Ստորև ներկայացնում ենք քայլերը, որ պետք է կատարի լրագրողը պատերազմական իրավիճակում իր աշխատանքը կատարելիս:
- Զինվորական համազգեստ և զենք կրող լրագրողը կարող է թիրախ դառնալ, իսկ վերցվելու դեպքում նրան կարող են վերաբերվել որպես ռազմագերու:
- Բախման գոտի մեկնելուց առաջ անվտանգության հարցերով վարժանք-դասընթացները պարտադիր են:
- Սաղավարտն ու զրահաբաճկոնն անվտանգության նվազագույն պայմանն են:
- Լրագրող լինելը վկայող տարբերանշանները և զինվորական համազգեստից տարբերվող գույներով հագուստը ցանկալի են:
Ղեկավարները չպետք է իրենց լրագրողին ուղարկեն այնպիսի վայրեր, որոնք խիստ վտանգավոր են երևում:
Լրագրողների պաշտպանության կոմիտե միջազգային կազմակերպության (CPJ) այս ուղեցույցը* ոչ միայն թղթակիցների համար է, այլև մեդիա ղեկավարների, որոնք իրենց լրագրողներին գործուղում են վտանգավոր գոտիներ:
Պատերազմը, լրագրողները և միջազգային օրենքը
Հիմնական փաստաթուղթը Ժնևի 1949թ. կոնվենցիան է՝ 1977-ի լրացում-արձանագրություններով: Պատերազմական իրավիճակ լուսաբանող ցանկացած լրագրող դրանց հիմնարար սկզբունքները պետք է իմանա երկու պատճառով. նախ` որպեսզի արձանագրի և հրապարակի խախտումները, այդ թվում՝ պատերազմի հանցագործությունները, ապա՝ որովհետև դրանց մի մասը վերաբերում է լրագրողներին:
Ժնևի կոնվենցիայով` բանակի հավատարմագրած լրագրողները համարվում են ռազմական կոնտինգենտի մաս: Եթե հակառակորդ ուժերը նրանց վերցնեն, նրանց պետք է վերաբերվեն որպես ռազմագերու, և այդ լրագրողները չեն կարող քաղաքացիական, ասենք՝ լրտեսության, մեղադրանքով դատվել:
Քանի որ այս նորմը մշակվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո, 1979-ի Առաջին լրացում-արձանագրության 79-րդ հոդվածում ասվում է՝ զինված բախումների գոտում մասնագիտական պարտքը կատարող լրագրողները պետք է դիտվեն որպես քաղաքացիականներ, եթե նրանք այս կարգավիճակին հակասող որևէ քայլ չեն կատարել: Օրինակ, եթե նրանք զինվորական համազգեստ չեն հագել:
Պատերազմի միջազգային օրենքներով՝ արգելվում է քաղաքացիականներին թիրախավորելը: Իսկ եթե քաղաքացիականներին վերցնում են հակառակորդ ուժերը, նրանք ռազմագերու կարգավիճակ չեն կարող ունենալ: Եվ նրանց կարող են ձերբակալել կամ դատական պատասխանատվության ենթարկել միայն տվյալ երկրի օրենքները խախտելու համար ( օրինակ, առանց վիզայի երկիր մտնելու համար):
Այսինքն` միջազգային մարդասիրական օրենքով՝ լրագրողները երկու հնարավորություն ունեն. առաջին՝ հավատարմագրվել որպես ռազմական թղթակիցներ և լինել բանակի հետ: Այդ դեպքում հակառակորդի ուժերի համար նրանք կարող են թիրախ դառնալ, իսկ վերցվելու դեպքում՝ ռազմագերու կարգավիճակ ունենալ:
Երկրորդ՝ կարող են պատերազմը լուսաբանել որպես քաղաքացիական թղթակիցներ` ըստ 1977-ի արձանագրությունների: Այս դեպքում նրանց թիրախավորելն արգելվում է, իսկ վերցվելու դեպքում նրանք չեն կարող ռազմագերու կարգավիճակ ունենալ:
Զենքը
Հակամարտություն լուսաբանող լրագրողները չպետք է զենք կրեն և չպետք է աշխատեն զենք կրող լրագրողների հետ, որպեսզի թիրախ չդառնան և հարցականի տակ չդնեն իրենց չեզոքությունը: Ամեն դեպքում, կա զինված թիկնապահներ վարձելու փորձը:
Վարժանք-դասընթացներ
