«Թուրքիայի հետ բանակցությունը` ինձ վրա». ի՞նչ նախագիծ էին մտածել Սարգսյանն ու Չեռնոմիրդինը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Թուրքիայի հետ բանակցությունը` ինձ վրա». ի՞նչ նախագիծ էին մտածել Սարգսյանն ու Չեռնոմիրդինը. armeniasputnik.am

Վիկտոր Չեռնոմիրդինն ու Արմեն Սարգսյանը ծանոթացել են 1980-ականներին կեսին։ Ապագա նախագահին, որն այն ժամանակ երիտասարդ գիտնական էր, հրավիրել էին Հայաստանի գազամատակարող ընկերության աշխատանքը բարելավելուն ուղղված նախագծի աշխատանքներին մասնակցելու։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, որ 90-ականներին, երբ ղեկավարում էր Հայաստանի կառավարությունը, գործընկեր Վիկտոր Չեռնոմիրդինի հետ քննարկել է սփյուռքահայերի միջոցներով ՌԴ-ում էներգաընկերության ձեռքբերելու հարցը։

«Այլ` ֆանտաստիկ գաղափարներ էլ կային՝ համատեղ ընկերություն ստեղծելու։ Սփյուռքից գումար ներգրավելու և Ռուսաստանում էներգետիկ, նավթային կամ գազային ընկերություն գնելու։ Հիշում եմ՝ երբ Վիկտոր Ստեպանովիչի  հետ քննարկում էինք դա, նրա առաջին արձագանքն էր` նորից ինչ-որ ֆանտաստիկ գաղափար ասացիր», – պատմեց նախագահը։

Սարգսյանի խոսքով՝ Չեռնոմիրդինն ասել է, որ նավթային տերություն լինելու համար պարտադիր չէ նավթ ունենալ ու որպես օրինակ է բերել Նիդեռլանդներն ու Մեծ Բրիտանիան, որտեղ նավթ չկա, բայց Shell-ի ու BP-ի պես ընկերություններ կան։ Չեռնոմիրդինն այն ժամանակ համաձայնել էր։

«Նույնիսկ Ռուսաստանից Վրաստանով ու Հայաստանով դեպի Թուրքիա գնացող գազատարի գաղափար կար։ Նա (Չեռնոմիրդինը`խմբ) իր վրա է վերցրել թուրքական կողմի հետ հարցի քննարկումը։ Այն ժամանակ Թուրքիայի վարչապետը Թանսու Չիլերն էր», – ասաց Սարգսյանը։

Նախագահն ասաց, որ Չեռնոմիրդինի գրասենյակում առաջացած մեկ այլ գաղափար էլ է կյանքի կոչվել։

«Մենք ստորագրեցինք համատեղ ընկերություն ստեղծելու մասին առաջին փաստաթուղթը։ Հետագայում դա դարձավ «ԱրմՌոսգազպրոմը» (ներկայումս «Գազպրոմ Արմենիա»` խմբ.)», – նշեց նախագահը։

Նրա խոսքով՝ ի սկզբանե նախատեսվում էր այդ ընկերությունը դարձնել ուժեղ տարածաշրջանային խաղացող, որը գազային էներգետիկ օբյեկտներ կունենա ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանի այլ երկրներում։

Այդպես, փոխադարձ վստահությունն ու բարեկամությունը համարձակ գաղափարների ու հետաքրքիր նախագծերի հիմք դարձան։

«Երբեք չեմ մոռանա, երբ ծանր վիճակում հիվանդանոցում պառկած էի, Վիկտոր Չեռնոմիրդինն ամեն շաբաթ կնոջս ծաղիկ էր ուղարկում»,-ավելացրեց Սարգսյանը։

Նրանց ընկերությունը երկար տարիներ է տևել, չէր խանգարում նաև այն, որ հաճախ չէին կարողանում հանդիպել։ Երբ  Չեռնոմիրդինն արդեն հիվանդ էր, Սարգսյանը փորձում էր օգնել նրան, չէ՞ որ ժամանակին ինքն էլ էր ծանր հիվանդության միջով անցել։ Սարգսյանը հիշում է, որ Չեռնոմիրդինի համար ավելի դժվար էր, քանի որ նա այն ժամանակ արդեն կորցրել էր կնոջը։

armeniasputnik.am