Լավ բժիշկը պետք է զբաղվի ոչ միայն հիվանդների բուժմամբ, այլեւ` գիտական գործունեությամբ. այդ դեպքում նա ժամանակին համընթաց կքայլի եւ կնպաստի բժշկության զարգացմանը: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, 33-ամյա բժիշկ Գեւորգ Թամամյանը, ով ամենաերիտասարդ գիտությունների դոկտորներից եւ պրոֆեսորներից մեկն է դարձել Հայաստանում եւ ամենաերիտասարդը` մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ոլորտում:
Մի քանի օր առաջ բժիշկ Թամամյանը պաշտպանեց իր թեզը, որը նվիրված է երեխաների ուռուցքաբանական եւ արյան հիվանդությունների ախտորոշման եւ բուժման առանձնահատկություններին Հայաստանում:
«Մենք հաճախ ասում ենք, որ Հայաստանում ուռուցքաբանական եւ արյունաբանական հիվանդություններով երեխաների մոտ ապրելունակության մակարդակը 70-75 տոկոսի է հասնում, երբեմն` նույնիսկ 80: Սակայն այս տվյալները նախկինում քարտավորված չէին: Իմ դիսերտացիան նվիրված է Հայաստանում այս հիվանդությունների հետ կապված իրավիճակի, դրանց տարածվածության, առանձնահատկությունների եւ ախտորոշման ու բուժման խնդիրների ուսումնասիրմանը: Այս ամենը մեզ հնարավորություն կտա հասկանալու, թե որտեղից ենք մենք եկել, որտեղ ենք գտնվում եւ ինչ ուղղությամբ ենք շարժվում»,- ասաց մասնագետը:
Ըստ նրա` բժշկի համար շատ կարեւոր է զբաղվել ոչ միայն հիվանդների բուժմամբ, այլ նաեւ գիտական գործունեությամբ, քանի որ այդպես նա կարող է ժամանակին համընթաց քայլել, տեղյակ լինել ընդհանուր բժշկության ոլորտի եւ, մասնավորապես, իր գործունեության ոլորտի վերջին նորություններից: Ավելին, նա կկարողանա նպաստել բժշկության եւ գիտության զարգացմանը ոչ միայն իր երկրում, այլեւ աշխարհում:
«Հիանալի բժիշկներ կան, որոնք միայն բժշկությամբ են զբաղվում, եւ այդ պատճառով աշխարհը չգիտի նրանց մասին, եւ չի իմանա, մինչեւ նրանք չսկսեն ցույց տալ իրենց աշխատանքը գիտական մեթոդներով: Եթե նրանք հետաքրքիր մոտեցումներ, հայտնագործություններ ունեն, ապա պետք է ցույց տան դրանք գիտական մեթոդներով, կիսվեն իրենց աշխատանքով, որպեսզի մյուս բժիշկները փոխառեն իրենց փորձը, եւ դա, գուցե, օգնի բազմաթիվ կյանքեր փրկել: Բացի այդ, գիտական աշխատանքը կարեւոր է, քանի որ այն մարդուն քննադատական մտածողություն է տալիս, ինչը շատ կարեւոր է, հատկապես` այնպիսի ոլորտում, ինչպիսին բժշկությունն է»,- ասաց բժիշկ Թամամյանը:
Ըստ նրա` Հայաստանում բավականին ակտիվ գիտական աշխատանքներ են տարվում մանկաբուժական ուռուցքաբանության եւ արյունաբանության ոլորտում: Միայն վերջին տարվա ընթացքում հայ մասնագետները 35 գիտական թեզ են ուղարկել միջազգային համագումարների, եւ բոլորն էլ ընդունվել են:
«Դրանց թվում կային բանավոր զեկույցներ, պաստառներով զեկույցներ եւ այլ աշխատանքներ: Հայաստանի նման փոքր երկրի եւ մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության նման փոքր ոլորտի համար դա, իմ կարծիքով, մեծ ձեռքբերում է»,- ասաց Թամամյանը: