«Երբ Ժոան Լապորտան հեռացավ «Բարսելոնայից» 2010 թվականին, մեզանից շատերը կարծում էին, որ նա կարող է վերադառնալ՝ որպես նախագահ, միայն այն դեպքում, եթե «Բարսան» ճգնաժամի մեջ լինի, սարսափելի ճգնաժամի,- ասում է կատալոնացի ֆուտբոլի վետերան Ֆրեդերիկ Պորտան,- Եվ հիմա իրավիճակը հենց այդպես է: Այդ պատճառով նա վերադառնում է»:
Կատալոներենում կա մի արտահայտություն. ավելի լավ է քո սեփական խենթը, քան անծանոթ իմաստունը: Խորը ճգնաժամերի ժամանակ մարդիկ փնտրում են խարիզմատիկ և հմայիչ առաջնորդներին: Սոսիոսը քվեարկեց Լապորտայի օգտին՝ ոչ իր սպորտային ծրագրի, ոչ էլ իր թիմի համար, նրանք քվեարկեցին հենց նրա համար: Նրանք հավատում են հրաշքի: Առաջին անգամ նա մի փոքր հրաշք կատարեց… հիմա նրանք նորից հույս ունեն:
2010 թվականին Լապորտայի՝ «Բարսայի» նախագահի պաշտոնից հեռանալուց հետո, ակումբը հայտնվեց խորը ճգնաժամի մեջ, ինչի մասին վկայում է անցած ամառ «Բավարիայից» 8:2 հաշվով կրած պարտությունը։
Դրան հաջորդեց ակումբի ֆինանսական ճգնաժամի տեսքով մեկ այլ «նվեր»՝ անցյալ տարվա հոկտեմբերին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հրաժարականից հետո:
Տարիներ շարունակ ֆինանսական կառավարման արդյունքում ակումբը կուտակել է 1,17 միլիարդ եվրոյի չափ պարտք, ինչը ցանկացած նորմալ բիզնեսի համար կնշանակեր սնանկացում և լուծարում:
Ակումբի նախկին և ներկա մենեջերների (Բարտոմեու, Օսկար Գրաու և Ռամոն Ռամոս) նախորդ շաբաթ ձերբակալությունները՝ «Բարսայում» կատարված ֆինանսական հետաքննության շրջանակներում, ակումբում տիրող քաոսի հերթական հիշեցումն էր:
55,611 ընտրողներից ավելի քան 30,000-ը քվեարկել են Լապորտայի օգտին՝ տալով նրան ձայների 54%-ը՝ թույլ տալով նրան առաջ անցնել Վիկտոր Ֆոնտայից (30%) և Թոնի Ֆրեյքսայից (9%): Այս հաղթանակը Լապորտային դարձրեց «Բարսայի» առաջին նախկին նախագահը, ով 70 տարվա մեջ վերադառնում է իր պաշտոնին:
«Բարսայի» ավագ Լիոնել Մեսսին և կատալոնական ակումբի ֆուտբոլիստներ Սերխիո Բուսկետսը, Սերխիո Ռոբերտոն, Ժոդի Ալբան և Ռիկի Պուչը նրանց թվում էին, ովքեր անհրաժեշտ համարեցին գալ մարզադաշտ կիրակի օրը՝ անձամբ քվեարկելու համար: Այնտեղ կային նաև նախկին խաղացողներ և մարզիչներ, այդ թվում` Բոյան Կրկիչը, Լուիս Էնրիկեն, Կառլես Պույոլը, Էրիկ Աբիդալը և Խուան Կառլոս Ունսյուն, ինչպես նաև ակումբների նախկին նախագահներ Էնրիկ Ռեյնան, Խոսեպ Բարտոմեուն և Ժոան Գասպարը:
Իրավիճակի ծանրությունը գիտակցում էին բոլորը` սկսած շարքային աշխատակիցներից՝ մինչև «Բարսայի» մեծերն ու լեգենդները, ինչպես նաև նրանք, ովքեր ամբողջ տարվա ընթացքում ուշադիր հետևում էին «Կամպ Նոուի» իրադարձություններին:
Ի՞նչ է խոստանում Լապորտան
Ամենակարևորը՝ Մեսսիի մասին
Լապորտան, իր խոսքում նշել է, թե որքան հուզված էր Մեսսիին և նրա որդուն՝ Տիագոյին, «Կամպ Նոու»-ի ընտրատեղամասում տեսնելուց հետո, և հիշել է, թե ինչպես է ակումբի ավագն իր նորամուտը նշել երիտասարդական թիմում երկու տասնամյակ առաջ: Լապորտան նաև ասաց, որ ինքը լավ գիտի, թե որքան է Մեսսին սիրում «Բարսան», և այդ հուզական կապը կլինի Լեոյի և նրա հոր հետ բանակցությունների բանալին, հաշվի առնելով, որ ակումբը չի կարող իրեն թույլ տալ շարունակել վճարել նրան տարեկան 140 միլիոն եվրո (ներառյալ հարկերը)՝ պլյուս բոնուսներ…
Նախկին նախագահի հարաբերությունները Մեսսիի հետ հիմնական պատճառն էին, որ սոսիոսը նախընտրեցին Ժոան Լապորտային․ չնայած շատ ֆուտբոլային գործիչների հետ ունեցած վեճերին, Լապորտան միշտ շատ մոտ է մնացել ակումբի շատ կարևոր ֆուտբոլիստներին։
Լապորտայի հարաբերությունները խաղացողների հետ պարզապես կատարյալ էին: Ավելի լավ չէր էլ կարող լինել։ Նա միշտ պահում է իր խոսքը և երբեք ոչ ոքի չի խաբում: Երբ անցյալ ամառ Մեսսին ուղարկեց իր հայտնի բուրոֆաքսը, Լեոն ասաց, որ իրեն հոգնեցրել են Բարտոմեուի ստերն ու չիրականացած խոստումները: Շատերը համոզված են, որ, չնայած ակումբի շատ ծանր վիճակին, եթե ինչ-որ մեկը կարողանա համոզել Մեսսիին մնալ, դա կլինի միայն Լապորտան:
«Համոզված եմ, որ Մեսսին կմնա թիմում: Մենք նրան առաջարկ կանենք, որը նա չի կարող մերժել: Լեոյի ներկայությունը թիմում կազմում է Բարսելոնայի եկամտի ավելի քան 30%-ը:
Լեոն գիտի ու սիրում է ինձ: Ես կանեմ բացարձակապես ինչ ուզում է: Համոզված եմ, որ Մեսսին պետք է կարիերան ավարտի «Բարսելոնայում»:
Լիոնելն իսկապես սիրո կարիք ունի: Փողը կոչումներ չի երաշխավորում, մենք դա շատ լավ հասկանում ենք: Իսկ Մեսսին պարզապես տիտղոսների կարիք ունի:
Ես զգում եմ, որ Լեոն ցանկանում է մնալ «Բարսելոնայում»: Ես կվերադարձնեմ նրա երջանկությունը: Դա նույնիսկ փողի հարց չէ, մենք պարզապես պետք է նորից մրցակցային թիմ ստեղծենք:
Ակումբն անընդհատ ստում էր Մեսսիին: Ես չափազանց անկեղծ կլինեմ նրա հետ և կհամաձայնեմ նրա պայմաններին:
Դու չես կարող ժլատ լինել մոլորակի լավագույն խաղացողի նկատմամբ»,- ասում է Լապորտան։
Նոր խաղացողների մասին
«Հոլանդն ու Մբապե՞ն: Կարող եմ ասել, որ, եթե ես նախագահ լինեմ, «Բարսելոնան» կկարողանա պայմանագիր կնքել աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ: Մենք վճռական ենք կատարելագործվելու հարցում: Եթե մենք ուզում ենք, որ Մեսսին մնա, ապա նա պետք է մրցակցային առաջարկ կատարի թիմի հեռանկարների վերաբերյալ:
Ես չեմ ցանկանում քննարկել մեր հետագա ձեռքբերումները, քանի որ դա անհարգալից վերաբերմունք է ներկայիս խաղացողների նկատմամբ: Մբապեն և Հոլանդը հիանալի ֆուտբոլիստներ են, բայց մինչ նրանց հետ պայմանագիր կնքելը կցանկանայի տեսնել, թե ովքեր են մնալու թիմում»,- ասել է Լոպարտան ընտրություններից առաջ։
