Հաճախ կարելի է լսել, որ առողջ սնունդը էժան չէ, սակայն դա ամենեւին էլ այդպես չէ, պնդում է սննդաբան Քրիստինա Անդերսոնը (Շվեդիա): Ըստ նրա` կան շատ մթերքներ, որոնք շատ առողջարար են, բայց եւ մատչելի:
Սոխ
Սոխն օգտակար հակաօքսիդիչների, վիտամինների եւ հանքանյութերի աղբյուր է, այդ թվում` կալցիումի, երկաթի եւ սելենի: Ավելին, այն կարող է որոշակի «մանրէասպան ազդեցություն» ունենալ: Ճիշտ է, ստամոքսային խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում վերամշակված, այլ ոչ թե հում սոխ ուտել:
Կաղամբ
Կաղամբը կարող է օրգանիզմն ապահովել քաղցկեղից պաշտպանող միկրոէլեմենտներով: Աղեստամոքսային տրակտի օրգանների աշխատանքի խանգարման դեպքում խորհուրդ է տրվում եփած կաղամբ ուտել` ինչպես եւ սոխի դեպքում:
Կարտոֆիլ
Կարտոֆիլը եւս մի առողջարար եւ էժան մթերք է: Ըստ սննդաբանի` ցանկալի է կարտոֆիլն ուտել խաշած եւ սառը. այդ դեպքում դրա մեջ պարունակվող օսլան բարենպաստ ազդեցություն կունենա արյան մեջ շաքարի մակարդակի վրա:
Լոբազգիներ
Լոբազգիները հարուստ են սպիտակուցներով, հանքանյութերով եւ սննդային մանրաթելերով, ուստի դրանք օգնում են նորմալացնել արյան գլյուկոզան եւ ախորժակի հորմոնները: Դրանք նաեւ օգնում են առողջ քաշ պահպանել:
Ձու
Ձվերը սպիտակուցների ամբողջական աղբյուր են` բոլոր անհրաժեշտ ամինաթթուներով:
Արմատապտուղներ
Գազարը, մաղադանոսը եւ ճակնդեղը հարուստ են հակաօքսիդիչներով եւ վիտամիններով, որոնք ամրացնում են իմունային համակարգը:
Ամբողջական ձավարեղեն
Հացահատիկի մեջ պարունակվող բետա գլյուկանները դրական են ազդում արյան մեջ գլյուկոզի եւ խոլեստերինի մակարդակի վրա: