ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ամենաըմբոստ ու անհնազանդ պատգամավորներից Թագուհի Թովմասյանը, որը նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիրն է եղել, մի քանի ամիս տեւած ֆիզարձակուրդից հետո երեկ առաջին անգամ եկել էր խորհրդարան։ Նա ԱԺ էր եկել հենց այն օրը, երբ «Իմ քայլը» խմբակցությունը միանձնյա՝ առանց ընդդիմության, որոշել էր ՍԴ 3 անդամներից ազատվելու նախագիծն էքսպրես կարգով քննարկել եւ ընդունել։ Ընդդիմադիրները վստահեցնում են, որ բոլոր նրանք, ովքեր կողմ են քվեարկել այս նախագծին, վաղը կանգնելու են քրեական պատասխանատվության առջեւ՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածով։ Կողմ քվեարկողներից մեկն էլ Թագուհի Թովմասյանն է, որը, ի տարբերություն նախորդ խնդրահարույց քվեարկությունների, եւ չնայած ֆիզարձակուրդում է, եկել էր, որ կողմ քվեարկի այս որոշմանը։ Հիշեցնենք․ նա Գագիկ Ծառուկյանին քրեական հետապնդման ենթարկելու օրը ներկա չէր, սակայն «Իմ քայլում» այդ թեմայով խիստ քննարկում էր եղել, եւ երեկվա ԱԺ նիստին ներկա էին ու կողմ քվեարկեցին ե՛ւ Թովմասյանը, ե՛ւ Սասուն Միքայելյանը։
– Տիկին Թովմասյան, Դուք տեւական ժամանակ չէիք գալիս խորհրդարան, դա պայմանավորված է միայն Ձեր՝ ֆիզարձակուրդում գտնվելո՞ւ հանգամանքով, թե՞ այլ պատճառներ էլ կային։
– Չէ, ես իմ երեխայի խնամքի արձակուրդում էի գտնվում եւ այդ պատճառով միայն չէի գալիս խորհրդարանի աշխատանքներին մասնակցելու։
– Բայց հետեւո՞ւմ էիք քաղաքական անցուդարձին, կուսակցության հետ կապը պահո՞ւմ էիք։
– Ես դեկտեմբեր ամսից ընդհանրապես կտրված եմ եղել Հայաստանի քաղաքական, արտաքին քաղաքական եւ ցանկացած տեսակի իրադարձություններից եւ զբաղված եմ եղել երեխայի խնամքով, որովհետեւ ինձ Աստված այդ աշխատանքով էր օժտել, ես զբաղված էի բացառապես իմ երեխայի խնամքով։
– Դուք այսօր (երեկ) առաջին անգամ եկել էիք խորհրդարան՝ մասնակցելու մի արտահերթ նիստի, որին կողմ քվեարկողները, ըստ ընդդիմադիրների, վաղը կարող են մեղադրվել սահմանադրական կարգի տապալման մեջ եւ կանգնել քրեական պատասխանատվության առջեւ։ Մտավախություն չունե՞ք այս հարցում։
– Մտավախությունս հետեւյալն էր, եւ ես այդ մասով հարցադրման տեսքով իմ մտավախությունը ներկայացրի, մասնավորապես, թե ինչու մենք մեր միջազգային գործընկերների խորհրդատվական կարծիքը հարցնելիս դրանից հետեւություն չարեցինք, որովհետեւ ես կարդացի, որ Վենետիկի հանձնաժողովն իր որոշակի ձեւակերպումներում ոչ անքան գոհունակություն էր հայտնել շտապողականության եւ իրենց հանձնաժողովի որոշ առաջարկներ չներառելու մասով։ Իմ գործընկերները տվեցին պատասխան, որը, ըստ էության, կարելի է ասել, որ իրավիճակն ամփոփեց, եւ այդ մասով չեմ կարծում, որ որեւէ խնդիր լինի։ Իսկ այն, որ Սահմանադրական դատարանի լեգիտիմության, արդյունավետ գործունեության խնդիր ունենք, դա տասնյակ տարիների խնդիր է եւ նոր չէ, որ ծառացած է առաջին հերթին ՀՀ իշխանությունների, երկրորդ հերթին՝ քաղաքացիների առջեւ։
– Բացի արտախորհրդարանական ուժերից, ԱԺ Ձեր ընդդիմադիր գործընկերները եւս հայտարարեցին, որ սա սահմանադրական հեղաշրջման փորձ է, ուստի իրենք չեն ցանկացել մաս կազմել դրան, եւ դուք միայնակ եք իրականացնում այդ ակտը։
– Դե, իշխանությունն է նախաձեռնել, «Իմ քայլը» խմբակցությունն է նախաձեռնել, բնականաբար, իշխանությունն էլ պիտի տեր կանգնի իր նախագծին։
– Այդ քաղաքական հեռանկարը, որ վաղը, երբ իրավիճակ փոխվի, եւ դուք չունենաք այն լծակները, որով կկարողանաք ապահովագրել ձեզ պատասխանատվությունից, չե՞ք մտածում, որ բոլոր 88 պատգամավորներով կկանգնեք օրենքի առջեւ։
– Ցանկացած մարդ իր ցանկացած քայլի համար պատասխանատվություն կրում է, եւ, բնականաբար, մենք չենք կարող լինել բացառություն։
– Դուք, փաստորեն, «կողմ» քվեարկեցիք այս նախագծին։
