Աշխարհի բազմաթիվ երկրներում կարանտինի պատճառով դրական փոփոխություններ են նկատվում շրջակա միջավայրի վրա։ Տրանսպորտային միջոցների օգտագործման կտրուկ նվազեցման, բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկությունների հարկադրված պարապուրդի արդյունքում էապես իջել է օդի աղտոտվածության մակարդակը։ Նման պատկեր է արձանագրվել մի շարք երկրներում, մասնավորապես՝ Չինաստանում, Հնդկաստանում, Իտալիայում եւ այլուր։ Մաքրվել են նաեւ ջրային մակերեւույթները։ Օրինակ, փոխվել է ջրի որակը Վենետիկի ջրանցքում, որտեղ անգամ նկատվել են դելֆիններ, կարապներ։ Նախկինում որեւէ կենսաբազմազանություն հնարավոր չէր տեսնել այդ վայրերում։
Աշխարհում տեղի ունեցող գործընթացներից Հայաստանը, բնականաբար, անմասն չէր կարող մնալ։ Մեր երկրում շրջակա միջավայրի վրա կարանտինի ունեցած ազդեցության մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է բնապահպան, «Մեկ առողջություն» կոալիցիայի համահիմնադիր Սիլվա Ադամյանի հետ։ Մասնագետն իր դիտարկումները ներկայացրեց Երեւանի հետ կապված, քանի որ ներկա պահին հնարավորություն չունի դուրս գալ մայրաքաղաքից՝ մարզերում տիրող իրավիճակն ուսումնասիրելու համար։ «Մեքենաների քանակն էապես պակասել է, արտանետումները քչացել են, հետեւաբար նվազել է նաեւ օդի աղտոտվածությունը։ Դա տեսանելի է անգամ անզեն աչքով։ Որպես կենսաբան տարիներ շարունակ զբաղվել եմ կենդանիների, թռչունների խնդիրներով եւ այսօր այնպիսի հետաքրքիր թռչուններ եմ նկատում իմ տան մոտ, որոնք վերջին տարիներին անհետացել էին մեր տեսադաշտից։ Խոսքը վերաբերում է հայկական որորներին։ Չեմ կարող ասել, թե ինչու՞ էին եկել, ու՞ր էին գնում, միգուցե սնունդ էին հայթայթում։ Նախկինում, երբ Գետառը բաց էր, այդ թռչուններին կարելի էր տեսնել կենդանաբանական այգու շրջակայքում»,-ասաց նա։ Ֆեյսբուքյան օգտատերերն իմանալով, որ զբաղվում է կենդանիների խնդիրներով, բազմաթիվ նկարներ են ուղարկել իրեն, որտեղ կան տարբեր թռչուններ, այդ թվում՝ գիշատիչ։ Դրանք կենդանական աշխարհի այն ներկայացուցիչներից են, որոնք դուրս էին մղվել քաղաքից ուրբանիզացիայի, միջավայրի աղտոտվածության, կանաչ տարածքների կրճատման հետեւանքով, քանի որ միջավայրը բարենպաստ չէր վերջիններիս բնադրման եւ կեր հայթայթելու համար։ «Այսօր, երբ քաղաքը որոշակիորեն բեռնաթափվել է, նկատում ենք նման փոփոխություններ»,-ասաց Ս. Ադամյանը։
Վերոնշյալ փոփոխությունները օբյեկտիվորեն չեն կարող մշտական դառնալ։ Բնապահպանները, շրջակա միջավայրի խնդիրներով մտահոգ մարդիկ մշտապես բարձրաձայնել են աղտոտվածության եւ դրա բացասական հետեւանքների մասին, սակայն իրավիճակը դրանից չի փոխվել դեպի լավը։ Այսինքն՝ սա զուտ իրավիճակով թելադրված դրական փոփոխություն է։
Բնապահպանը մատնացույց արեց մեկ այլ լրջագույն խնդիր, որի շուրջ կցանկանար հրավիրել պատասխանատու մարմինների ուշադրությունը։ Խոսքը վերաբերում է կենցաղային թափոններին, որի քանակությունն օրեցօր վտանգավոր չափերի է հասնում։ «Այս օրերին շատ են օգտագործվում ձեռնոցներ, դիմակներ, որոնք դառնում են կենցաղային թափոն։ Դրանք լուրջ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար, սակայն այս խնդրի մասին չի խոսվում։ Դա է հուշում 20 տարի համաճարակաբանության ոլորտում աշխատելու իմ փորձը»,— ընդգծեց մասնագետը։ Նրա խոսքով, պետք է անպայման ախտահանվեն թե աղբամանները, որտեղ նետում ենք դիմակներն ու ձեռնոցները, թե այն տարածքները, որտեղ հավաքվում է աղբը։ Խնդիրն այն է, որ երբ առանց ախտահանման ամբողջ աղբը՝ վտանգավոր թափոնով հանդերձ, կուտակվում է աղբավայրերում, ապա չպետք է մոռանանք այնտեղ ապրող թռչունների բազմազանության մասին։ «Մի շարք ուսումնասիրություններ եմ կատարել աղբավայրերի թռչունների մասով, որոնք սնվում են աղբավայրերից, եւ պետք է նշեմ, որ փաստացի բոլորն էլ տարբեր տեսակի վարակների կրողներ կարող են դառնալ։ Դրանց թվում են՝ հայկական որորները, կաչաղակները, սերմնաքաղերը, ագռավները, որոնք կարող են այս նույն հիվանդության ավելի լայն տարածման կամ էլ այլ հիվանդությունների պատճառ դառնալ»,-պարզաբանեց զրուցակիցս։
Նման խնդրից խուսափելու համար առաջնային եւ կարեւոր քայլերից է ախտահանող միջոցառումների իրականացումը։ Ս. Ադամյանը մտահոգված է, որ ամեն քայլափոխի, նաեւ աղբամանների շրջակայքում կարելի է հանդիպել գետնին գցած ձեռնոցներ, դիմակներ, ինչը վկայում է, որ մարդիկ չեն հասկանում իրենց անփութության հետեւանքով առաջացող վտանգների մասին։ Այս հարցը հրատապ լուծում է պահանջում, հասարակությանը պետք է բացատրել, թե ինչպես պետք չէ վարվել դրանց հետ՝ հորդորելով ավելի գիտակից մոտեցում ցուցաբերել։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