Սյունեցի համայնքապետերի տներում զենք են փնտրում. hraparak.am
Advertisement 1000 x 90

Սյունեցի համայնքապետերի տներում զենք են փնտրում. hraparak.am

Սյունիքի հեղինակավոր ընտանիքների, կռված տղաների, համայնքապետերի դեմ, որոնք իրենց ազդեցությամբ կամ հարստությամբ պարտական չեն ներկա իշխանությանը, լայնածավալ քրեական հետապնդումներ են սկսվել:

Մամուլն արդեն գրել է, որ մայիսի սկզբին ոստիկանությունը խուզարկություններ է կատարել Կապանում, Տաթևում, Քաջարանում:

Համայնքապետերի տներում ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել, հետաքննական, նախաքննական գործողություններ: Քրեական հետապնդման թիրախում Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանն է, Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը:

Մեր տեղեկություններով, սյունեցիների տներում զենք են փնտրում: Քրեական գործը, որի շրջանակում իրականացվում են խուզարկությունները, մեկն է: Հոդվածը, որով այն հարուցված է, իրավապահները չեն նշում: «Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանի և Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի վերաբերյալ քրեական գործ է քննվում: Ընթանում է նախաքննություն», – հայտնում են Քննչական կոմիտեից:

Իսկ ոստիկանության լրատվության հետ կապերի վարչության պատասխանատուներից Էդգար Ջանոյանը մեր հարցին, թե ինչ են փնտրել Կապանի ու Քաջարանի բնակիչների տներում, պատասխանեց. «Կոնկրետ գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել նշված քաղաքներում: Ավելացնեմ, որ հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե»:

Համայնքներում սրա կապակցությամբ մարդիկ բորբոքված են: Բողոք է հասունանում: «Մեր խաղաղ կյանքը խաթարված է: Թող Փաշինյանը գա, տեղում ծանոթանա Քաջարանում կատարված աշխատանքներին, համայնքի կյանքին, քաջարանցիների կարծիքները լսի, նոր հետո որոշեն», –  «Հրապարակի» հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետարանի մեր աղբյուրը:

«Քաղաքապետը նորմալ աշխատում ա, քաղաքում ահագին փոփոխություններ են եղել, մենք գոհ ենք», – ասաց երիտասարդ բնակիչներից Վ. Մ.-ն:

Առանձին ակտիվությամբ Սյունիքում հանդես է գալիս իմքայլական, Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, որը, ըստ բնակիչների, ինֆորմացիա է հավաքում ընդդեմ համայնքների ղեկավարների, պահում է նրանց լարված վիճակում, աշխատում է նրանց դեմ: «Նկարում է, տեսանյութեր է ուղարկում վերևներ, անընդհատ մեր դեմ լարում է Փաշինյանին, բայց մենք նրան դեմ չենք, մենք միասնական հավաքվեցինք ու դիմավորեցինք վարչապետին քարոզարշավի ժամանակ», – ասում է Ա. Ա.-ն` Քաջարանից, նկատի ունենալով սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը:

Ինչո՞ւ պետք է երիտասարդ փոխմարզպետը Քաջարանի համայնքապետի դեմ աշխատի: Քաջարանում ու Կապանում լուրեր են պտտվում, որ հակասությունները, իբր, եկել են դեռևս այն ժամանակվանից, երբ Փարամազյանը Քաջարանի պղնձամոլիբդենյին կոմբինատում էր աշխատում, որ, իբր, Նարեկ Բաբայանն ու նրա ընկերները ցանկացել են ինչ-որ ծառայություններ մատուցել կոմբինատին, սակայն մերժվել են: Նաև պատմում են, որ Նարեկ Բաբայանը մոտ է մարզի ոստիկանապետի, Փաշինյանի եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի հետ և խուզարկություններում դերակատարում է ունեցել:

