Հեռավար ուսուցում, կամ ինչպես խելքը թռցնել… decameron.am
Advertisement 1000 x 90

Հեռավար ուսուցում, կամ ինչպես խելքը թռցնել… decameron.am

Բարև ձեզ, ես Աննան եմ: Եվ շուտով խելքս կթռցնեմ: Գրում եմ սա բոլոր այն մայրերի անունից, որոնք այս պահին փորձում են հասկանալ՝ ինչ անել, որ հեռավար ուսուցում կոչվածը չդարձնի նրանց դաժան մայր, ոչ ադեկվատ հարևան և վահանաձև գեղձի կարկառուն ախտանիշներով պոտենցիալ պացիենտ, մի խոսքով՝ ինչպես ասում են պարսկահայերը, ուսուցման էս տեսակը պատիվս չտանի…

Ունեմ երկու երեխա: Տղաներ են: 6 և 9 տարեկան: Նրանց դժվար է հավաքել, կենտրոնացնել: Մեկի միտքը այս օրերին հավերժ ծփացող շատրվանի է նման, մյուսն էլ սկսել է վերջերս աստվածավախ-հավատացյալ դառնալ՝ աղոթելով երկնային հորը մոր գլխից հանել ուղեղի այն հատվածը, որը հիշեցնում ու պատասխանատու է դասերի, կարդալու, գրելու, արտագրելու, հղումը ուղարկելու, նամակները կարդալու և պատասխանելու համար:

Ես նրա մոտ նկատում եմ նաև որոշակի հետաքրքրություն առ այն, թե արդյոք ես կուզեի՞ կորոնավիրուսով վարակվել: Ավելի հեռու գնալով՝ այն է՝ խաչաձև հարցեր տալով՝ հասկացա, որ 6 տարեկան երեխայի մոտ այս հարցը պատահական չի առաջացել: Նա հոգու, սրտի անկյունում փարատում է այն քաղցր երազանքը, որ մայրը հիվանդանալով՝ կչքվի մի քանի օրով տնից ու իրեն հանգիստ կթողնի:

Բայց մի շտապեք նեղվել իմ փոխարեն: Ես որ չեմ նեղվում: Նորմալ ցանկություն է: Ես նրան անկեղծ պատասխանեցի, որ եթե այդ մեկուսացումը տեղի ունենար Դիլիջանի կամ Ծաղկաձորի որևէ հյուրանոցային համալիրում, ապա ինքս էլ դեմ չէի լինի: Էս էլ սիրով կգնայի, կինքնամեկուսանայի, մի բոլ կկարդայի, կդառնայի Candy Crush-ի և Subway Surfers-ի ալամ աշխարհի չեմպիոնը, կնայեի watch later սերիալներս, որ համբերատար սպասում են ինձ, բայց որ այսպես շարունակվի, սերիալներից «սև գոտի» տիտղոսից շուտով կզրկվեմ՝ դառնալով Հ1-ի սերիալաման և ֆեյսբուքյան էջի պլպլան ադամանդ…

Բայց այս ամենը չի նշանակում, որ օրվա մեջ չեմ շարունակի մտացածին Ծաղկաձորներից հեռակա հիշեցնել հեռավար դասերի մասին: Այնպես որ պրծում չկա… ինձանից:

Եվ ի՞նչ արեցին նրանք: Շատ պարզ: Կոալիցիա կազմեցին: Սկսեցին ինձ «կտել», ինչպես ընդունված է ասել արդի հայերենի արդի քյառթահայության զարգացող լեզվամտածողությունում: Տղաները սկսեցին ինձ սուրճ առաջարկել, հոգալ իմ առողջության մասին:

Մոտավորապես այսպիսի արտահայտություններ էի լսում.

