Տիգրանակերտ, Արցախ
Քանի որ շատ է խոսվում Տիգրանակերտի մասին, ու թյուրըմբռնումներն էլ բազմաթիվ են, հստակություն մտցնենք։
Տիգրանակերտը Տիգրան 2-րդի կառուցած հելլենիստական քաղաքներից է (մ․թ․ա․ 1-ին դար), որ գտնվում է Արցախում։ Տիգրանակերտը հաճախ մեզ հանդիպած նկարի ամրոցը ՉԷ։ Պատկերը հատուկ չեմ տեղադրում։
Այդ ամրոցը կառուցվել է 18-րդ դարում Փանահ խանի կողմից։ Նրա իդեալականացված վերակառուցումը կատարվել է 20-րդ դարում։ Այդ ժամանակ Տիգրանակերտ քաղաքը դեռևս հողի տակ էր։ Ամրոցը այնքանով է կապվում Տիգրանակերտի հետ, որ նրա պատերը կառուցման ժամանակ շարվել են քաղաքից մնացած քարերով։ Իսկ վերջին տարիներին, երբ Տիգրանակերտը բացվեց որպես հուշարձան, քաղաքի պեղումներից ստացված իրերով կազմակերպվեց թանգարան, որն էլ սկսեց գործել ամրոցի ներսում։
Այժմ ԻՐԱԿԱՆ Տիգրանակերտի մասին։ Քաղաքը հայտնաբերվել է շուրջ 15 տարի առաջ պատմաբան, հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանի և նրա գլխավորած արշավախմբի կողմից։ Սկսվել են պեղումները, որոնք իրականացվում էին քաղաքի տարբեր հատվածներում` ամրացված թաղամասում, վաղքրիստոնեական հրապարակում և այլն։
Տիգրանակերտ քաղաքը, ինչպես կարող եք տեսնել ներքևի նկարներից, հզոր և մեծարժեք քաղաք է։ Որևէ կերպ նույնականացնել քաղաքը 18-րդ դարի ամրոցի հետ ոչ միայն սխալ է, այլև մեզ խանգարում է Տիգրանակերտի իրական արժեքը հասկանալ և գիտակցել, թե ինչ ունենք ու ինչի համար ենք պայքարում։ Եթե մենք սրտացավ ենք մեր մշակութային ժառանգության հանդեպ, ապա պետք է ճանաչենք այն։ Տիգրանակերտը բազմամշակութային քաղաք էր, որտեղից նաև հայտնաբերվել են հայերեն հնագույն արձանագրություններ։
Մենք չգիտենք՝ ինչ ճակատագրի կարժանանա Տիգրանակերտ հզոր քաղաքը։ Պատկերացրեք՝ դուք կարծում եք, թե Տիգրանակերտը վերոնշյալ 18-րդ դարի ամրոցն էր, իսկ նրա շուրջը այսպես ասած “ավերակներ” էին։ Պատկերացրեք՝ ադրբեջանական քարոզչամեքենան այդ “ավերակները” վաղը հայտարարում է զուտ կովկասալբանական, իսկ ձեզ չի հուզում այդ հարցը, դե որովհետև “ավերակներ” էին, իսկ դուք մտահոգ եք ընդամենը 18-րդ դարում կառուցված և իդեալականացված մի ամրոցով։
Խնդրում եմ, եկեք պայքարենք այս թյուրըմբռնման դեմ․ երբ տեսնեք, որ Տիգրանակերտի անվան տակ հասկանում են վերոնշյալ ամրոցը, ասեք, բացատրեք իրողությունը։ Ինֆորմացիոն աղբյուր է http://www.tigranakert.am/ կայքը։ Նկարները՝ պարոն Hamlet Petrosyan-ի էջից։
Էլեն Հակոբյանի գրառումներից: