Ինչ պետք է անել և ինչ չի կարելի անել ցրտահարության դեպքում. Ցրտահարության բուժումը
Advertisement 1000 x 90

Ինչ պետք է անել և ինչ չի կարելի անել ցրտահարության դեպքում. Ցրտահարության բուժումը

Ձմեռային երկարատև զբոսանքների ընթացքում կարող ենք ոչ միայն  մրսել, այլև նշանակալի վնաս հասցնել մաշկին ցրտահարվելու արդյունքում։ Adme.ru-ն ներկայացրել է խորհուրդներ, որոնց անհրաժեշտ է հետևել ցրտահարությունից խուսափելու և դրա դեպքում ճիշտ վարվելու համար։

Որոշեք ցրտահարության աստիճանը

1. Մակերեսային ցրտահարություն. այս դեպքում սառում է միայն մաշկը, տեղի է ունենում արյունատար անոթների սպազմ։ Այդ պատճառով մաշկի ցրտահարված հատվածը դառնում է անգույն կամ հակառակը՝ կարմրում է։ Սա կարող է ուղեկցվել թմրածության թույլ զգացումով, ցավով։ Մաշկի կառուցվածքն այս դեպքում չի փոխվում, ճնշման դեպքում պահպանվում է զգայունությունը։ Մաշկի վնասված հատվածը տաքացնելուց հետո թվարկված նշանները կանհետանան։ Հիշեք, որ երեխաների շրջանում ցրտահարությունն ավելի շուտ է տեղի ունենում, քան մեծահասակների մոտ։ Ամենից հաճախ վնասվում են մարմնի բաց հատվածները՝ ականջներ, քիթ, այտեր, ձեռքերի և ոտների մատներ։

2.Թեթև ցրտահարություն։ Չնայած այս դեպքում ևս տհաճ զգացողություններ են առաջանում, վախենալու կարիք չկա. այն հեշտ է բուժել։ Այս վիճակի դեպքում մաշկը կորցնում է զգայունությունը, դառնում է սպիտակ կամ մոխրագույն-դեղին՝ կարմիր հետքերով, այտուցվում է, ցավում։ Այս ամենը բջիջների մահվան չի հանգեցնում։

3. Ծանր ցրտահարություն։ Ցրտահարության ամենավտանգավոր մակարդակն է։ Մաշկը գունատվում է, կոշտանում։ Մարդը կարող է զգայունության կորուստ և թմրածություն զգալ։ Մաշկի վրա կարող են ձևավորվել բշտիկներ, որոնք լցվում են արյունոտ հեղուկով։ Մաշկի վրա կարող են առաջանալ մոխրագույն-սև գույնի մահացած հատվածներ։ Ամենածանր ցրտահարության դեպքում վնասվում են մկաններն ու ոսկորները, մահանում են մաշկն ու բջիջները։

Ցրտահարության բուժումը

1. Մի շփեք սառած հատվածները։ Հենց զգում եք, որ սկսում եք սառչել, միանգամից տեղափոխվեք տաք տարածք և փորձեք տաքացնել մարմնի վնասված հատվածները։ Սառած մատները տեղավորեք թևատակերի հատվածում։ Ոչ մի դեպքում թույլ մի տվեք, որ ձեռքերի սառած հատվածը նորից շփվի ցածր ջերմաստիճանի հետ։ Մի շփեք ձեռքերը, դա կարող է ավելի լուրջ վնասվածքների հանգեցնել։

2. Ցավազրկողներ ընդունեք։ Եթե ծանր ցրտահարություն եք ստացել, տաքացման ընթացքը կարող է ցավերով ուղեկցվել։ Ցավը հանգստացնելու համար ընդունեք հակաբորբոքային դեղամիջոցներ։ Մասնագետները խորհուրդ չեն տալիս ասպիրին օգտագործել, քանի որ այն կարող է խոչընդոտել վնասված հատվածների վերականգնմանը։

3. Սառած հատվածները զգուշությամբ տաքացրեք տաք ջրում։ Այս դեպքում ջրի օպտիմալ ջերմաստիճանը պետք է 40-42 աստիճանից բարձր չլինի։ Հնարավորության դեպքում ջրի մեջ ավելացրեք հակաբակտերիալ օճառ. դա կօգնի խուսափել վտանգավոր վարակներից։ Սառած հատվածը ջրի մեջ թողեք 15-30 րոպե։ Խորհուրդ չի տրվում մարմնի սառած հատվածները տաքացնել կրակի մոտ։

4. Ալկոհոլ մի օգտագործեք։ Սպիրտային խմիչքները մեծապես նվազեցնում են ցրտի զգացումը և թույլ չեն տալիս ժամանակին զգալ, թե որքան եք սառել։ Դա կարող է խանգարել նաև վերականգնման պրոցեսին։

5.Դիմեք բժշկի օգնությանը։ Եթե մի քանի օրվա ընթացքում մաշկի վնասված հատվածները չեն վերականգնվում, դիմեք բժշկի օգնությանը։

Ընդհանուր խորհուրդներ

1. Բազմաշերտ հագուստ կրեք։ Նախընտրելի է կրել հագուստ, որը պատրաստված է անջրանցիկ և ջերմամեկուսիչ նյութերից։ Մի մոռացեք տաք պահել գլուխն ու իրանը։

2. Փողոց դուրս գալուց առաջ լավ կերեք: Անբավարար սնունդը և հոգնածությունը կարող են  թուլացնել օրգանիզմի պաշտպանողական հատկությունները։

3. Ցրտին մի ծխեք։ Ծխելու դեպքում արյունատար անոթները սեղմվում են, և վերջույթներում արյան շրջանառությունը դանդաղում է։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը



Նման նյութեր