«Լավ չես զգում քեզ ոնց որ, պառկի մի քիչ հանգստացի»…

«Կուզե՞ս սուրճ դնեմ ու ԻՄ շոկալոդից քեզ հյուրասիրեմ»:

«Քնի՛, քո կյանքն ա, ինչ ուզում ես արա, մենք էլ անենք էն, ինչ ուզում ենք»:

Էս վերջին՝ բարձր գիտակցության փայլատակումը, խոստովանում եմ, որ նույնիսկ շուտով երեսունհինգս բոլորող ուղեղիս չի հասել, բայց 9 տարեկան երիտասարդը պարզ և հստակ ձևակերպում է կյանքի հանդեպ իր հայացքները: Ինձ պատրաստում է… Զգում եմ:

Որդիական «կտերն» առ հոգնած մորը ես լսում էի կիսախավար գիտակցության միջանցքներից, օրը ցերեկով, բազմոցին հանգած, երբ մեկն իմ վրա էր փռում ատամներս հաշվելու փափուկ ծածկոցը… Հաճելի էր սկզբից, բայց հետո սթափվեցի:

Մի բան էլ ասեմ: Պարզվեց, որ եսասեր մարդ եմ: Ուրախանում եմ, որ մենակ ես չեմ էս վիճակում: Իրականում էս համաճարակի շրջանակներում շատ բան պարզեցի իմ՝ դույզն-ինչ յանը տարած անձի մասին: Ընկերներս էլ են տառապում, և դա ինձ ուրախացնում է: Կներեք, երեխեք: Գիտեմ՝ ավելորդ անկեղծություն եմ անում: Ավելին՝ երբեմն ես ձեր վիճակն ավելի ծայրահեղ եմ գնահատում: Ու դա ինձ ուժ է տալիս նոր ավյունով սկսել ու շարունակել օրս, քանի որ մոտակա մի շենքի երրորդ հարկում մի փոքրիկ Իրինա է տառապում ընկեր Գևորգյանի ու Zoom-ի ձեռքը, որոնք համատեղության կարգով նրա հոգեկան աշխարհի վրա անդառնալի հետք են թողնում: Առանց այն էլ տեղից 100 տոկոսանոց չէր…

Լավ, ասածս ինչ է իրականում: Ինչպես Սողոմոն թագավորի մատանու մեջ էր գրված (այստեղ ուզում եմ ասել, որ տեսեք-տեսեք ես տենց խելացի աղջիկ եմ էլի) ՍԱ ԷԼ ԿԱՆՑՆԻ…

Կյանքը, հուսամ, կվերադառնա իր բնականոն հունին: Քնել-արթնանալ-աշխատանք-դպրոց… Ոմանց պատկերացումներով, իհարկե, խղճուկ կյանք, գուցե… Սովորական սուրճ խմելը ընկերների հետ կվերագնահատվի: Հարազատների անակնկալ այցը կրկին սիրելի կլինի և հեռավար ուսուցման ու հեռակա կյանքի այս մղձավանջը հետագայում կհիշվի որպես վերջի սկիզբ…

Ու այս դեպքում մի բան ակհայտ կլինի՝ կյանքն այլևս այլ է լինելու կորոնավիրուսից ու իմ դեպքում հեռավար առաջադրանքների ռմբակոծությունից հետո: Ինչ պատմենք, շեշտելու ենք՝ համաճարակից առաջ, կամ հետո:

Ու սա թե՛ լավ է, թե՛ վատ: Որովհետև դժվարությունների հետ մեկտեղ՝ շատ հմտություններ ձեռք կբերենք: Իսկ այլ՝ ավելի կարևոր տեսանկյունից ու գիտակցական մակարդակից, մեզ ճանաչելու ժամանակ կունենանք, կգնահատենք ունեցածը և հնարավորություն կունենանք հասկանալու ինքներս մեզ ու մեր ցանկությունները:

Հ.Գ. Բայց ինչ էլ տեղի ունենա, միևնույն է, չեմ հասկանա Հ1-ի՝ լուրջ դեմքով նստած ու տեսականորեն Ֆիզկուլտուրա առարկան վարող, նշանդրեքի պիջակով մասնագետին, որը խոսում է այդ առարկայի կարևորության մասին՝ առանց գոնե մի տոկոս ֆիզիկական ակտիվության…

Պինդ մնացեք. սա էլ կանցնի…

decameron.am



Նման նյութեր