Հիմք ընդունելով մամուլում շրջանառվող հրապարակումները, պետք է խուսափել Իտալիայի կատաստրոֆիկ վիճակից, որտեղ առողջապահական համակարգն ուղղակի չդիմացավ ծանրաբեռնմանը: Ըստ այդմ` կարանտինը պետք է շարունակել մինչև այն ժամանակ, երբ գա առղջապահության նախարարի ներկայացրած մոդելի կրկնապատկման 10-րդ օրը, դրանով էլ շարժվել: 168.am-ի հետ զրույցում ասաց քիթ-կոկորդ-ականջաբան, բ.գ.թ. Կարեն Կասպարյանը:
«Մաթեմատիկական մոդելն ամենահավաստի փաստն է, որն ունենք այսօր: Բուն հիվանդության տարածման միտումների մասին պատկերն ավելի պարզ կլինի կրկնապատկման 10-րդ օրը: Անպայման պետք է հաշվի առնել նաև H1N1 և ատիպիկ պնևմոնիայի դեմ պայքարի փորձը»,- նշեց բժիշկը:
Ըստ նրա` պետք են լուրջ հաշվարկներ նույնիսկ առ այն, թե չաշխատելու արդյունքում մարդու պակասած կամ բացակայող եկամուտն ինչքանով է բերելու թերսնման՝ իր բոլոր հետևանքներով` հիվանդության հանդեպ ընկալունակության, բարդությունների զարգացման տեսակետից:
Դիտարկմանը` տեսակետներ կան, որ ՀՀ-ում, ՌԴ-ում և ոչ միայն՝ թոքաբորբով հիվանդացության ցուցանիշների աճ կա, ուստի ՌԴ-ում փորձել են իմունիզացիայի անցնել նախքան կորոնավիրուսի տարածումը, Կասպարյանը հաստատեց` գրանցվում է աճ, իսկ իմունիզացիան համարում է անարդյունավետ:
Անդրադառնալով մաթեմատիկական մոդելին, հավելենք, որ մաթեմատիկական մոդելը ճշգրիտ չի համընկնում ուսումնասիրվող օբյեկտի հետ, բացի դրանից` հնարավոր է, որ օբյեկտի մասին չունենանք լրացուցիչ տեղեկություններ, և մեզ անհրաժեշտ է այդ մոդելը կիրառել պարամետրերի այլ արժեքների դեպքում։ Այդ պարագայում հնարավոր է, որ այդ մոդելը դադարի ճիշտ լինելուց։ Եթե օբյեկտի մասին ունենք քիչ ինֆորմացիա, այդ դեպքում օբյեկտի մասին անում ենք որոշակի վարկածներ, որոնց շրջանակներում է կառուցվում մաթեմատիկական մոդելը, որից հետո փորձնական ճանապարհով ուսումնասիրվում է մոդելի ճշտությունը։ Եթե փորձարարական հետազոտողների տվյալները մոտ են կամ համընկնում են կառուցված մոդելով ստացված արդյունքներին, ապա այդպիսի մոդելը հաստատվում է և ստանում գոյության իրավունք։ Ամեն մի մաթեմատիկական մոդել ունի իր ճշտության սահմանը։ Մաթեմատիկական մոդելի ճշտության աստիճանը բարձրացնելիս՝ մոդելը հետզհետե բարդանում է։
Մարիամ Պետրոսյան