Փոխմարզպետ Բաբայանը կտրուկ հերքում է այս լուրերը: «Ես առհասարակ կոմբինատի ղեկավարության հետ շփում չեմ ունեցել, երբեք անձնական հարցով չեմ դիմել, կարծում եմ` դա նրանք եթե ցանկանան, կհաստատեն, որ ես նրանց երբեք աշխատանքային առաջարկ չեմ արել, ու դա շատ լավ գիտեն նման բան գրողները», – ասաց Նարեկ Բաբայանը։ Նաև վստահեցրեց, որ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետին ճանաչել է նշանակվելուց հետո ու շփվել է նրա հետ զուտ ի պաշտոնե: «Իսկ Սիփան Փաշինյանն իմ կուսակցական գործընկերն է: Կարծում եմ, Փարամազյան Մանվելը կհաստատի, որ մեր մեջ երբեք լարվածություն չի եղել, միշտ աշխատել ենք փոխադարձ հարգանքի մթնոլորտում ու երբեք իրար հետ անձնական հարց չենք ունեցել ու չենք քնարկել», – ասաց փոխմարզպետը:

Մանվել Փարամազյանը, սակայն հեռխոսազանգերի չպատասխանեց:

Ինչ խոսք, Սյունիքը բարդ մարզ է: Տարիներով Երևանից կտրված է եղել, սեփական հեղինակություններն ու իշխանիկներն է ունեցել, և հարաբերություններն էլ հեղափոխական իշխանության հետ չէին կարող հարթ լինել: Տարատեսակ քրեական միջադեպերը ոստիկանության մասնակցությամբ դրա ապացույցն են: «Ամենաթարմը», թերևս, Սիսանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանի, նաև  մի տարեց բնակչի՝ բռնության ենթարկված Գառնիկ Սիմոնյանի կոնֆլիկտն էր ոստիկանապետի ԺՊ Գարիկ Մուրադյանի հետ, որի դեմ ներկայում քրեական գործ է հարուցված:

Այնուամենայնիվ, թվում է մեզ՝ դժվար թե սյունյաց համայնքապետերի դեմ մասշտաբային հետապնդումների հիմնական պատճառը միջանձնային հարաբերությունները լինեն: Սա նման է հատուկ կազմակերպված միջոցառումների, յուրօրինակ «բացատրական աշխատանքների», որոնք ինչ-որ անհասկանալի հաշվեհարդարի մի ամբողջ մարզի ինքնակառավարման մարմիների դեմ:

Սյունեցի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը գտնում է, որ Սյունիքը Արցախից հետո երկրորդ ուժեղ հայկական աշխարհն է, կռված ռեգիոն է, որտեղ շատ հզոր է հայրենասիրական ոգին: Այսօր Սյունիքը ներքաղաքական առումով վտանգավոր են համարում: «Այդ համայքների ղեկավարները մեծ ու ազդեցիկ օջախների, ցեղերի ներկայացուցիչներ են, իրենք իրենց էությամբ անկախ են ու այսօրվա իշխանությունն այնտեղ մեծ ազդեցություն չունի: Օրինակ, Կապանի քաղաքապետ Փարսյանը, որի դեմ գործ կա, հեղինակավոր մարդ է, ոտքերի վրա ամուր կանգնած բիզնեսմեն է, որն այս իշխանությանը ոչնչով պարտական չի: Նույնը Գորիսի քաղաքապետն է՝ Առուշան Առուշանյանը, որի դեմ շինծու գործ են հարուցել: Մարդը գնացել է, իր պարտքն է ուզել, պարտք ուզողի դեմ գործ են հարուցել»:

Ըստ պաշտոնաթող գնդապետի, խուզարկությունները ունեն մարդկանց ահաբեկելու, զենքի հավանական պաշարները հավաքելու, մարդկանց աքցանի մեջ առնելու ու ճնշելու նպատակ: Դաշտերը մշակված չեն, գյուղատնտեսությունն անկում է ապրում: Հիմա սպանդանոցների հարցն է սրվելու, մարդիկ ավելի են սնանկանալու, ու հնարավոր ընդվզումները քրեական գործերով կանխելու, ահի մթնոլորտ տարածելու, մարդկանց իրենց ենթարկելու տարբերակ է»: Ինչո՞ւ է պետք մարդկանց ահաբեկել, ինչ նպատակով բայց: «Պետք է հավաքել զենքերը, որոնք դեռ կարող է և կան մշտապես կռվող սյունեցիների մոտ, հեղինակազրկել հզոր ընտանիքները, որոնք վաղը կարող են հայրենիքի ինքնապաշտպանությունը կազմակերպել, ժողովրդի դիմադրությունը, եթե հողերը հանձնեն»:

hraparak.am



Նման նյութեր