Երևանում շահագործման հանձնվեց երթևեկությունը բեռնաթափող խոշոր ճանապարհային հանգույց
Advertisement 1000 x 90

Երևանում շահագործման հանձնվեց երթևեկությունը բեռնաթափող խոշոր ճանապարհային հանգույց

Երևանում շահագործման հանձնվեց երթևեկությունը բեռնաթափող խոշոր ճանապարհային հանգույց: Մայրաքաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի ճանապարհի կառուցման աշխատանքների նպատակն է քաղաքի հյուսիսային և հարավային մուտքերի միջև սահուն կապ հաստատելով, տրանսպորտային հոսքերից բեռնաթափել Երևան քաղաքի կենտրոնը: Ճանապարհի կառուցման աշխատանքներն իրականացվել են Ասիական զարգացման բանկի աջակցությամբ: Այդ աշխատանքները քաղաքային կայուն զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող «Երևանի շրջանցիկ ճանապարհի կառուցման համալիր ծրագրի» մաս են կազմում: Ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներին ծանոթացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ասիական զարգացման բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ասիական զարգացման բանկը ՀՀ կառավարության գործընկերն է շուրջ 11 տարի:

«Ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնումը Ասիական զարգացման բանկի համար միշտ եղել է առաջնահերթություն: Այսօր վերակառուցվել է մի ճանապարհ, որը օգնելու է Երևանի բնակիչներին ավելի լավացնել երթևեկությունը, խուսափել կուտակումներից: Այս ճանապարհը կառուցվել է 2,5 տարվա ընթացքում, ծրագրի արժեքը 15,6 մլն ԱՄՆ դոլար է: Սա միանալու է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքին: Ծրագրի շինարարական աշխատանքներն ավարտվել են ժամանակին: Եվ որակական առումով մեզ համար շատ ընդունելի են»,- «Արմենպրես»-ի հաղորդմա մբ` ասաց Շեյն Ռոզենթալը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքով, Երևանում տրանսպորտի բեռնաթափման խնդիր ունենք, դա արտահայտվում է հիմնականում կենտրոնական հատվածում:

«Սա Երևանի Հյուսիսը Հարավին կապող շրջանցիկ ճանապարհ է: Այսօր մենք Երևանի հարավային  մուտքն ենք ապահովում:  Ճանապարհն ունի շուրջ 5 կմ երկարություն, կառուցվել է միջազգային չափանիշներին համապատասխան, և հանձնվում է շահագործման: Երկու տարվա ընթացքում այս ճանապարհի կառուցման աշխատանքներում ընդգրկված է եղել շուրջ 400 քաղաքացի: Այսինքն` երկու տարի շարունակ նրանք ունեցել են աշխատանք»,-ասաց Տարոն Մարգարյանը` նշելով, որ այս ծրագրով չեն սահմանափակվելու, կենտրոնի բեռնաթափման աշխատանքները շարունակվելու են:

«Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի»  ղեկավար Նորա Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ծրագիրն իրականացվել է  2014-2016 թվականներին: Այս ընթացքում լայնածավալ շինարարական աշխատանքներ են կատարվել: Կառուցվել է Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի հանգույցը, վերակառուցվել, լայնացվել են ճանապարհները: Կառուցվել է շրջանաձև երթևեկությամբ  ճանապարհ:

«Տրանսպորտային  հոսքերի անընդհատ երթևեկությունն ապահովելու նպատակով կառուցվել է 270 մ երկարությամբ ուղեանց` Արտաշատի խճուղու երկաթուղային գծանցի վրայով: Հիմնականում ճանապարհը բաղկացած է 4 երթևեկելի գոտիներից, իսկ հարակից բնակելի տների համար կառուցվել են լրացուցիչ երթևեկելի գոտի և սպասարկման ճանապարհ»,-ասաց Նորա Մարտիրոսյանը:

Նա ընդգծեց, որ Արտաշատի խճուղու վրա կառուցվել է նաև վերգետնյա հետիոտնային անցում, որն, առաջին անգամ Երևան քաղաքում, ապահովված է հաշմանդամների համար նախատեսված վերելակներով: «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը կարևոր համարեց այս մոտեցումը:

«Շատ ուրախալի է, որ քաղաքապետարանը և անձամբ քաղաքապետը կարևորում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումը և ռեալ լուծումներ են տրվում այդ խնդիրներին: Եթե նախկինում կառուցվում էին թեքահարթակներ, որոնք պիտանի չէին, ուղղակի անհնար էր օգտագործելը, ապա հիմա մենք տեսնում ենք ռեալ լուծում: Իհարկե, սա մեկն է, բայց այն խոստումնալից սկիզբ է: Քաղաքապետը տեղեկացրեց, որ մինչև 2019 թվականը ևս երկու նման տարբերակ կլինի: Սա, իրոք, այն լուծումն է, որը կօգնի շատ մարդկանց ազատ տեղաշարժվել»,-նշեց Արմեն Ալավերդյանը:

Նորա Մարտիրոսյանը տեղեկացրեց նաև, որ շահագործման հանձնված այս ճանապարհը Երևանի շրջանցիկ ճանապարհի մի հատվածն է, հաջորդ փուլով` ծրագրի 2-րդ տրանշով ևս ճանապարհաշինարարական աշխատանքներ են նախատեսված: Արդեն սկսվել են Շիրակի փողոցից դեպի Արգավանդի հատված տանող ճանապարհի շինարարական աշխատանքները, որի շրջանակում նախատեսված են Հրազդան գետի վրա 252 մ երկարությամբ կամրջի կառուցում: Այն կկրի «Էրեբունի-Երևան-2800» անունը և կնվիրվի Երևանի 2800-ամյակին:

Արդեն կայացել է նաև Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների մրցույթը, և այժմ պայմանագրի կնքման փուլն է: Արդեն հաջորդ տարվա սկզբին կմեկնարկեն նաև այդ հատվածի շինարարական աշխատանքները: Պատրաստ են նաև Բաբաջանյան փողոց-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի մրցութային փաստաթղթերը և առաջիկայում կհայտարարվի միջազգային մրցույթը:  Նախատեսվում է 2019 թվականին ամբողջությամբ ավարտել մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհը` զգալիորեն բեռնաթափելով մայրաքաղաքի կենտրոնական փողոցները:



Նման նյութեր