– Բնականաբար, որպես խմբակցության ներկայացուցիչ, եթե կա քաղաքական որոշում, սա քաղաքական հարց է եւ քաղաքական որոշման արդյունքում իրականացված քվեարկություն է։
– Իսկ օրենքն ուղարկելո՞ւ եք Սահմանադրական դատարան՝ կարծիք հարցնելու։
– Մի որոշ ժամանակ հետո պարզ կլինի։
– Երբ գնում էիք հանրաքվեի, այն ժամանակ չցանկացաք խորհրդարանի միջոցով լուծել այս խնդիրը, քանի որ ձեր խմբակցության անդամները պնդում էին, թե անպայման պետք է քաղաքացու կարծիքը հարցնել։ Հիմա ինչո՞ւ չեք ցանկանում քաղաքացու կարծիքը հարցնել։
– Դուք ինձ հարց եք տալիս, որն ունի քաղաքական պատասխան՝ կա այս պահին քաղաքական որոշում՝ Սահմանադրական դատարանի հարցը լուծել քաղաքական որոշման արդյունքում եւ հրատապության կարգով։
– Բայց այսօրվա ձեր հայտարարությունները հակասության մեջ են մի քանի ամիս առաջվա հայտարարությունների հետ՝ ինչո՞ւ եք հիմա որոշել հրատապ, առանց քաղաքացու կարծիքը հարցնելու այդ հարցը լուծել։
– Բայց հիմա կատարված գործողությունները չեն նշանակում, որ մենք հերքում ենք, որ քաղաքացու կարծիքը մեզ համար կարեւոր է։ Շարունակում է կարեւորությունը պահպանել, բայց հասկանում եք, որ համավարակի այս պայմաններում, բնականաբար, արկածախնդրություն կլիներ գնալ հանրաքվեի։
– Շատ է խոսվում, որ ձեր խմբակցությունում կան ընդդիմացող պատգամավորներ, այդ թվում Ձեր անունն են նշում։ Խոսվում է, որ հնարավոր է որոշ պատգամավորներ առանձնանան եւ անկախ ֆրակցիա ձեւավորեն։
– Ես էսպես պատասխանեմ՝ վեց ամիս ես կտրված եմ Հայաստանի քաղաքական իրականությունից, խորհրդարանի աշխատանքից, բայց 6 ամիս շարունակ ամեն օր ինձ տարբեր ցուցակներում են ներառում՝ մի օր ա՛յս անհնազանդների, մի օր ա՛յն անհնազանդների, այն դեպքում, երբ որ ես գտնվում էի ուղղակի խնամքի արձակուրդում։ Բայց այն, որ ես իմ սեփական տեսակետն արտահայտելու խնդիր երբեք չեմ ունեցել եւ չեմ ունենալու, դրանում չկասկածեք։ Ես եղել եմ ազատ խոսքի ջատագով ինչպես Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, այնպես էլ Սերժ Սարգսյանի ու նաեւ՝ հիմա։ Եվ իմ խոսքի ազատությունը, իմ՝ կարծիք արտահայտելու իրավունքը որեւէ մեկը չի կարող իմ ձեռքից վերցնել, այդ թվում եւ խորհրդարանում՝ պատգամավորի կարգավիճակով։
– Լա՞վ չէ, որ Ձեզ տեղավորում են անհնազանդների, ոչ թե հլու-հնազանդ կամակատարների շարքերում։
– Ես շնորհակալ եմ այդ ձեւակերպման եւ այդ շարքերում ինձ տեղավորելու համար։
– Հիմա, օրինակ, տեղեկություններ կան, որ ձեր խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, ժողովրդական լեզվով ասած, «հայհոյանք է դրել» բոլոր նրանց վրա, ովքեր կհամարձակվեն դեմ քվեարկել Ծառուկյանին կալանավորելու միջնորդությանը։ Եվ լավ չէ՞, որ կան անհնազանդներ, որոնք դեմ են գնում նման մշակույթին։
– Ես Ձեր հարցը թողնեմ անպատասխան, որովհետեւ տեղյակ չեմ խմբակցության քարտուղարի կամ որեւէ մեկի՝ նման լեքսիկոնի մասին։
– Ի դեպ, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումները շատերը համարում են քաղաքական հետապնդում, քանի որ վստահ են՝ ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Ծառուկյանը հունիսի 5-ին կառավարությանը քննադատող հայտարարությամբ հանդես եկավ։ Ի՞նչ կասեք այս մասով։
– Ես այս մասով ընդամենը մի բան կասեմ՝ շատ եմ ափսոսում, որ խորհրդարանը հավատաց գլխավոր դատախազի փաստարկներին, բայց դատարանում դրանք համարվեցին ոչ իրավաչափ եւ ոչ հավատընծա, ինչի համար ես մեծապես ափսոսում եմ։
– Դուք ափսոսում եք, որ դատախազի փաստարկները դատարանում չապացուցվեցի՞ն, թե՞ ափսոսում եք, որ ձեր խմբակցությունը հավատաց դրանց։
– Ես անձամբ ներկա չեմ եղել, հետեւաբար, իրավաբանորեն չեմ հավատացել, բայց ես արդեն պատասխանեցի՝ ես ափսոսում եմ այդ իրադարձությունների համար։
Ամբողջությամբ՝ hraparak.am