Հարցազրույց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանի հետ:
– Գաղտնիք չէ, որ մեր մենթալիտետին հատուկ է կաշկանդվածությունը, երբ խոսքը վերաբերում է սեռական կյանքին: Դուք դա ինչպե՞ս կմեկնաբանեք:
– Եկեք չմոռանանք, որ մեր ծնողներն ապրել ու մեծացել են Խորհրդային Հայաստանում և ստացել համապատասխան դաստիարակություն: Հենց դա նրանց համար մեծ խոչընդոտ է հանդիսանում, որպեսզի բացեն որոշակի փակագծեր այսօրվա սերնդի առջև: Այսինքն` երեխաներն իրենց հետաքրքրող շատ հարցերի պատասխանները չեն կարողանում ստանալ ընտանիքում, ինչն էլ նրանց ստիպում է բավարարել հետաքրքրությունը հասակակիցների շրջանում կամ ինտերնետով: Պատճառը սեռական առողջության, սեռական կյանքի մասին ճշգրիտ և մասնագիտական ինֆորմացիայի պակասն է կամ բացակայությունը: Գաղտնիք չէ, որ դպրոցում սեռակրթության դասաժամեր չկան կամ անտեսված են: Իսկ տանը սովորաբար նման հարցեր չեն քննարկվում: Արդյունքում՝ մնում է համացանցը՝ իր դրական և բացասական կողմերով:
– Ինչպե՞ս եք բացատրում սեռական հիվանդությունների նման հոսքը մեր երկիր՝ հայ տղամարդու անվտանգ սեռական կյանքի մասին տեղեկացված չլինելո՞վ, թե՞ «չտեսությամբ»:
– Սեռական անգրագիտությամբ։ Սեռակրթությունը, կարելի է ասել, օրակարգային հարց է։ Այդ առումով պատանիների, երիտասարդների վիճակը բավականին մտահոգիչ է և տխուր:
– Որո՞նք են սեռավարակների ախտանշանները:
– Դրանց մասին վկայում են հետևյալ ախտանշանները` տհաճ զգացողություններ սեռական օրգանների շրջանում (քոր, ծակոց, մրմռոց, ոչ սովորական արտադրություն և հոտ), միզարձակման խանգարումներ, ջերմությամբ ուղեկցվող ցավեր՝ որովայնի շրջանում, ցավեր` սեռական հարաբերությունների ժամանակ, սեռական օրգանների վրա առաջացած խոցեր: Սեռավարակների զգալի մասը կարող է ընթանալ առանց ակնառու ախտանշանների: Սակայն այդ դեպքում էլ վարակված անձինք վարակի աղբյուր են զուգընկերների համար: Երբեմն սեռավարակների ախտանշանները կարող են անցնել առանց բուժման, սակայն հարուցիչն ամեն դեպքում մնում է օրգանիզմում: Բոլոր սեռավարակները գործնականորեն բուժելի են, եթե ախտորոշվել են ժամանակին, և բուժումն իրականացրել են համապատասխան մասնագետները:
– Արդյո՞ք հայ կնոջ սեռական կյանքում բարդույթավորված լինելը չէ պատճառը, որ հայ տղամարդը ձգտում է այլ ազգի կնոջ «գրկում լինել»:
– Ընդհանրապես ընտանեկան անկողնային ջերմության պակասը կարող է լրջորեն հեղափոխել տղամարդու սեռական վարքագիծը: Խրվելով աման-չամանի, տակաշորերի, երեխայի դասերի, լվացքի և արդուկի մեջ՝ կանայք երբեմն մոռանում են, որ չպետք է դադարեն ամուսնուն հաճոյանալ: Այլապես, նա անմիջապես շողոքորթության մի ուրիշ «փեշավոր» աղբյուր կգտնի:
– Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այն կանանց մոտ, ում «գլուխը միշտ ցավում է»:
– Կանայք, որոնք երկար ժամանակ սեռական կյանքով չեն ապրել, նաև օրգազմ ճաշակելու հնարավորությունից են զրկվել: Նման դեպքերում կարող են առաջանալ նևրոտիկ տարատեսակ խանգարումներ: Իսկ այն կանայք, ովքեր ունեն կայուն սեռական կյանք և պարբերաբար օրգազմ են ապրում, սովորաբար նման խնդիրներ չեն ունենում: Ընդհակառակը, նրանք գերազանց ինքնազգացողություն և հոյակապ տեսք ունեն: Այդպիսի կնոջ երջանկությունը ներսից է ճառագում: Օրգազմի բացակայությունը՝ անօրգազմիան, կանանց սեռական առողջության առանցքային խնդիրներից է: Հաճախ այն պայմանավորված է լինում հոգեբանական գործոններով: Անօրգազմիայի դեպքում սեռական խթանումն առաջացնում է գրգռվածություն, բայց օրգազմ լինում է հազվադեպ կամ բացակայում է ընդհանրապես: Երբեմն կանանց համար սեռական հարաբերությունը պարզապես հաճելի է, և նրանք ունենում են որոշակի հոգեկան հանգստություն՝ առանց օրգազմի:
– Ձեր վերջին հարցազրույցներից մեկում նշել էիք, թե ցավալի է, որ երբեմն սեռական հիգիենայի տարրական կանոններին (օրինակ` պահպանակի օգտագործմանը) մեր երիտասարդները չեն տիրապետում: Ինչպե՞ս եք տեսնում այդ հարցի լուծումը:
– Սեռական առողջության և սեռական կյանքի հարցերը պետք է քննարկվեն մասնագետների մասնակցությամբ, ընդ որում՝ թեմային տիրապետող և մասնագիտական ասելիք ունեցող: Սիրողական քննարկումները կարող են տհաճ և ճակատագրական հետևանքներ ունենալ: Սեռական առողջությունը դիլետանտություն չի հանդուրժում: Շնորհիվ մասնագիտական տեղեկատվության տարածման՝ վերջերս սեռական հարցերում հասարակական գնահատականի հետ կապված լուրջ առաջընթաց է նկատվում: Հիմա երեխաները, դեռահասները տիրապետում են ավելի շատ ինֆորմացիայի, իսկ ցանկության դեպքում էլ կարող են ստանալ ակտուալ և ճշգրիտ ինֆորմացիա համացանցից՝ սեքսապաթոլոգին էլեկտրոնային նամակ գրելով:
Այն, ինչ անհարմար է հարցնել ծնողներից, կարելի է հարցնել բժշկից, կարդալ գրքում կամ իմանալ հասակակիցներից, որոնք ենթադրաբար կարդացել են: Ծնողները պետք է գիտակցեն, որ սեռական դաստիարակության հիմնական պատասխանատվությունն իրենց վրա է: Ավելորդ ամաչկոտությունն ու «անհարմար» հարցերի մասին լռելը ստիպում է երեխային փնտրել իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները այլ` գուցե ոչ ճշգրիտ աղբյուրների մեջ: Իսկ առողջ ու լիարժեք երեխային չի կարող չհետաքրքրել մարդկային կյանքի ամենաէական կողմերից մեկը: Նշանակում է, որ ծնողները պետք է իմանան` երբ և ինչ կերպ տեղեկացնեն իրենց երեխային՝ հետագա անցանկալի հետևանքներից խուսափելու համար:
– Որքանո՞վ է հայ ծնողը պատրաստ խոսել իր երեխայի հետ սեքսի մասին: Ինչպե՞ս սկսել խոսել այդ մասին:
– Յուրաքանչյուր երեխա սեփական մարմինն ուսումնասիրելու ցանկություն ունենում է դեռ վաղ հասակից։ Եվ այդ ուսումնասիրությունն անում է մեծ հաճույքով ու լրջությամբ։ Եվ որքան էլ ծնողները շեղեն նրա ուշադրությունը, միևնույն է՝ երեխայի մոտ հարցեր են առաջանում։ Ընդ որում՝ շատ բնական ու տրամաբանական հարցեր (ինչո՞ւ են տարբերվում տղաներն ու աղջիկները, ինչի՞ համար են սեռական օրգանները, ինչպե՞ս են երեխաները ծնվում)։ Հաճախ, որպես կանոն, դաստիարակչի դերում լինում է փողոցը, որը, իհարկե, կարող է ամեն բան բացատրել, նկարագրել ու գունավորել, սակայն ոչ միշտ է դա անում նրբանկատորեն ու ճիշտ։
Սեքսուալությունը մի թեմա է, որն անընդհատ գտնվում է երեխայի ուշադրության կենտրոնում, և, եթե այդ մասին չեն խոսում, ապա առնվազն այդ մասին մտածում են։ Հերիք է երեխան մեկ հայացք նետի էկրանին, որպեսզի նկատելի դառնա, որ վերմակով ծածկված կինն ու տղամարդն ինչ-որ անհասկանալի շարժումներ են անում։ Երեխան լարում է իր երևակայությունը՝ հասկանալու համար՝ ի՞նչ է այնտեղ կատարվում։ Բնականաբար, նրա մոտ առաջանում են հարցեր։ Կամ, օրինակ, եթե ծնողն ասում է, որ երեխաներին գտնում են կաղամբի մեջ, կամ էլ հիշատակում է արագիլի մասին, երեխայի ու մեծահասակի հոգեբանական շփման եզրերը կարող են կտրվել՝ ստեղծելով անվստահության մթնոլորտ։ Հաջորդ անգամ երեխան այլևս լուրջ հարցերով չի դիմի ծնողին, կփորձի իր հարցի պատասխանը գտնել փողոցում կամ էլ ստանալ առավել «իրազեկված» ընկերներից, հասակակիցներից, ինչը հղի է մի շարք բացասական հետևանքներով: