«Այդ դեպքից հետո Բադասյանը որոշակի զգուշավորությամբ է մոտենում ԲԴԽ դիմելուն, քանի որ աչքի առաջ ունի «պառկած ընկերոջը»»
Advertisement 1000 x 90

«Այդ դեպքից հետո Բադասյանը որոշակի զգուշավորությամբ է մոտենում ԲԴԽ դիմելուն, քանի որ աչքի առաջ ունի «պառկած ընկերոջը»»

Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մինչ բոլորը զբաղված են արտահերթ ընտրություններին վերաբերող քննարկումներով, նշեմ, որ վաղն առավոտյան՝ ժամը 11:00-ին, տեղի է ունենալու Ազգային ժողովի արտահերթ նիստ, որը քաղաքական իշխանության կողմից դատարանները զավթելու հերթական ստոր փորձն է: Իմքայլականները ցանկանում են նախատեսել, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ դիմում կարող է ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը՝ իր մասնակցությամբ կոնկրետ գործով: Այսօրվա կարգավորմամբ հիշյալ հարցով Բարձրագույն դատական խորհրդին կարող են դիմել Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, արդարադատության նախարարը և որոշակի դեպքերում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Կարող է հարց առաջանալ, թե ինչու է քաղաքական իշխանությունը նման կարգավորում նախատեսում այն դեպքում, երբ իր ուզած ժամանակ իր արդարադատության նախարարը կարող է դատավորի պատասխանատվության հարցով դիմել Բարձրագույն դատական խորհուրդ: Իրականում Բադասյանն այս հարցում բավականին զգուշավոր է, քանի որ լավ է հիշում, օրինակ, այն դեպքը, երբ 2019 թվականին արդարադատության այդ ժամանակվա նախարար Արտակ Զեյնալյանը դիմել էր Բարձրագույն դատական խորհուրդ՝ բարձրացնելով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի ամբողջ կազմի կարգապահական պատասխանատվության հարց: Այդ խեղկատակությունն ավարտվեց նրանով, որ պալատը նախարարի փաստարկներից քարը քարի վրա չթողեց, իսկ խորհրդակցական սենյակ գնացած Բարձրագույն դատական խորհրդի մի քանի անդամներ մեկը մյուսի հետևից հրաժարական տվեցին՝ անհնարին դարձնելով տվյալ հարցով որևէ որոշման կայացումը: Հրաժարական տվեց նաև Արտակ Զեյնալյանը:

Այդ դեպքից հետո Բադասյանը որոշակի զգուշավորությամբ է մոտենում Բարձրագույն դատական խորհուրդ դիմելուն, քանի որ աչքի առաջ ունի «պառկած ընկերոջը»:

Այս ամենը, բնականաբար, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ դառնալ երազող Գագիկ Ջհանգիրյանին չի հետաքրքրում, և վերջինս, իմ ունեցած տեղեկությունների համաձայն, դժգոհել է, թե «Ռուստամը մեզ գործ չի տալիս»:

Եվ ահա, այս խնդիրը լուծելու նպատակով որոշել են, որ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարողանա իր մասնակցությամբ կոնկրետ գործով դիմել Բարձրագույն դատական խորհուրդ, վերջինս էլ քաղաքական իշխանության սրտի դատավոր չհանդիսացողներին ենթարկի կագապահական պատասխանատվության:

Անհրաժեշտ է ՑԱՆԿԱՑԱԾ ԳՆՈՎ կանխել այս նախաձեռնության կյանքի կոչումը և կանգնել պետական իշխանության միակ աշխատող ճյուղի՝ դատական իշխանության կողքին»:



Նման նյութեր