«Հայաստանի հարավում՝ Ադրբեջանի հետ սահմանին, մենք գերակա և բարենպաստ դիրքեր ունենք: Երբ 90-ականներին սահմանների ճշգրտման գործընթաց էր գնում, ընդ որում՝ դա կատարվում էր զենքի ուժով, որովհետև ողջ սահմանի երկայնքով ակտիվ պատերազմական գործողություններ էին ընթանում, հայկական կողմը ձգտում էր իր վերահսկողության տակ վերցնել այն դիրքերը, որոնք գերակա էին ողջ շրջապատի նկատմամբ: Ավելորդ է ասել, որ սա արվում էր Սյունիքի նկատմամբ անվտանգային շատ ու շատ հարցեր և իրավիճակներ վերահսկողության տակ պահելու համար, հարկ եղած դեպքում՝ նաև հաջողությամբ ճնշելու հակառակորդին, եթե նա, հանկարծ, որոշեր կրակ բացել: Հիմա՝ բառի բուն իմաստով, հիմա առանց զենքի, GPS-ի անվան տակ, ուղղակի, թշնամուն են նվիրվում Սյունիքը պահող բոլոր գերակա և բարենպաստ դիրքերը, և սա, անկասկած, արվում է դավաճան իշխանությունների գիտությամբ և նրանց հանցավոր համաձայնությամբ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է անվտանգային հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով Հայաստանի հարավային սահմանների դելիմիտացիայի թեմային։ Ընդ որում՝ մեր հարցումներին ի պատասխան կառավարությունից տրված պաշտոնական պատասխանների համաձայն՝ տեղի է ունենում ոչ թե սահմանազատում, այլ իրականում, բարենպաստ դիրքերի հանձնում ադրբեջանական կողմին:
Անվտանգային հարցերով մասնագետը վստահ է՝ իշխանության ներսում շատ լավ տեղյակ են, թե ի՞նչ է իրականում կատարվում GPS սահմանազատման անվան տակ և գիտեն նաև, թե ինչ աղետալի հետևանքներ դա կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության համար. «Այն, ինչ կատարվում է ծխացող պատերազմի ընթացքում, արվում է հույժ գաղտնի, ժողովրդի մեջքի հետևում: Իսկ եթե իշխանությունը, ինչ – ինչ հանգամանքներից ելնելով, ստիպված է լինում բարձրաձայնել այս կամ այն գործարքի մասին, ապա, որպես կանոն, հենվում է բացառապես ստի ու կեղծիքի վրա՝ խաբելով սեփական ժողովրդին: Դրա վառ ապացույցը մենք արդեն տեսել ենք՝ պատերազմի 45 օրերի ընթացքում: Վարչապետի աթոռին զմռսված անձն ինչ –որ փաստաթղթեր է ստորագրում, որոնց արդյունքում մենք մեզ համար ոչ միայն սարսափելի իրողություններ ենք բացահայտում, այլ նաև դրանց բովանդակությանը ծանոթանում ենք միայն ստորագրելուց հետո: Ի՞նչ կարելի է ասել այսքանից հետո…»,- նկատում է Արմեն Մանվելյանը:
GPS-ով իրականացված սահմանազատումները, իսկ իրականում՝ դիրքային զիջումները դեռ երկար են տևելու: Սա անվտանգային հարցերով մասնագետի համոզմունքն է, ընդ որում, թշնամին չի բավարարվելու միայն Սյունիքով: Պրոցեսն ընդարձակելու է իր աշխարհագրական ընդգրկվածությունը՝ հասնելով, ընդհուպ մինչև, հայ – ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզեր. «Քանի դեռ ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը զմռսված է իր աթոռին, մենք անընդմեջ սահմաններ ենք զիջելու: Ամենավտանգավոր և ամենացավալի իրավիճակում, այս իմաստով, կհայտնվի Տավուշի մարզը, որովհետև այնտեղ հայկական կողմի դիրքերն, արդեն իսկ, անբարենպաստ տեղակայում ունեն: Հենց դա է պատճառը, որ Տավուշի մարզը, տարիներ շարունակ և անընդհատ թշնամու թիրախում է եղել: Հետևաբար, երբ Տավուշում նույնպես, այսպես կոչված GPS- սահմանազատումներ սկսվեն, արդյունքում՝ մարզի բոլոր գյուղերը կհայտնվեն անմիջապես թշնամու կրակահերթի թիրախում, այլ կերպ ասած, տոտալ շրջափակման մեջ»:
Արդյո՞ք բարենպաստ դիրքերի հանձնումն իր մեջ նոր պատերազմի վտանգներ չի պարունակում կամ արդյո՞ք հենց այն նպատակով չեն թշնամուն հանձնվում հայկական կողմի բարենպաստ դիրքերը, որ հավանական պատերազմի պարագայում, թշնամին կարողանա անարգելք մխրճվել արդեն Հայաստանի Հանրապետության խորքային տարածքներ: Անվտանգային հարցերով մասնագետը հաստատում է՝ թշնամու հեռահար նպատակը, միանշանակ, հենց դա է. «Միայն միամիտ մարդը կարող է մտածել, թե նոյեմբերի հրադադարի կնքմամբ պատերազմն ավարտվել է: Պատերազմը չի ավարտվել, այն դեռ առջևում է և, եթե սրան գումարենք նաև տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական վերադասավորումները, ապա պետք է փաստենք, որ մեզ առաջիկայում նոր և գուցե ավելի լայնամասշտաբ ու աղետալի պատերազմ է սպասում: Հետևաբար, այսօրինակ իրավիճակում, ի՞նչ է իրենից ներկայացնում թշնամուն բարենպաստ դիրքեր հանձնող իշխանությունը, եթե ոչ՝ թուրք – ադրբեջանական տանդեմին ծառայող գործակալական ցանց»:
Անդրադառնալով նախօրեից Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղում տեղի ունեցող զարգացումներին, որտեղ, ըստ շրջանառվող լուրերի, տեղի են ունենում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող հերթական GPS սահմանազատումները, անվտանգային հարցերով մասնագետը նկատում է՝ հայկական կողմը Խնձորեսկի հարևանությամբ նույնպես բարենպաստ և գերակա դիրքեր ունի և, եթե հանկարծ այդ դիրքերը զիջվեն թշնամուն, ապա ոչ միայն ողջ Խնձորեսկն, այլև Գորիս քաղաքն՝ ամբողջապես կհայտնվեն թշնամու ուղիղ նշանառության թիրախում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում և սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել այն մասին, թե ադրբեջանցի զինծառայողները մտել են Ներքին Խնձորեսկ գյուղ և պահանջել են ազատել այն։ Գորիսի համայնքապետի տեղակալն այսօր «Փաստինֆո»-ին պաշտոնապես տեղեկացրել է, որ ադրբեջանցիները ոչ թե մտել են գյուղ, այլ մոտեցրել իրենց դիրքերը։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության շնորհիվ նրանք վերջին ամիսներին հայտնվել էին Ներքին Խնձորեսկից 600 մետր հեռավորության վրա, իսկ հիմա ավելի են մոտեցել։ Այսինքն՝ մետր առ մետր առաջ են գալիս ու հայտարարում, որ իրենց տարածքն է, իսկ ՀՀ սահմանապահները լուռ համաձայնում են՝ինչպես հրահանգել է «գերագույն» գլխավոր հրամանատարը՝ Փաշինյան Նիկոլը։