Բախման գոտի մեկնելուց առաջ անվտանգության հարցերով վարժանք-դասընթացներ անցնելու անհրաժեշտությունը չափազանց մեծ է. լրագրողը և նրա հետ մեկնող թիմի մյուս անդամները պետք է իմանան, թե ինչպես պետք է պաշտպանեն իրենց և միմյանց: Ճիշտ է, այդ վարժանք-դասընթացները100 տոկոսով չեն կարող երաշխավորել անվտանգությունը, բայց մեծապես օգնել կարող են:
Օրինակ, դրանց ժամանակ սովորեցնում են, թե ինչպես կարելի է լսելով գուշակել արկերի ուղղությունը կամ արագ որոշել, թե որքանով կարող է տվյալ հաստության պատը պաշտպանել պայթող արկերից: Կամ՝ ինչպես կարելի է վնասազերծել կեղտոտ ջուրը:
Եվ որ կարևոր է, գրեթե բոլոր նման վարժանք-դասընթացներն ընդգրկում են առաջին բուժօգնության կանոնները: (Արևմուտքում կան նման վարժանքներ անցկացնելու գործում մասնագիտացած հատուկ ընկերություններ):
Սաղավարտ, զրահապատ բաճկոն և զրահապատ մեքենա
Զինված հակամարտության գոտիներում աշխատելիս զինվորական սաղավարտ կրելը լրագրողի համար պարտադիր է: Այն պաշտպանում է արկերի բեկորներից, նետվող քարերից և այլն:
Զրահաբաճկոնի տարբեր տեսակներ նախատեսված են տարբեր իրավիճակներում պաշտպանության համար: Օրինակ, կան դանակի հարձակումներից պաշտպանող նման բաճկոններ, որոնք ավելի արդյունավետ կարող են լինել բախումներով ուղեկցվող ցույցերի ժամանակ:
Կան հեռահար հրազենի կրակոցներից պաշտպանող զրահաբաճկոններ: Ավտոմատ հրացանի և նման այլ զենքերի կրակահերթից զրահաբաճկոնը կարող է պաշտպանել, եթե նրա մեջ կերամիկական կամ մետաղական սկավառակներ են անցկացված: Չնայած կան հատուկ արկեր, որոնք դրանց միջով էլ կարող են ներթափանցել:
Զրահապատ մեքենայի պաշտպանական առավելություններն ակնհայտ են, բայց այն այնքան էլ հուսալի չէ հրթիռակոծության, հակատանկային որոշ զինատեսակների և հակատանկային ականների դեպքում:
Առողջապահական հարցեր և առաջին անհրաժեշտության իրեր
Առողջապահական ապահովագրությունից բացի` պատերազմական գոտի մեկնելուց առաջ լրագրողը պետք է համապատասխան բուժհիմնարկում պատվաստանյութեր ընդունի՝ հնարավոր հիվանդությունների վտանգի առկայության դեպքում:
Լրագրողն իր հետ պետք է առնվազն ունենա տարբեր չափսերի ստերիլ վիրակապեր, միօգտագործման ռետինե ձեռնոցներ, շնչառությունը վերականգնող մեխանիկական միջոցներ, մկրատ, գնդասեղ, պլաստիկ տոպրակներ, լապտեր (առավել ցանկալի է, որ այն ամրացվի գլխին կամ սաղավարտին), երեք հակաբիոտիկներով քսուք:
Դեղամիջոցներն ընտրելիս անպայման պետք է հաշվի առնել օրգանիզմի առանձնահատկությունները. որոշ մարդիկ տարբեր դեղամիջոցների հանդեպ գերզգայուն են լինում, անգամ՝ ասպիրինի:
CPJ-ը պատերազմական գոտում աշխատող լրագրողներին խորհուրդ է տալիս արյան խմբի տվյալներով տարբերանշան կրել և իրենց հետ ունենալ դեղամիջոցների հանդեպ ալերգիայի մասին եւ անհրաժեշտ այլ տվյալներ:
Լրագրողը պետք է նախապես տեղեկանա, թե տվյալ գոտուց որ ճանապարհով կարող է հասնել բուժօգնության առաջին կետին կամ ուղղաթիռների թռիչքային ամենամոտ հրապարակին:
Պետք է քարտեզներ ունենալ և զգույշ լինել եկած ճանապարհով վերադարձի հարցում. գուցե, ասենք, արդեն ականապատել են այն: Լրագրողները պետք է հմուտ լինեն վտանգավոր գոտուց ոչ միայն անձամբ դուրս գալու, այլև գործընկերոջը դուրս հանելու գործում: Մեդիա գործատուն ևս պետք է պատրաստ լինի իր լրագրողներին անհրաժեշտության դեպքում այդ գոտուց հանելուն:
