Ռազմական կոմունիզմ, կամ ինչպես են Հայաստանի ինժեներներն ամրապնդում պաշտպանությունը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ռազմական կոմունիզմ, կամ ինչպես են Հայաստանի ինժեներներն ամրապնդում պաշտպանությունը. armeniasputnik.am

Թե ինչպիսի պաշտպանական տեխնոլոգիաներ են մշակում Հայաստանում, մենք արդեն բազմիցս ենք պատմել։ Թե դրանցից որոնք են կիրառվում, բնականաբար, բարձրաձայնել չարժե (համենայն դեպս՝ հիմա)։ Բայց մի բան կարելի է հաստատ ասել` ինժեներական ոլորտի ձեռնարկություններն ինքնակազմակերպվել են և բանակին օգնում են այնպես, ինչպես երբևէ չեն օգնել։

Ընկերությունները, որոնք նախկինում մոլի մրցակիցներ էին, հիմա գծագրեր և ծրագրային կոդեր են փոխանակում: Եթե նյութեր կամ մասեր են անհրաժեշտ, տալիս են անվճար կամ ինքնարժեքով:

«Ընդ որում՝ նույնիսկ չեն ճշտում, թե ինչի համար է պետք։ Բավական է որևէ բան խնդրել, չեն հարցնում` ինչո՞ւ կամ ինչքա՞ն կտաս, ասում են՝ արի, վերցրու»։ Մենք էլ, բնականաբար, այդպես ենք անում»,- Sputnik Արմենիային ասաց «Լոկատոր» ընկերության տնօրեն Արման Խաչատրյանը։

Ոլորտի ձեռնարկությունները հայտարարությունների ներքին հարթակ են ստեղծել, որտեղ հայտնում են, թե ինչ ռեսուրսներ կարող են առաջարկել։ Ինչ-որ մեկը շարժիչներ ունի, ուրիշը՝ միկրոսխեմաներ, երրորդի ծրագրավորողները կարող են մի քանի օր անվճար աշխատել, կամ ինժեներները կարող են էլեկտրոնային սխեմա հավաքել։ Ինչ-որ ընկերություն գրել էր, որ հաշվարկների և փորձարկումների համար ֆիզիկոսներ են պետք։ Մի քանի ժամ անց նրանց դուռը թակեց միանգամայն անծանոթ մարդ՝ ինստիտուտներից մեկի գիտաշխատող, և հարցրեց, թե ինչով կարող է օգնել։

Ձևավորվել են նաև ծրագրող-կամավորականների շարժական բրիգադներ, որոնցում շատ երիտասարդ տղաներ ու աղջիկներ կան։ Երբ որևէ ձեռնարկության համար շտապ պետք է որևէ բան գրել, նրանք իսկույն գալիս են` չհարցնելով, թե որքան են վճարելու։

Կես խոսքից փոխըմբռնում է ձևավորվել նաև պաշտպանության նախարարության հետ։ Եթե ուսումնասիրությունների համար ինչ-որ նյութեր են պետք, տրամադրում են առաջին իսկ խնդրանքով` իմանալով, թե որ ընկերությունն ինչով է զբաղվում և հասկանալով, թե ինչի համար է խնդրում այս կամ այն բանը։

«Ընդ որում՝ նույնպիսի անվերապահ աջակցություն կա նաև պաշտպանության հետ կապ չունեցող գերատեսչություններից, եթե պետք է լինում նրանց հետ որևէ բան կարգավորել»,- ընդգծեց Խաչատրյանը։

Ինժեներներին օգնում է նաև սփյուռքահայությունը։ Մեկը՝ որպես ծրագրավորող, երկրորդը՝ որպես առաքիչ, եթե պետք է արագ ինչ-որ բան գնել և ուղարկել, ինչ-որ մեկն էլ ուղղակի նյութապես է օգնում, եթե ինչ-որ նյութեր կամ տեխնիկա շտապ գնելու կարիք կա։

Այլ կերպ ասած՝ տարերայնորեն, առանց կազմակերպման և վերևից եկած հրահանգի յուրատեսակ կոմունիզմ է ձևավորվել մեկ ընդհանուր նպատակի համար։

«Այս ամենի շնորհիվ մենք նոր, կարևոր տեխնոլոգիա ենք կազմել։ Սովորական պայմաներում մեզնից կես տարի կպահանջվեր, հիմա գլուխ հանեցինք մեկ շաբաթից էլ պակաս ժամանակում։ Տղաները մի քանի օր չեն քնել, աշխատել են երեք հերթափոխով, բայց ամեն ինչ արել են․․․ մի խոսքով, լավ ենք աշխատում»,- ավելացրեց Խաչատրյանը։

Այս և այլ տեխնոլոգիաները փորձարկվում և կատարելագործվում են պատերազմական պայմաններում։

armeniasputnik.am



Նման նյութեր