Մի կրիա ուրախությամբ նայում է հայելու մեջ: Մի ընձուղտ է մոտենում ու հարցնում.
– Ինչո՞ւ ես ուրախացել:
Կրիան պատասխանում է.
– Միշտ ուզում էի հասկանալ, թե ինչո՞ւ եմ ծնվել այս աշխարհում և թե ո՞վ եմ ես: Այստեղով անցնելիս նկատեցի այս հայելին ու վերջապես կարողացա ինքս ինձ տեսնել ու հասկանալ, թե ինչու եմ աշխարհ եկել: Երբ ինձ մոտենում էին, իրապես չէի ընկալում, թե ով եմ և միշտ թաքնվում էի իմ պատյանում, կաշկանդվում, ամաչում…
Ընձուղտն ասում է.
– Այս արահետով շատ անգամ եմ գնացել-եկել, բայց երբեք այդ հայելին չեմ նկատել: Միշտ տեսել եմ ճախրող թռչուններին, կապույտ ամպերը, ծառերի երկնառաք ճյուղերն ու բազմաձև տերևները ու միշտ հարց եմ տվել ինքս ինձ` իսկ ո՞վ եմ ես: Հավանաբար ես էլ ե՞մ կրիա:
Կրիան նայում է դեպի վեր ու պատասխանում.
– Չէ, դու ինձ նման չես: Որպեսզի քեզ տեսնես, պետք է խոնարհվես, խոնարհիր գլուխդ և ինքդ քեզ կտեսնես:
Եթե ուզում ես ինքդ քեզ ճանաչել ու հասկանալ, թե Արարիչն ինչու է այս աշխարհ ուղարկել, պարզապես անհրաժեշտ է խոնարհել «ես»-ը, անձդ և այդ դեպքում այլևս չես թաքնվի կամ երկնքում սավառնի…
Հովհաննես Մանուկյան