Նորակառույց բնակարանները վաճառում են մի գնով, ՊԵԿ-ին այլ գին են ներկայացնում. պաշտոնյա
Advertisement 1000 x 90

Նորակառույց բնակարանները վաճառում են մի գնով, ՊԵԿ-ին այլ գին են ներկայացնում. պաշտոնյա

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ Հայաստանում ստվերային գումարները շրջում են հիմնականում մանրածախ առևտրի և կառուցապատման ոլորտներում:

«Շենքերի կառուցապատմամբ զբաղվող հարկ վճարողները ամենևին էլ հակված չեն գործարքի ամբողջ արժեքը հարկային մարմիններին ներկայացնելու: Ավելի պարզ ասած՝ բնակարանն օտարում են մի գնով, հարկային մարմին են ներկայացնում մեկ այլ գին՝ ավելի ցածր»,- ասաց նա:

Պաշտոնյան նշեց, որ այս չարաշահումները բացառելու համար հարկային մարմինն ավելի արդյունավետ գործելաոճ է որդեգրել` ոչ թե սպասում է գործարքն ավարտվի ու իրեն արդեն խեղաթյուրված տվյալներ ներկայացվեն, այլ այդ կազմակերպությունների գործունեությունը հենց սկզբից վերցնում են օպերատիվ վերահսկողության տակ, տնտեսվարողին էլ նախապես զգուշացնում են նման գործելաոճից զերծ մնալու մասին:

Նշենք, որ 2020թ.-ին ՊԵԿ-ը շուրջ 8.5 մլրդ դրամի ստվերային շրջանառություն է բացահայտել, ինչը 2019թ-ի նույն ցուցանիշից ավել է 7 մլրդ դրամով:

Ինչ վերաբերում է մանրածախ առևտրին, Չարխիֆալակյանի խոսքով, նույն անձին պատկանող տարբեր խանութներ գրանցվում են որպես առանձին սուբյեկտներ՝ հարկերից խուսափելու համար:

«Մանրածախ առևտրի գործունեություն իրականացնող տնտեսվարողներն իրենց գործունեությունն իրականացնում են մի քանի մանրածախ առևտրի կետերում՝ խանութներում: Բայց որպեսզի այդ 3-4 խանութների հանրագումարը չգերազանցի շրջանառության հարկով հարկման շեմը, յուրաքանչյուր խանութի գործունեությունը կազմակերպում են իրենց ազգականի կամ վարձու աշխատողի անվամբ գրանցված կազմակերպության կամ ԱՁ-ի միջոցով»,- ասաց ՊԵԿ պաշտոնյան:

Նա նաև հայտնեց, որ այդ խանութների կապը կարողանում են բացահայտել բոլոր կապակցված առևտրի կետերում գործող ընդհանուր զեղչի քարտերով: Մեկ այլ դեպքում բոլոր խանութները կրում են նույն ապրանքային նշանը, օգտագործում են նույն տոպրակները, որոնց վրա նշված են նույն խանութների բոլոր հասցեները: 2020 թ-ին բացահայտվել է կապակցված գործունեության 38 դեպք՝ ընդհանուր առմամբ 258 փոխկապակցված հարկ վճարողների վերաբերյալ:

armeniasputnik.am