Որպեսզի մաշկը առողջ և գեղեցիկ փայլ ունենա, հաճախ օգտագործում ենք քսուքներ, տոնիկներ, լոսյոններ, որոնք սնուցում և խոնավեցնում են մաշկը: Արդյո՞ք հասնում ենք ցանկալի արդյունքի:
Պարզվում է, որ մաշկի գեղեցկության գաղտնիքը մաշկի հաճախակի մաքրումն է:
Նման դեպքերում օգնության են հասնում սկրաբները: Այս խառնուրդներն օգնում են մաքրել մաշկի մեռած շերտը, որի պատճառով էլ մաշկի գույնը փոփոխվում է: Մաշկի մեռած բջիջները հնարավորություն չեն տալիս, որ քսուքներն ու լոսյոնները ներթափանցեն մաշկի խորը շերտեր և առողջ տեսք հաղորդեն դրանց: Անխոս, մաշկի մեռած բջիջների մի մասը հեռացնում ենք գելերի միջոցով, սակայն այն բջիջները, որոնք անհնար է հեռացնել, կարելի է մաքրել միայն սկրաբների միջոցով:
Տան պայմաններում շատ հեշտ է պատրաստել սկրաբներ: Կարող եք օգտագործել սուրճի մրուր, կոկոսի փաթիլներ, մանրացրած ընկույզ, աղ կամ շաքար: Մինչև սկրաբ քսելը, նախ՝ պետք է խոնավեցնել դեմքի մաշկը: Դեմքի մաշկը մաքրեք մերսող շարժումներով՝ բերանի անկյունային հատվածներից՝ դեպի քունքեր, ճակատի միջնամասից՝ դեպի քունքը, կզակից՝ դեպի ականջների բլթակներ: Խուսափեք աչքերի շուրջ գտնվող հատվածից: Այսպես մերսեք դեմքը 1-2 րոպե և լվացվեք տաք ջրով: Պրոցեդուրայից հետո անպայման սնուցող քսուք քսեք:
Պետք է նշել, որ զգայուն կամ շատ չոր մաշկը մաքրելիս սկրաբին պետք է կաթնային մթերքներ ավելացնել, օրինակ՝ յոգուրտ, ինչպես նաև ձվի սպիտակուց, յուղեր: Այս ամենն անհրաժեշտ է դեմքի մաշկը չվնասելու համար:
Մի մոռացեք, որ սկրաբները պետք է օգտագործել շաբաթական 1-2 անգամից ոչ ավելի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը