Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Կամո Աթայանը Aysor.am-ին է տրամադրել իր հոդվածը, որտեղ նա վերլուծում է Արցախյան պատերազմում մեր պարտության հիմնական պատճառները:
Այո, անցած տարվա սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական տանդեմի ու ահաբեկիչների գործուն մասնակցությամբ Արցախի դեմ սկսած պատերազմում հայկական կողմը 44-օրյա պայքարից հետո ստորագրեց ստորացուցիչ հայտնի հայտարարությունը, որը փաստորեն մեզ համար համարժեք էր կապիտուլյացիայի:
Ընդունելով աքսիոմատիկ ճշմարտությունն առ այն, որ Հայոց բանակը մեր լինելիության գրավականն ու անվտանգության հիմնական երաշխավորն է, կարծում եմ, միայն այս պատերազմում ունեցած թերությունների մատնանշմամբ ու դրանց աստիճանական վերացմամբ, պայթունավտանգ տարածաշրջանում կրկին կլինենք հզոր և հաղթող: Հայոց բանակը Հայ ժողովրդի պարծանքն է ու ժողովուրդը պարտավոր է միշտ լինել բանակի կողքին՝ դառնալով ազգ – բանակ:
Որո՞նք էին այս պատերազմում մեր պարտության հիմնական պատճառները, գումարելիները և բացթողումները: Ընդհանրապես, պարտության պատճառները ռազմաքաղաքական, ռազմավարական, մարտավարական, անարդյունավետ կառավարման, տնտեսական, նյութատեխնիկական, դիվանագիտական ու գիտատեխնիկական և տեխնոլոգիական բնույթի են:
Սեփական վերլուծություններով, ունեցած տեղեկատվությամբ, ականատեսների վկայությամբ, առանց դասակարգման և հակիրճ դրանցից են.
– Անկազմակերպվածությունն, անկառավարելիությունը և քաոսը, որը տիրում էր պետության մեջ և բանակում, այն էլ պատերազմի առաջին իսկ օրը հայտարարված ռազմական դրության պայմաններում.
– Հայկական բանակի գիտատեխնիկատեխնոլոգիական ապահովության ցածր մակարդակը: Ժամանակակից ԱԹՍ-երի ծայրաստիճան պակասը մեր բանակում: Ունեցած անօդաչուների անարդյունավետ օգտագործումը, կամ էլ ընդհանրապես դրանց չօգտագործումը: ՌԷՊ /ռադիոէլեկտրոնային պայքար/ և ֆիզիկական մեթոդներով, միջոցներով ու մոտեցումներով թշնամու ԱԹՍ-երի դեմ պայքարի ժամանակակից մեթոդների, միջոցների ու մոտեցումների պակասը և ունեցածի մետաղաջարդոն համարելը.
– Պատերազմական իրավիճակում գտնվող պետությանը հարիր գիտատեխնիկատեխնոլոգիական կարևոր միջոցներ, մասնավորապես, համապատասխան ուղղվածության արհեստական սեփական արբանյակ չունենալը.
– Հանրակրթության համակարգում բնագիտական, ճշգրիտ և տեխնիկատեխնոլոգիական կրթության ցածր մակարդակր, և ընդհանրապես կրթությունը, գիտությունը, տեխնոլոգիաները, որպես ազգային անվտանգության կարևոր բաղադրիչների դերի չգիտակցումը.
– Պատերազմի սկզբում պետության և բանակի օպերատիվ կառավարման նպատակով Պաշտպանության պետական կոմիտե /ՊՊԿ/ և նրան կից ռազմաքաղաքական խորհուրդ չստեղծելը: Ռազմական խորհուրդի կազմը կլիներ փոփոխական, ու ըստ անհրաժեշտության այդտեղ կայացրած որոշումները կարող էին քննարկվել և ընդունվել ՊՊԿ-ում: Նման և հաջողված մասնակի փորձ կար նախորդ պատերազմում.
– Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության չճանաչումը, և ընդհանրապես ՀՀ, ԱՀ փոխհարաբերությունների անդեմ, անորոշ ու հեղհեղուկ վիճակը.
– Բանակում չհիմնավորված պաշտոնանկությունները և անփորձ ու անձնական նվիրվածության հողի վրա հրամանատարների նշանակումները վերջին տարիներին ու պատերազմի նախօրյակին.
– Պաշտոնաթող, փորձառու ռազմական գործիչների ներուժի և հնարավորությունների ոչ լիարժեք ու ոչ նպատակային օգտագործումը պատերազմի ընթացքում.
Ամբողջությամբ՝ aysor.am