Ախուրեան թերթի 1908թ. Համարներից մեկից իմանում ենք, որ նախորդ դարասկզբին էլ քաղաքը մեծ վնաս է կրել ջրհեղեղից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ախուրեան թերթի 1908թ. Համարներից մեկից իմանում ենք, որ նախորդ դարասկզբին էլ քաղաքը մեծ վնաս է կրել ջրհեղեղից

Գյումրին երեկվա ջրհեղեղից հետո։

Ախուրեան թերթի 1908թ. Համարներից մեկից իմանում ենք, որ նախորդ դարասկզբին էլ քաղաքը մեծ վնաս է կրել ջրհեղեղից։

Ալէքսանդրապօլի հեղեղ

Ալէքսանդրապօլի, առանց այն էլ տնտեսապէս աղքատ ժողովուրդը, այսօր կանգնած է մի մեծ, անսպասելի դժբախտութեան առաջ։ Ջրի կատաղի ալիքները, պատռելով մերձակայ սարերի կուրծքը, մի քանի տասնեակ րոպէում ագահ կերպով կուլ տւեցին բազմաթիւ տներ ու խանութներ, խորտակեցին կրաշէն կամարներ, ոչնչացրին ամեն ինչ, որ պատահեց ճանապարհին։
«Ձորի բողազ» կոչւած տեղից սկսած, որի միջից հոսում է «Գիւմրի չայ»-ը մինչև Ալէքսանդրեան փողոցի սկիզբը, Ս․ Նշան եկեղեցու ուղղութեամբ, նոյնպէս և սրա հակառակ կողմը՝ դիտողի առաջ պատկերանում է մի սոսկալի տեսարան։
Ս․ Նշանից սկսած մինչև Բէհբութեան փողոցի անկիւնը գրեթէ բոլոր տները քանդւած և աւերւած են։ Նրա շարունակութեան վերայ գտնւած միւս տներն ու խանութները, որոնք կարողացել են մի կերպ դիմանալ աւերիչ ալիքներին, սակայն զոհ են տւել իրենց մէջ եղած չեղածը, կամ ջուրը թրջել ոչնչացրել է կահ կարասիք, մթերքներ և այլն։ Ջրի ահռելի հոսանքին չդիմանալով կրաշէ կամուրջները մէկը միւսի ետևից խորտակւած են իրենց հետ ջրի կերակուր դարձնելով շինութիւնները։ Փողոցների մէջ գտնւած կամուրջները ջրի անցքերը, ներկայացնում էին մի հրաբխային տեսարան, սոսկալի խշշոցով 2-3 արշին բարձրությամբ դուրս էր թռչում ջրի տարափը և պատկերին աւելի սոսկալի տեսք տալիս։
Մարդկանց յուսակտուր աղաղակը խառնւած բնութեան արհաւիրքի սոսկալի վայունի հետ, կարծես մի քանի վայրկեան աւեր էր գուշակում մի ամբողջ քաղաքի համար։ Շանթահար ժողովուրդը բացի անզօր ախից ու հառաչից ոչինչ չէր կարող անել և նոյն իսկ անզօր էր կատաղի ալիքներին կերակուր դարձած մարդկանց, կենդանիներին ազատել։
Ինչպէս պատմում են այս երրորդ սոսկալի հեղեղն է Ալէքսանդրապօլում, առաջինը պատահել է 30-ական թւականներին, և ականատեսների պատմելով աւելի մեծ չափեր է ընդունւած եղել, երկրորդը ճիշտ 30 տարի առաջ է պատահել, սակայն աւելի թոյլ քան այժմ։
Վնասի մօտակայ չափն այժմ կարելի է հաշւել մօտ մի միլիօն․ թէ որքան ծանր է մի այդպիսի հարւած աղքատ Ալէքսանդրապօլի համար, կարծում ենք առանձին բացատրութեան կարիք չկայ այլևս։

Մի հարուստ քաղաքի համար անշուշտ այնքան սոսկալի չէր երևայ պատահած աղետը, մանաւանդ բարեբախտաբար մարդկային զոհերը 3-4-ից չեն անցնում, այնտեղ հնարաւոր էր անմիջական օգնութեան հասնել և կարճ ժամանակում վնասւած ազգաբնակութեան աւերւած տնտեսութիւնը կանոնաւորել։
Ալէքսանդրապօլը այդ միջոցից միանգամայն զուրկ է․ բնակչութեան մեծամասնութիւնը, օրական ապրուստի կարօտ արհեստաւոր, մանր առևտրական և ահա նրանցից շատերը կորցրել են իրենց տունն ու տեղը, ապրուստի միակ միջոց մի քանի կոպէկ ձեռքի դրամը, ապրանքը․ տան կահկարասիք, և այսօր ապաստարան են գտել իրենց ազգականների կամ բարեկամների մօտ։ Քաղաքիս ազգաբնակութեան մի այլ մասը․ բոստանճիները բոլորովին վանսւել են, աբողջ բոստանները, նրանց ներկայ և ապագայ ապրուստի յոյսը մօտ մի արշին բարձրութեամբ տիղմով ծածկւած են, իրենց տակ թաղելով բազմաթիւ ընտանիքների գոյութեան միակ աղբիւրը։

Կրկնում ենք, եթէ ազգաբնակութիւնը տնտեսապէս բարելաւ վիճակի մէջ գտնւէր, աղետն այնքան սոսկալի չէր երևայ, բայց ինչպէս ասացինք, աղքատութեան վերայ եկաւ մի այլ աղքատութիւն, ահա այն գլխաւոր հանգամանքը, որի վերայ պէտք է խիստ ուշադրութիւն դարձնել։
Անհրաժեշտ է ըստ կարելոյն շուտափոյթ օգնութեան հասնել աղետից թշւառացած ընտանիքներին, գոնէ վերանորոգել բնակարանները, միջոց տալ մանր առևտրականներին, արհեստաւորներին, մի խօսքով վտանգւած ժողովրդին իր գոյութիւնը պահպանել։ Քանի դեռ ամեն տեղ նկատելի են հեղեղի վնասի հետքերը, վնասի իսկական չափը որոշելու համար անհրաժեշտ է մի մասնաժողով ընտրել և տեղն ու տեղը անձամբ ստուգել վնասի քանակը։

Առանձին ուշադրութիւն են պահանջում և «Գիւմրի չայի» վերայի կամարները, որոնց վերայ շինւած են բազմաթիւ տներ ու խանութներ․ ինչպէս նկատւում է յիշեալ կամարներն արդէն վտանգւած են, որոնք ապագային կարող են անհամեմատ աւելի աղետալի լինել, մի ամիս չէր անցել այն օրից, երբ յիշեալ կամուրջներից մէկը փուլ եկաւ և մի մարդ զոհ տարաւ։ Պէտք է խիստ մանրազննին քննութեան առնել այդ կամարները և վաղօրօք հնար եղած պաշտպանողական միջոցների ձեռնարկել։

Իսկ ամենագլխաւորը, պէտք է մտածել ջրի ընթացքը փոխելու մասին, ինչպէս երևում է գիտակ մարդկանց պատմածից, հնարաւոր է ջրի համար բանալ և երկրորդ ճանապարհ, որ հեղեղների ժամանակ ջուրը երկուսի բաժանւելով, անզօր լինի այսպիսի աւերումներ առաջ բերել։ Ահա այն հրատապ խնդիրները, որոնց առաջ չպէտք է դանդաղի ինչպէս քաղաքային վարչութիւնը, նոյնպէս և գիտակ ու ձեռնահաս հասարակութիւնը։

Կարապետ Ափինեան
05 հունիսի, 1908թ․