելիության գիտակցման։ Ուստի տխրությունն իր հիմքում կենցաղային երեւույթ է, իսկ թախիծն առավելապես փիլիսոփայական արմատներ ունի։

-Որո՞նք են «կյանքի գույները», ինչպե՞ս տեսնել դրանք։

-Կյանքի գույները տեսնելու համար մարդ պետք է սեփական եսից վերացարկվելու ընդունակությամբ օժտված լինի։ Միայն այդ դեպքում նա կկարողանա տարբերակել բոլոր նրբերանգները։

-Ո՞րն է կյանքի իմաստն ու գեղեցիկ, ճիշտ ապրելու Ձեր բանաձեւը։

-Ներդաշնակ ապրելու իմ տարբերակն է՝ առավելագույնս ճանաչել աշխարհն ու մարդուն եւ ձերբազատվել բացասական լիցք կրող զգացմունքներից՝ չատել, չարհամարհել, չնսեմացնել որեւէ մեկին։

-Ինչի՞ մասին եք մտածում։

-Չմտնելով մանրամասների մեջ՝ ասեմ, որ իմ տարիքում մարդու մտքում շատ յուրօրինակ պատկեր է հյուսվում անցյալի, ներկայի ու ապագայի ընկալման համադրությամբ։

-Ու՞մ եք կարոտել։

-Սա, իհարկե, չափազանց անձնական հարց է։ Ասեմ միայն, որ նրանք, ում կարոտում եմ, միշտ ինձ հետ են՝ ես կարողանում եմ նրանց հետ երկխոսել ժամանակից ու տարածությունից դուրս։

-Տիկին Դարբինյան, այնուամենայնիվ, պետք է փոքր-ինչ անդրադառնանք նաեւ Ձեր գիտական գործունեությանը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել տարբեր տարիների հասարակական գործունեության եւ կատարած լայնածավալ գիտական աշխատանքի համար։ Մարտին լրացավ Ձեր 100-ամյակը։ Պիտի գանք տարիների հեռվից, ինչպե՞ս մեկնեցիք ռազմաճակատ, Դուք նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից եք։ Մեզանում կարծրացած միտք կա, ասում են, թե կինը թույլ սեռ է, իսկ Ձեր ռազմաճակատ մեկնելը մարտահրավերի նման մի բան էր։ Խնդրում եմ՝ վերհիշեք այդ տարիները եւ պատմե՛ք Ձեզ համար ուշագրավ եւ նվիրական մի պատմություն։

-Անկեղծ ասած, այդ ես պետք է շնորհակալ լինեմ ճակատագրիս ու, թերեւս, մի փոքր էլ սեփական համառությանս, որոնց շնորհիվ մուտք գործեցի մասնագիտական մի այնպիսի ոլորտ, որն իմ առջեւ բացեց հայ միջնադարյան գրականությանը հաղորդակցվելու, այն մասնագիտորեն ուսումնասիրելու բացառիկ հնարավորություն։ Որքան էլ տարօրինակ թվա, սակայն 1942 թվականին որպես կամավոր գործող բանակ մեկնելս այն կարեւորագույն առաջին քայլն էր, որի շնորհիվ հետագայում հնարավոր դարձավ իրականացնել գիտությամբ զբաղվելու երազանքս։ Մոսկվայի մարզային մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի ուսանող էի, իսկ 1941-ի հունիսի 22-ը բուհական ավարտական քննությանս օրն էր։ Որպես երիտասարդ մասնագետ ինձ գործուղեցին Հայաստան՝ աշխատելու որպես գյուղական դպրոցի դասատու, մինչդեռ ես երազում էի լուրջ գիտական աշխատանքի մասին։ Այն ժամանակ անհնար էր սեփական ցանկությամբ փոխել աշխատանքը, առավել եւս գյուղից տեղափոխվել մայրաքաղաք։ Երբ 1942 թ. հայտնի դարձավ, որ կանայք եւս իրավունք են ստացել կամավորագրվել ու մեկնել ռազմաճակատ, անմիջապես որոշեցի օգտվել այդ հնարավորությունից, այն հույսով, որ հետո կկարողանամ զբաղվել իմ նախընտրած գործով։ 1942 թ. տարեմուտին արդեն գործող բանակում էի՝ մասնակցեցի Կովկասի պաշտպանությանը։ 1945-ի ամռանը մեր զորամասը փոխադրվեց Հեռավոր Արեւելք՝ ճապոնական զավթիչների դեմ մարտական գործողություններին մասնակցելու նպատակով, իսկ նույն տարվա աշնանը զորացրվեցի, վերադարձա Հայաստան։ Որոշ ժամանակ անց ընդունվեցի ասպիրանտուրա եւ, արդյունքում, որպես ավագ գիտաշխատող հրավիրվեցի Մատենադարան, որտեղ եւ աշխատում եմ հիմնադրման պահից առ այսօր։ Որեւէ մեկին իմ բանակ գնալով մարտահրավեր չեմ նետել՝ ունեցել եմ հստակ նպատակ եւ այդ միջոցով հասել եմ դրան։ Առհասարակ, կարծում եմ, որ մարդն ուժեղ կամ թույլ է լինում ոչ թե իր սեռական պատկանելության, այլ հոգեմտավոր հատկանիշների բերումով։

-Շնորհիվ Ձեզ, Գրիգոր Նարեկացու աշխատությունն առաջին անգամ թարգմանվեց ռուսերեն։ Մի առիթով ասել եք՝ Նարեկացուն անդրադառնալու, լիարժեք ընկալելու, առավել եւս՝ թարգմանելու համար միայն գրաբարի իմացությունը քիչ է։ Ես գրաբարը, տաղերը ընկալում եմ ըստ իմ մտքում հնչող մեղեդու։ Թարգմանելիս պետք է գտնել բառեր, որոնք մեղեդային են հնչում, Նարեկացու կիրառած բաղաձայնույթին՝ ալիտերացիային համապատասխան։ Քիչ է ճիշտ թարգմանելը, էական է մեղեդայնությունը փոխանցել, այնպես, որ դա գեղեցիկ հնչի։ Տեղյակ ենք նաեւ, որ սպասում եք մեկ ուրիշ խոշոր աշխատանքի՝ 13-րդ դարի հայտնի հեղինակ, արքեպիսկոպոս Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն տանն Սիսական» աշխատության ռուսերեն թարգմանության հրատարակությանը։ Ինչպե՞ս այս գործերը հանձն առաք, ինչու՞ Նարեկացի եւ Օրբելյան։

-Հատուկ ուզում եմ ընդգծել, որ «Գրիգոր Նարեկացու» Մատյան ողբերգության ստեղծագործության գրաբարից ռուսերեն թարգմանությունը համատեղ աշխատանք է եղել, իմ համահեղինակն էր շնորհաշատ հայագետ Լենա Խանլարյանը։ Նարեկացու ստեղծագործությունն առանձնահատուկ մի աշխարհ է, ուր մուտք գործող հետազոտող-թարգմանիչը պետք է խորությամբ իմանա Աստվածաշունչը, ինչպես նաեւ կարողանա վերծանել դրանում պարունակվող նեոպլատոնական փիլիսոփայության խորհրդապաշտական աշխարհընկալումները։ Իհարկե, շատ կարեւոր է նաեւ հեղինակի խոսքի գեղարվեստական առանձնահատկությունների, գրական հնարքների լիարժեք փոխանցումն օտարալեզու՝ տվյալ դեպքում ռուսախոս ընթերցողին։ Այս նույն խնդիրները, որպես թարգմանիչ, ստիպված էի լուծել նաեւ նրա տաղերի՝ գրաբարից ռուսերեն թարգմանությունն իրականացնելիս։ Այդ տաղերի ժողովածուն լույս տեսավ անցյալ տարի։ Ստեփանոս Օրբելյանի աշխատության թարգմանությունը նախաձեռնեցի տարիներ առաջ՝ ի հիշատակ մեծ հայագետ եւ հայրենասեր Աշոտ Աբրահամյանի, որը փայլուն իրականացրեց Օրբելյանի աշխատության թարգմանությունը գրաբարից աշխարհաբար հայերենի։ Պետք է հատուկ նշեմ, որ Աշոտ Աբրահամյանն էր իմ գրաբարի ուսուցիչը եւ իր շնորհիվ է, որ հին հայերենն ինձ համար մայրենի լեզու է դարձել։ Ես չեմ հակադրում Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունը մեր միջնադարյան պատմիչների աշխատություններին՝ դրանք միեւնույն քաղաքակրթական, քաղաքական, հոգեւոր ու սոցիալական միջավայրում են հղացել եւ շատ թելերով են փոխկապակցված, լրացնում են միմյանց։ Թող շատ վերամբարձ չհնչի, բայց մենք՝ այսօրվաններս, մեր նախնիների մտորումների, նրանց հաջողությունների ու ձախողումների ուղիղ ժառանգներն ենք եւ առանց նրանց գործը հնարավորինս խորությամբ հասկանալ-վերլուծելու՝ չենք կարողանա անկորուստ անցնել մեր ժողովրդին վերապահված ճանապարհի մեր հատվածը։ Պետք է ասեմ, որ Ստեփանոս Օրբելյանի աշխատությունը մեզ համար խիստ կարեւոր է ոչ միայն մեր պատմական անցյալի մասին շատ մանրամասն ու ստուգելի փաստեր պարունակելու պատճառով, այլեւ խիստ արդիական է այսօր՝ արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում մեր ազգային քաղաքական, պետական շահերը հիմնավորելու եւ պաշտպանելու տեսանկյունից։ Ի դեպ, իմ կողմից իրականացված Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն տանն Սիսական» աշխատության ռուսերեն թարգմանությունն առանձին գրքով արդեն իսկ լույս է տեսել եւ հուսով եմ, որ օգտակար կլինի ինչպես հետազոտողների, այնպես էլ շարքային ընթերցողների համար։

Հարցազրույցը՝ Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ



Նման նյութեր