Կանաչ թեյը կօգնի սննդային ալերգիայի դեմ պայքարում. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Կանաչ թեյը կօգնի սննդային ալերգիայի դեմ պայքարում. հետազոտություն

Եթե ամեն օր խմեք մեկ գավաթ կանաչ թեյ, դա կարող է օգնել սննդային ալերգիայի դեմ պայքարում, պարզել են Սինսյու համալսարանի (Ճապոնիա) գիտնականները:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, կանաչ թեյը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտային ագենտներ, որոնք ազդում են իմունային համակարգի վրա և պաշտպանում սննդի նկատմամբ վտանգավոր ալերգիկ ռեակցիաներից: Բայց մեկ պայման կա. թեյը պետք է թարմ լինի: Բանն այն է, որ հակաօքսիդանտների մակարդակը 51 տոկոսով կրճատվում է ընդամենը կես տարի պահելուց հետո:

Հետազոտությունները ցույց են տվել, որ կանաչ թեյի մեջ պարունակվում է Flavonifractor plautii՝ բակտերիաների տեսակ, որոնք կարող են արգելակել բորբոքման զարգացումը և նվազեցնել արյան ճնշումը: Ավելին՝ կարծիք կա, որ դրանք օգնում են քաշի կարգավորմանը: Այս ամենը տեղի է ունենում իմունային համակարգի պատասխանների ճնշման հաշվին, որոնք պատասխանատու են սննդային ալերգիայի համար:

Կանաչ թեյի մեջ նաև նյութ է պարունակվում, որն արգելափակում է քաղցկեղային բջիջների աճի համար անհրաժեշտ ֆերմենտը: Մեկ ուրիշ հետազոտության ժամանակ չինացի գիտնականներին հաջողվել է կապ գտնել կանաչ թեյի կանոնավոր գործածման և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ցածր հավանականության միջև:

Կանաչ թեյի մեջ պարունակվում է էպիգալոկատեխին-3- գալատ (ECGC)՝ պոլիֆենոլ, որը պայքարում է օքսիդացնող սթրեսի դեմ և արգելափակում քաղցկեղային բջիջների աճի համար անհրաժեշտ  ֆերմենտը: Սակայն դրական արդյունք է դիտվում միայն կրծքագեղձի քաղցկեղի դեպքում: Շագանակագեղձի, միզապարկի և ստամոքսի քաղցկեղի վրա միացությունը ոչ մի ազդեցություն չի գործում:

Արժե նշել, որ վերլուծվել են ասիացի գիտնականների հետազոտությունները: Իսկ Ասիայում գործածման նորմ է համարվում կանաչ թեյի օրական մինչև 10 գավաթը:

med.news.am