Երջանիկ ապագայի մասին
«Իմ հիմնական խնդիրը «Բարսելոնային» երջանկությունը վերադարձնելն է, ընդամենը մեկ տարի հետո մենք կկարողանանք փոխել իրավիճակը և վերադառնալ եկամտի այն մակարդակին, որը համաճարակից առաջ էր: Ես ուզում եմ օգնել խաղացողներին ևս 2-3 տարի բարձր մակարդակի վրա ելույթ ունենալ: Այս սերնդի խաղացողներն արժանի են լավագույնին։
Մենք նախատեսում ենք երեք տարվա ընթացքում «Բարսելոնայի» եկամուտներն ավելացնել 250 միլիոն եվրոյով: Առնվազն 35 կատեգորիաներ կան, որոնցում «Բարսելոնան» հովանավորներ չունի:
Պետությունից և երկրպագուներից կարող եք պարտատոմսեր վերցնել: Այս գումարը թույլ չի տա կողմնակի անձանց միջամտել ակումբի գործերին: Պարտքերը կմարվեն մինչև 2023 թվականը:
Մենք մտահոգված ենք մեր պարտքով, բայց ունենք մի քանի բիզնես լուծումներ: Դրանցից մեկը եվրոպական Սուպեր լիգայի ստեղծումն է, որն ակումբին մեծ եկամուտ կբերի»:
Մարզչի մասին
Ռոնալդ Կումանի՝ որպես մարզչի ապագան նույնպես կասկածի տակ է, և անցյալ շաբաթ հոլանդացին ասաց, որ անհամբեր սպասում է նոր նախագահի հետ հանդիպմանը։
Այնուամենայնիվ, Լապորտան հստակ ասաց. «Նա «Բարսելոնայի» լեգենդ է և վստահելի: Իհարկե, վստահության սահմանը կախված կլինի թիմի արդյունքներից ու խաղից, սա ֆուտբոլի օրենքն է»:
Հետագա համագործակցության բանալին կարող է լինել Ժորդի Կրոյֆի հնարավոր նշանակումը տեխնիկական տնօրենի պաշտոնում, քանի որ Ժորդին ամուր հարաբերություններ ունի Կումանի և Լապորտայի հետ:
Ինչ վերաբերում է Չավիի նշանակմանը, ապա ամեն ինչ կախված է նրանից, թե Չավին կարո՞ղ է, կամ նույնիսկ ցանկանո՞ւմ է խզել իր կապերը քաթարյան ակումբի հետ մինչև աշխարհի 22-րդ առաջնությունը, հսկայական հարց է, որին հավանաբար շուտով կպատասխանեն: «Բարսայի» երկրպագուների ճնշող մեծամասնությունը հավատում է, որ Չավին ի վերջո կդառնա ակումբի հաջորդ մարզիչը:
«Մենք հերքում ենք այն լուրերը, որ մենք ցանկանում ենք հրավիրել Արտետային: Մենք հավատում ենք, որ Կումանն արժանի է գովասանքի, քանի որ նա սատարում է իր սաներին։
«Բարսելոնայի» նկատմամբ հարգանքը պետք է վերականգնվի: Հաղթելու համար մեզ պետք է մարզիչ, որը լավ կաշխատի թիմի հետ: Մենք ուշադրություն չենք դարձնի, թե քանի տարի է մարդ անցկացրել «Բարսելոնայում», երբ մենք ընտրենք մարզիչ»:
Լապորտայի անհատականությունն ու պատմությունը ցույց են տալիս, որ ինչ էլ որ նա անի, միշտ կգտնվեն քննադատողներ և թշնամիներ, որոնք պատրաստ են խիստ քննադատել ցանկացած սխալի համար:
Մինչ Լապորտան վերադառնում է պաշտոնին, ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ:
Սիրարփի Աղաբաբյան