Ղեկավարները, խմբագիրները պետք է անընդհատ կապի մեջ լինեն թեժ գոտում աշխատող իրենց թղթակցի հետ, մանրամասն իմանան նրանց առաջիկա գրաֆիկը (այդ թվում՝ թե ում հետ է հանդիպելու): Պետք է մոտերքում գտնվող առնվազն մեկ վստահելի մարդու հետ կապվելու տվյալներ ունենան, որպեսզի անհրաժեշտության դեպքում արագ կոորդինացնեն լրագրողին գտնելու, փրկելու աշխատանքը:
Ամեն դեպքում, ղեկավարները չպետք է իրենց լրագրողին ուղարկեն այնպիսի վայրեր, որոնք խիստ վտանգավոր են երևում:
Հետախուզական հետապնդումից՝ զգույշ
Ոչ միայն հեռախոսային, այլև էլեկտրոնային կապը կարող է ապահով չլինել: Իհարկե, կարելի է տեքստերը ծածկագրող ծրագիր գործածել, բայց պետք չէ բացառել, որ կգտնվի դրա ապածածկագիրը: Մյուս կողմից, կոդավորված նամակներն ավելի մեծ ուշադրության կարող են արժանանալ: Ամեն դեպքում, հեռախոսային զրույցներում կամ նամակներում հատուկ անուններից հնարավորինս պետք է խուսափել:
Լրագրողների միջազգային ֆեդերացիայի (Բրյուսել) խորհուրդները
Լրագրողները պետք է հակամարտության գոտում շատ ավելի շրջահայաց աշխատեն և խուսափեն իրավիճակը սրող ցանկացած քայլից:
Աշխարհում եղել են նախադեպեր, երբ հակառակորդը ,կեղծե լրագրողների միջոցով գործողություններ է իրականացրել: Սա խստորեն դատապարտելի է, որովհետև վտանգում է իրական լրագրողների կյանքն ու աշխատանքը:
Ռազմական գոտիներում աշխատող լրագրողները, արժե, որ թույլ չտան լուսանկարել իրենց:
Հագուստ և վարք
Պատերազմական գոտում ճիշտը տարբերակիչ հագուստն է՝ տարբերակիչ գույներով, սաղավարտի վրա՝ մեդիայի որևէ տարբերանշանով. պետք է ակնհայտ լինի, որ նա լրագրող է:
Վառ գույները լրագրողին կարող են տեսադաշտում՝ ցցուն, իսկ կամուֆլյաժի կամ ռազմական կանաչի մյուս երանգները՝ թիրախ դարձնել: Կախված միջավայրից՝ մուգ կապույտը կամ մուգ շագանակագույնը կարող են ամենահարմարը լինել: Որոշ լուսանկարիչներ նախընտրում են սևը, բայց պետք է զգույշ լինել, քանի որ կռվողները կարող են սև համազգեստ ունենալ:
Հետտրավմատիկ սթրես
Շատ լրագրողներ կարծում են, թե իրենք հոգեպես այնքան ամուր են, որ բռնություններ լուսաբանելիս սթրեսի դեմ իմունիտետ ունեն: Սակայն փաստերը հակառակն են ցույց տալիս: Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր Էնթընի Ֆինշթեյնի 2001թ. ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պատերազմ լուսաբանած թղթակիցներն ավելի, քան սովորական լրագրողները, ենթարկվում են հետտրավմատիկ սթրեսի:
Սթրեսային հակազդեցությունը երբեմն համեմատաբար թեթև է լինում՝ դյուրագրգռություն, ցրված ուշադրություն, քնի խանգարում, զգայական բթացում, անապահովության զգացում: Շատ դեպքերում զգայական այս ռեակցիաները ժամանակի ընթացքում անցնում են: Բայց կարող են նորից ի հայտ գալ:
Զրուցելը, գրելը, նկարելը կամ պարզապես լաց լինելը կարող են շրջել ցավոտ հիշողությունների հունը: Ամեն դեպքում, լավագույն օգնությունը կարող է ցուցաբերել մասնագետը:
Դե երևի այսքանից հետո մնում է , որ միայն լրագրողի մասնագիտությունը ընտրելուց առաջ լինենք ս սթա,, կայացած, դառնաք պրոֆեսիոնալ և աշխատանքում պատրաստ լինենք ամեն ինչի, քանի որ ցանկացած լրագրող որոշ չափով զոհում է իր անձնական կյանքը հանուն Ձեր տեղեկացված լինելուն: