ԷՍՊԻՍԻ ԲԱՆ
Արմեն Խորենյանը ծնվել է Վանում՝ 1956 թ.: Օգտվելով կրթության ընձեռած հնարավորությունից՝ ստացել է թուրքական բանակի սերժանտի կոչում: Նույն կոչումն ստացած տասներկու հայերի հետ նրան ուղարկել են Էրզրումի զորանոցը: Այստեղ թուրք գեներալը հայերի ուսադիրները մեկ-մեկ պոկելով գոռացել է.
– Դու՛ք ընդամենը գյավուր եք, որքան էլ ապրեք, թրքական բանակի ուսադիր կրելու պատվին չե՛ք արժանանա:
Այդ պահից սկսած վիրավորանքներն ու նվաստացումներն այնպիսի չափերի են հասնել, որ նրանց զինվորական ծառայությունը Էրզրումում, ապա՝ Կարսում, իսկական դժոխքի է վերածվել: Ծառայության ընթացքում, օգտվելով ազատ ժամերի հնարավորությունից, Արմենն Էրզրումում ու Կարսում որոնել է հայրենակիցներին:
Պատմում է Արմենը. «Ես նկատել էի, որ Կարսի ու Էրզրումի շրջաններում հայեր շատ կան, բայց իրենց ազգությունը թաքցնում են: 1978 թ. Կարսում շրջելու ժամանակ նկատեցի փողոցում խաղացող մի փոքրիկ տղայի: Նա շատ կեղտոտ էր, ամբողջովին ցնցոտիների մեջ: Մի աղջիկ վազեց նրա մոտ ու ձայնեց.
– Արշա՛կ, մաման կանչում է:
Ես մոտեցա աղջնակին ու հարցրի՝ հա՞յ ես: Նա թուրքերեն պատասխանեց, թե ասածս չի հասկանում եւ ահաբեկված փախավ: Նոր նկատեցի, որ մայրը հեռվից հետեւում է մեզ: Մոտեցա եւ նույն հարցը մորն ուղղեցի. պատասխանեց, որ հայ չէ: Ես նրան հայերենով դիմեցի.
– Բայց քիչ առաջ աղջիկդ հայերեն էր խոսում:
Թուրքերենով պատասխանեց, որ աղջիկը հայերեն չգիտի եւ դրանով էլ փաստեց, որ ինքը հայ է:
– Ինչու՞ եք թաքցնում ձեր ազգությունը, մի՛ վախեցեք, ես էլ եմ հայ, վանեցի եմ, անունս Արմեն է:
Համոզվելով, որ ոչ-ոք մեզ չի հետեւում՝ տուն հրավիրեց: Մոտ կես ժամ մեր անուշիկ լեզվով զրուցեցինք, մինչեւ եկավ ընտանիքի հայրը: Երբ կինն ասաց, որ հայ եմ՝ ամուսինը խառնվեց ու վախեցավ: Մի քանի բառ փոխանակելուց հետո զգացի, որ արդեն վստահում է ինձ ու հարցրի, թե ինչու՞ է մնում այստեղ եւ ավելի մեծ քաղաք չի տեղափոխվում: Նա ինձ ցույց տվեց պատուհանից երեւացող անխաչ գերեզմաններն ու ասաց.
– Գիտե՞ս, դա ինչ է: Այստեղ թաղված են իմ ծնողներն ու պապերը: Նայիր լեռներին, երկնքին: Քեզ ոչինչ չե՞ն ասում»:
Առնո Համելեն, Ժան Միշել Բրոն
«Վերականգնված հիշողություն»
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: